23 Սեպտեմբեր 2013, 11:04
7645 |

Հարիսա՝ լեռան Մուսա

Մուսա լեռան վրա ինքնապաշտպանության ժամանակ ցորենից ու գառան մսից բացի ուրիշ ոչինչ չկար ուտելու: Ցորենն ու ի փրկություն մատաղ արված գառան միսը ջրով խառնում են իրար, հարում, այստեղից էլ ուտեստը ստացավ իր անունը՝ «հարի՛ր սա» կամ «հարիսա», ու թող կորչի այն թուրքական ազգային ճաշատեսակ ճանաչած ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

Մուսալեռ գյուղը հիմնելուց հետո ամեն տարի՝ սեպտեմբերի երրորդ կիրակին յուրաքանչյուր ընտանիք հարիսա էր եփում՝ այդպիսով նշելով հաղթական ինքնապաշտպանությունը: 1976-ին Մուսալեռի բարձր բլուրներից մեկի վրա կառուցվեց հերոսամարտին նվիրված հուշարձանը, և հարիսա եփելու արարողությունը դարձավ զանգվածային՝ ուղեկցվող երգ ու պարով: Իսկ ինչո՞ւ հարիսա: Որովհետև Մուսա լեռան վրա ինքնապաշտպանության ժամանակ ցորենից ու գառան մսից բացի ուրիշ ոչինչ չկար ուտելու: Ցորենն ու ի փրկություն մատաղ արված գառան միսը ջրով խառնում են իրար, հարում, այստեղից էլ ուտեստը ստացավ իր անունը՝ «հարի՛ր սա» կամ «հարիսա», ու թող կորչի այն թուրքական ազգային ճաշատեսակ ճանաչած ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

Այս տարի հարիսայի տոնակատարությունը համընկավ Հայաստանի Անկախության օրվա հետ. հարիսան եփելու էին սեպտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը: Երեկոյան հուշակոթողի ու մուսալեռցիների թանգարանի հարակից տարածքը լի էր մարդկանցով՝ ահել ու ջահել, զվարթ ու հպարտ. նրանց բոլորին միավորում էր ծագումն ու ընդհանուր անցյալը: Զուռնա-դհոլի ոգեղեն երաժշտության ներքո ամենից աշխույժները կոխ էին բռնում, թևանցուկ շրջաններ կազմում ու գետնին դոփելով հաստատում մուսալեռցու տոկուն ու անկոտրում ոգին: Այդ միջոցին թանգարանի բակում կրակի բոցերի մեջ կամաց-կամաց սկսում էր եռալ մատաղ գառան միսը` հավասար բաշխված 98 կաթսաների մեջ՝ Մեծ Եղեռնի տարելիցի թվով: Ամեն տարի կաթսաներին ավելանում է ևս մեկը:

Հարիսան եփելու իրավունք ունեն միայն 14 մուսալեռցի ընտանիքներ, այդ իրավունքը ժառանագաբար անցնում է հորից որդուն: Մինչև արտոնված մուսալեռցիները հետևում էին կաթսաներին, մյուս մասը մայրամուտի գալուն պես սկսում է վառել տոնական խարույկը: Թեժանում են ազգային պարերը: Մեծ շրջանի մեջ փոքր շրջաններ են գոյանում, թև-թևի տված պար են բռնում ընտանիքներ, ընկերներ, ծանոթներ ու անծանոթներ: Դհոլի զարկերն այնպես են թրթռացնում հոգիդ, խլրտում ամբողջ մարմնում, որ թվում է՝ հենց դադարեն նվագել, տեղում շունչդ կփչես: Բայց դադարին դեռ շատ կար. «տմբլտաշն» ու խարույկը կամաց-կամաց մարեց, փոխարենը երիտասարդների վրանների միջև վառված խարույկի մոտ բորբոքվեց  երգերի երեկոն: Կրակի շուրջ 2-3 օղակ կազմած պատանիներն ու երիտասարդները կիթառի հնչյուններից չբաժանվեցին մինչև լույս:

Առավոտյան, մինչև տաք-տաք հարիսան 98 կաթսաներից կդատարկեին ամանների մեջ, հուշակոթողի մոտ վերսկսվեցին ազգային պարերը, հավաքվեց հարիսայի ախորժակ պահած ամբոխը՝ մուսալեռցիներ, հարակից գյուղերի բնակիչներ ու պարզապես հարիսայի սիրահարներ: Շրջակա տարածքում ասեղ գցելու տեղ չկար, երբ մարդկանց շարքերը ճեղքելով կաթսաներին մոտեցավ քահանան ու օրհնեց մատաղը: Միայն դրանից հետո հարիսան սկսեցին բաժանել: Ափսեները ձեռքին մարդիկ հարմար տեղավորվեցին մոտակայքում, սկսվեց  իսկական կերուխումը: Մեկ ժամ անց հարիսան վերջացել էր, կուշտ ու գոհ ժողովուրդը` բռնել տան ճամփան, իսկ պատմական կերակուրը պատրաստած մուսալեռցիներն կարգի էին բերում կաթսաները՝ ի պահ դնելով մինչև հաջորդ տարի:

Պատմության էջերից

98 տարի առաջ, երբ երիտթուրքերը սկսեցին հայերի զանգվածային տարհանումը, Մուսա լեռան շուրջ հաստատված 7 գյուղերի հայությունը հրաժարվեց ենթարկվել: Նրանք գերադասեցին բարձրանալ Մուսա լեռը, ինքնապաշտպանվել ու պայքարել սեփական հողում մնալու համար: 53 օր տևած ինքնապաշտպանության ընթացքում՝ հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը, շուրջ 5 300 մուսալեռցիներն ընդամենը 18 զոհ տվեցին մարտերում, թեև զոհվեցին նաև բնական դժվարին պայմաններին չդիմացողները: 53-րդ օրը ֆրանսիական և անգլիական նավերը նկատեցին ինքնապաշտպանվողների գրությունը՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են», օգնության եկան և տեղափոխեցին կենդանի մնացած 4 231 մուսալեռցիներին Եգիպտոս: Առաջին աշխարհամարտից հետո նրանք հնարավորություն ստացան վերադառնալու հարազատ գյուղերը, սակայն 1939-ին այդ տարածքը մտավ Թուրքիայի կազմի մեջ, և այդժամ արդեն նրանք ստիպված եղան վերջնականապես լքել հայրենի հողը: Մուսալեռցիների մի մասը ապաստան գտավ Լիբանանում, իսկ մյուս մասը Հայաստանում հիմնեց Մուսալեռ գյուղը:

Այս թեմայով