21 Սեպտեմբեր 2013, 18:20
1778 |

Թե հի՛ն, թե նո՛ր՝ միշտ աննման

Հին Երևանի լուսանկարներում փողոցներում դեռ տրամվայներ են շրջում, Կարապի լիճը սրճարանային շրջափակման մեջ չէ, Փակ շուկան շինհրապարակ չէ, «Սևան» հյուրանոցը նորակառույց է, «Արարատ» տրեստի բակում աշխույժ եռուզեռ է, Օպերայի շենքն էլ նոր է կառուցվում։

Պատմության անգամ ոչ հեռավոր խորքերի`ընդամենը 19-րդ դարի Երևանը միայն մոտավոր նմանություն ունի 21-րդ դարի Երևանի հետ։ Գեթսեմանի մատուռ (որի տեղում կառուցվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը), Ղանթարի շուկա (հետո դարձել է Կիրովի անվան մանկական զբոսայգի), Կրեպոստնայա (այժմյան Վազգեն Սարգսյան փողոց), սբ Հռիփսիմեի անվան օրիորդաց գիմնազիա, Օվշարի քարվանսարա, Կաուչուկի գործարան. հատկապես նոր սերնդի համար այս անուններն օտարոտի են հնչում։ Բայց այդ վայրերը թամանյանական Երևանի նշանավոր կառույցները, համն ու հոտն են եղել` ամփոփելով մայրաքաղաքային կոլորիտն ու նկարագիրը։

Մետրոյի Երիտասարդական, Հանրապետության հրապարակ, Բարեկամություն, Գարեգին Նժդեհ և Զորավար Անդրանիկ կայարաններում ուղևորները կարող են գնացքին սպասել` հին Երևանի լուսանկարչական պատկերներն ուսումնասիրելով։ Ցուցահանդեսը նվիրված է անկախության 22-րդ տարեդարձին։ Նախաձեռնել են Մշակույթի նախարարությունը, քաղաքապետարանն ու Երևանի պատմության թանգարանը, որի արխիվներից էլ մետրոյի կայարաններում մեկ ամսով հանգրվանել են լուսանկարները։ Յուրաքանչյուր կայարանում ներկայացված են Երևանի տվյալ  տարածքը բնորոշող տեսարանները։ Տպավորություներն ամբողջական են դարձնում կայարաններում հնչող Երևանին ձոնված երգերը։

 Հին Երևանի լուսանկարներում փողոցներում դեռ տրամվայներ են շրջում, Կարապի լիճը սրճարանային շրջափակման մեջ չէ, Փակ շուկան շինհրապարակ չէ, «Սևան» հյուրանոցը նորակառույց է, «Արարատ» տրեստի բակում աշխույժ եռուզեռ է, Օպերայի շենքն էլ նոր է կառուցվում։

Մինչև հոկտեմբերի 21-ը հին Երևանը`սև-սպիտակ լուսանկարներից, նորը` լուսանկարներից դուրս, կամրջվելու են մետրոյի 5 կայարաններում։

Այս թեմայով