28 Փետրվար 2013, 12:25
1481 |

BuFFo-ի մայրը

Նորայի ձեռքի տակ կաշվի ու կտորի մնացորդները, կոճակները, կորած ականջօղի զույգը ու էլի մանր-մունր իրեր կարճ ժամանակում խաղալիք են դառնում: Բայց չկարծեք, թե Նորան աճպարար է:

Նորա, BuFFo-ն ո՞վ է, ինչպիսի՞ն է:

-BuFFo իտալերենից թարգմանաբար նշանակում է զվարճալի, ծիծաղելի: Իսկ թե ո՞վ է, չեմ կարող ասել, ինձ համար նրանք անսեռ են: Երկար ժամանակ մտածում էի` ինչ անուն տամ իմ խաղալիքներին, իտալերենի սիրահար հարազատներիցս մեկը BuFFo առաջարկեց: Երբ իմացա թարգմանությունը, առանց մտածելու «սեփականացրեցի» բառը, որովհետև իրականում իմ պատրաստած խաղալիքները շա~տ BuFFo են:

Ե՞րբ սկսեցիր BuFFo-անալ:

- Իմ հոբբին հազիվ 2 տարեկան լինի: Սկզբում պատրաստում էի ընկերներիս նվիրելու համար, հետո սկսեցի նաև գումար աշխատել: Հիմա արդեն ավելի շատ գումար եմ աշխատում, քան նվիրում եմ: Իմ BuFFo-ներըկարելի է գտնել Երևանի տարբեր փաբերում ու Ֆեյսբուքում:

Ինչե՞ր ես պատրաստում:

- ՀԻմնականում՝ կատուներ: Զարմանալի է, բայց իրականում զզվում եմ կատվից: Վերջերս բուեր էլ եմ պատրաստում: Այս տարի օձի տարի է, բայց դեռ չեմ անցել օձերին: Կատուները հերթ չեն տալիս:

Ի՞նչ նյութերից են շունչ առնում խաղալիքներդ:

- Որպես կանոն`ամեն ինչից` կտորից, կաշվից, թելից, կոճակից, ուլունքներից, թղթից, սինտիպոնից… Բոլորը գիտեն, որ իմ համար «թափելու բան» չկա: Կարող եմ ասել, որ խաղալիքներս զվարճալի լինելուց բացի նաև էկո են: Ամենադժվարը խաղալիքների աչքերն ընտրելն է: Բարդ է սովորական կոճակով կամ ուլունքով ստանալ ուրախ, տխուր, չար, հոգնած հայացք, որն իր հերթին պետք է նաև անպայման զվարճալի լինի: Հազար անգամ փորձում եմ, գցում-բռնում, մինչև… հոպ… գտա:

Ովքե՞ր են քո գնորդները:

-Չգիտեմ` ովքեր են, բայց հաստատ գլամուրներնիները ու քյարթուները չեն: Կարծում եմ` թունդ հայրենասերներն էլ չեն լինի, որովհետև իմ խաղալիքները ընդհանրապես հայկական ոչինչ չունեն` ո'չ եռագույն հագուստ, ո'չ Մասիսին նայող հայացք… Այսինքն, վերնիսաժի հաճախորդը չէ իմ գնորդը: իմ BuFFo-ներին տուն են տանում իմ պես գժերը, տրամադրությունը գնահատողները: Մի անգամ գնորդներից մեկը վաճառողին հարցրել էր` էս աղջիկն ի՞նչ ա ծխում, որ սենց բաներ ա սարքում…

Օրինակ՝ կանաչ կատուն: Հենց կտորը տեսա, հասկացա, որ կատուն կարող է նաև «կանաչել»:

BuFFo-ները ապրուստի միջո՞ց են:

- Այո, միանշանակ, ի դեպ, մի հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել. դեռ չի եղել, որ BuFFo-յի դիմաց վաստակած գումարը վատ նպատակով ծախսեմ: Ավելին, երբ ձեռքս հասնում է վերջին 1000-անոցին, մեկ էլ զանգում են` BuFFo-ներդ վաճառվել են կամ Ֆեյսբուքով գրում են` որտեղի՞ց գնեմ այս խաղալիքը, ու գումարն ինքն է գալիս «ինձ մոտ»:

Փաստորեն կատուն նավս չի, եթե նույնիսկ այն սև է ու անցնում է քո դիմացով:

-Իհարկե՝ ոչ: Դեմքի ինչ արտահայտությամբ էլ պատրաստեմ խաղալիքը` տխուր, չար, ալարկոտ, հանցագործ, թիթիզ… միևնույն է, հիմքում դնում եմ ծիծաղելի լինելու գաղափարը: Օրվա ընթացքում մեզնից յուրաքանչյուրը տասնյակ վատ լուրեր է լսում հեռուստատեսությամբ, ինտերնետով, սոցցանցերով, ռադիոյով, թերթերից: Սպանեցին, վթարվեցին, բռնաբարեցին, կաշառեցին, կեղծեցին…. Գեղեցիկը, բարին, զվարճալին գրեթե բացակայում են մեր կյանքում: Իմ խաղալիքները զվարճացնելու առաքելությունն են ստանձնել: Այդ առումով էկո լինելուց բացի, նաև «հարց լուծող» խաղալիքներ են: Նվերի կարգավիճակով ուր ասես հասել են` Ամերիկա, Փարիզ, Մոսկվա, Իտալիա, Գերմանիա: Իմ խաղալիքները որտեղ հայտնվում են, մեկ օրում «քաղաքացիություն են ստանում», բայց ինձ դեռ ոչ մի անգամ «վիզա չեն ուղարկել»:

Ինչո՞ւ:

-Երևանում դեռևս զվարճության պակաս կա, ու քանի կա՝ կծնվեն նոր BuFFo-ներ:

Այս թեմայով