14 Սեպտեմբեր 2013, 12:23
2239 |

Փաբաստանի նոր՝ ջազ լսող զավակը

Նորածին «Կանտալուպ» փաբն ի սկզբանե հայտարարեց, որ դեմ է ակումբային խրախճանքներին ու կերուխումի տեղ էլ չի դառնալու. փաբ ու միայն փաբ:

Ուրբաթ 13-ը չխանգարեց, որպեսզի Պուշկին-Փարպեցի խաչմերուկում ծնվի «Կանտալուպ» անունով մի նոր փաբ: Անցորդների աչքից այս վայրը չէր կարող վրիպել, որովհետև մի քանի օր շարունակ մուտքի մոտ ծածանվում էր փաբի բացումն ազդարարող աչք ծակող պաստառը: Ի տարբերություն այլ բացումների՝ փաբերի բացման ժամանակ կարմիր ժապավեն չեն կտրում, կարմիր գորգ էլ չկա, չեք հանդիպի պսպղուն սթենդների մոտ լուսանկարվող փքված շուրթերով աղջիկների. փաբում ամեն ինչ շատ ավելի պարզ է ու մարդկային, ու բոլորն ավելի երջանիկ են:

Կանտալուպը, ինչպես փաբերի մեծամասնությունը, ընդհատակում է: Փայտյա ցուցանակը, որի վրա, ի դեպ, նաև հայատառ գրված է փաբի անվանումը թեթևակի հպվելուց շարժվում է՝ քամու առկայության դեպքում ստեղծելով միստիկ տրամադրություն: Իջնելով ցած՝ հայտնվում եք առաջին հայացքից ոչ այդքան ընդարձակ մի տարածքում, որի ինտերյերն ամբողջությամբ փայտից է: Եթե չլինեին սեղաններն ու աթոռները և դրանց շուրջ բազմած երիտասարդությունը, կարելի էր մտածել, որ գտնվում ենք ինչ-որ հին մառանում, ու դարակները փորփրելու դեպքում կարելի է տասնյակ տարիներով հնեցված գինու շշեր հայտնաբերել:

Իրականում գինու շշեր չկային, փոխարենը փայտաշեն բարում հեռվից հեռու այցելուներին աչքով էին անում տարբեր գույների և չափերի ալկոհոլային խմիչքները՝ սպասելով իրենց աստղային ժամին: Բարը տնօրինում էր մեզ արդեն հայտնի բարմեններից մեկը՝ Դիման, ում առաջին անգամ հանդիպեցինք Urban փաբում: Նա այնքան զբաղված էր իր առաքելությունը գերազանց կատարելու մղումով, որ հազիվ կարողացանք կորզել ընդամենը մեկ հարցի պատասխանը՝ ի՞նչ գործ ունի նա Կանտալուպ փաբում. «Ես պիտի բոլոր տեղերում աշխատեմ, դա իմ կյանքի նպատակն է»: Այս պատասխանից ապշահար՝ փորձեցինք գտնել մեկին, ով կպատմեր ոչ թե իր, այլ փաբի մասին: Աշոտը փաբի հիմնադրի՝ Վահեի ընկերն է ու գիտի փաբի ամեն մի ծակուծուկը: Նախ պարզեցինք, որ փաբի անունը ջազմեն Հերբի Հենքոքի համանուն երգից է, ու հաշվի առնելով, որ այստեղ հիմնականում հնչելու է ջազ, ֆանք և սոֆթ ռոք, անունը առավել քան տեղին է: «Կանտալուպ նաև նշանակում է դդում, սակայն դրա հետ այդքան էլ կապ չունենք», -համենայն դեպս զգուշացրեց Աշոտը:

Փաբի ինտերյերը միանշանակ արժեր ուսումնասիրել, հատկապես ձեռագործ հատվածը: Առաստաղն ու սեղան-աթոռները պատրաստված են արկղերից, որոնցով ԱՄՆ-ից ապրանք են տեղափոխում Հայաստան: Ջահի փոխարեն կաթսա է կախված, իսկ մոխրամանը պատրաստված է խողովակից: Աշոտը նշեց, որ փաբում կարելի է հանդիպել այլ ինքնաշեն, հենդմեյդ առարկաների, ի վերջո՝ ինչո՞ւ վճարել, եթե կարելի է պատրաստել: Ի դեպ, այս փաբը առանձնանում է նաև յուրահատուկ կոկտեյլներով, որոնց շարքը շուտով կհամալրվի ևս մեկով. «Էմուլսիա» կոտեյլը կլինի հենց էմուլսիայի տարաներով, շատ նրբահամ կոկտեյլ է, ի դեպ»,- խոստացավ Աշոտը: Միանշանակ առանձնանում է նաև այս փաբի մենյուն: Այն կարծես խաչբառի էջ լինի, ուտելիքների բաժնում չեք հանդիպի երկարուձիգ տեքստերի, կարճ ու կոնկրետ գրված է՝ «Ուտելու բան»:

Նորաբաց փաբը հիանալի գիտի, որ երևանյան փաբային մթնոլորտը թեժ է, մրցակցությունը՝ ջունգլիներին վայել. «Մենք չենք թերագնահատում հարևան փաբերին, սակայն հիմա բազմաթիվ փաբեր կան, որտեղ մուտք է գործել ակումբային մշակույթը, ինչն այդքան էլ ցանկալի չէ: Մենք փորձելու ենք պահպանել փաբի նշաձողը», - ասում է Աշոտը:

Կանտալուպի հավակնությունները բարձր են, փաբային մշակույթը հավուր պատշաճի պահպանելուց զատ այստեղ կազմակերպվելու են նաև կինոդիտումներ, զանազան քննարկումներ: Ու ընդհանրապես, այն ամենը, ինչ անում էին փաբի ներկայացուցիչները օտար տարածքում, այժմ անելու են սեփական հողի վրա:

Այս թեմայով