13 Սեպտեմբեր 2013, 15:20
2172 |

Ոչ թե Java, այլ հայերեն

Ծրագրավորողների օրը՝ սեպտեմբերի 12-ին, երևանյան փաբերից մեկում էին հավաքվել ՏՏ ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ: Ոչ ֆորմալ հանդիպման նպատակը միմյանց հետ օֆֆլայն շփվելն էր, մի բաժակ գարեջուր ըմպելն ու թույն երաժշտություն լսելը:

Երբ հայկական ՏՏ ոլորտը նոր էր զարգանում, ամեն ամիս կազմակերպվում էին այսպես կոչված «IT հանդիպումներ», որոնց ժամանակ քննարկվում էին տարբեր մասնագիտական հարցեր: Մարդիկ նոր էին յուրացնում ՏՏ գործիքները, նոր էին ի հայտ գալիս առաջին բլոգերները: Այժմ ամեն ինչ փոխվել է, «ինժեներական գլամուրը» սկսել է համատարած բնույթ կրել և թացը չորից տարբերելը դարձել է շատ ավելի դժվար:

Իրավիճակը փորձում են վերահսկել ինտերնետ-վետերանները: Այդպիսիներից է X-TECH ընկերության տնօրեն Արման Աթոյանը՝ IT հանդիպումների գլխավոր նախաձեռնողը: Արմանին բռնեցրինք KINECT խաղալիս, շեղեցինք ու հարցրեցինք՝ ի՞նչ վիճակում է գտնվում Հայաստանում ՏՏ ոլորտը. «Զարգացումն ակնհայտ է, արդեն սկսել են արտադրել, ոչ թե կատարել ուրիշի պատվերները»:

Ծրագրավորողների երիտասարդ սերնդի մասին խոսեց մեկ այլ ինտերնետ-վետերան՝ «Շահումյան Մեդիա» ընկերության տնօրեն Արիկ Շահումյանը. «Հրաշալի է, որ հիմա անընդհատ ստեղծվում են նոր ֆիրմաներ, երիտասարդ կադրերն էլ շատ ինքնավստահ են դարձել: Ափսոս, չեն կարողանում երկար աշխատել մեկ վայրում, իսկ նման մասնագետի վրա դժվար է հույս դնել»:

Երիտասարդ ու մնայուն աշխատակցի լավագույն օրինակ է Հովհաննես Աղաջանյանը: Նույն KINECT խաղալու ընթացքում էլ ծանոթացանք նրա հետ. «Այս խաղը ճանաչում է մարդուն և ռեալ ժամանակում էկրանին արտացոլում նրա շարժումները, բարձրացնում ես ձեռքերդ, նույնն անում է նաև քո հերոսը էկրանին: Իհարկե, առաջին հայացքից մի քիչ տարօրինակ է թվում անհիմն շարժումներ անելը, բայց դե նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանի պահանջներից է»:

Ծրագրավորողների հոսքը փաբ շատանում էր, մեծամասնությունն անզեն էր, այսինքն՝ առանց նոթբուքերի: Սեղաններից մեկի շուրջ նկատեցինք երկու աղջկա: Անահիտն ասաց, որ վաղուց անցյալում են այն ժամանակները, երբ ծրագրավորումը միայն տղաների մենաշնորհն էր, հիմա իր կուրսի կեսը աղջիկներ են. «Ծրագրավորողների առաջին առանձնահատկությունն այն է, որ խելացի են: Դե, իսկ խելացի կարող են լինել նաև աղջիկները»:

Փաբի՝ հետզհետե թեժացող մթնոլորտում առանց նոթբուքերի IT մարդիկ ինքնամոռաց զվարճանում էին, նույնիսկ նրանց կատակներն էլ ծրագրավորման լեզվով էին:

Այս թեմայով