10 Սեպտեմբեր 2013, 13:14
619 |

Կտոր մը երկիր

Սիրիայում թողնելով մաղով տպագրության երկու արտադրամասերը, տունն ու տարիների հիշողությունները՝ նրանք Երևանում էլ որոշեցին նույն գործով զբաղվել:

Երևանում սիրիահայերի հիմնած մաղով տպագրության արտադրամասը ծայրամասում է գտնվում, դժվարհասանելի վայրում: Print Art տպարանը զբաղեցնում է շենքի երրորդ հարկի մի մասը միայն: Այստեղ շապիկների, տաբատների ու այլ կտորների վրա հնարավոր է ստանալ ցանկացած պատկերներ: Հատկապես պահանջված են տղաների ու աղջիկների գույնզգույն շապիկները, արդեն կան նաև մանկական հագուստի պատվերներ: «Միայն օդի ու ջրի վրա չենք կարող տպել, մնացածը խնդիր չէ»,- համեստորեն ասում են վարպետները:

Երբ ներս մտա, տպարանում գործը եռում էր, վարպետ Մինասը ներկն էր խառնում: Նա ոչ մեկին այդ գործը չի վստահում: Գործընկերներն էլ խոստովանում են՝ միայն Մինասն է զգում բոլոր գույներն ու դրանց երանգները: Ու արդեն պատրաստի ներկով վարպետը երկար սեղաններին փռված կտորներին մետաքսի թելերից պատրաստած մաղի միջոցով ներկն է քսում: Այն չորանալուց հետո էլ անցնի ջերմային ռեժիմ՝ ավելի որակյալ դառնալու:

Բայց մինչև այդ փուլին հասնելը դեռ երկար աշխատանք կա: Նախ դիզայներ Ալեքսան Քարադանայանը ստանում է պատվիրատուի բերած նկարի էսքիզը: Երբ նկարի հարցերը լուծված են, հերթը հասնում է ձևած կտորներին: Նկարը հատուկ մեթոդով անցկացվում է մետաքսե մաղի վրա, որից հետո սկսվում է Մինասի աշխատանքը:

Երևանում մաղով տպագրության արտադրամաս հիմնելու միտքը հենց Մինաս Քանթարջյանինն էր: Մոտ մեկ տարի առաջ նրա ընտանիքը Հալեպից տեղափոխվեց Երևան: Սիրիայում մնաց ամեն ինչ՝ մաղով տպագրության երկու արտադրամասերը, տունն ու տարիների հիշողությունները: Երևանում էլ որոշեցին նույն գործով զբաղվել: Տեղափոխվելուց մեկ ամիս անց Չարբախի եռահարկում Մինաս Քանթարջյանը տարածք վարձեց: Գիտեր, որ հեշտ չի լինելու. «Սկզբում նյութական խնդիրներ ունեի: Մենակ ես էի ու բանվորները: Ախր Հալեպում ամեն ինչ ուրիշ էր, արտադրամասերից մեկը՝ 1000, մյուսն էլ՝ 600 քմ տարածք էր զբաղեցնում: Մոտ 60 բանվոր ունեի, բազում մշտական հաճախորդներ: Արտադրամասերն աշխատում էին 24 ժամ ու միևնույն է՝ հազիվ էինք հասցնում հաճախորդների պատվերները կատարել: Իսկ Երևանում ստիպված էի ամեն ինչ զրոյից սկսել. 12 տարի մաղը ձեռքս չէի վերցրել»: Երևանում աշխատելով մոտ 10 ամիս՝ վարպետն ուներ ընդամենը երկու հաճախորդ ու սակավաթիվ պատվերներ: Բայց դժվար պահին օգնության հասան Հալեպի սիրիահայ գործընկերները՝ դիզայներ Ալեքսան Քարադանայանն ու ինժեներ-էլեկտրոնիկ Ժակ Ստեփանը. «Մինասը Հալեպում լավագույններից էր: Իմացանք, որ արդեն իր տպարանն է բացել, միացանք նրան»:

Հիմա Art Print-ում աշխատանքի տարանջատում կա՝ դիզայնով զբաղվում է Ալեքսանը, փչացած տպագրական սարքերով՝ Ժակը, բուն աշխատանքն էլ Մինասինն է: Օգնում են նաև չորս աշխատակիցները, որոնց նկատմամբ վարպետ Մինասը մի քանի պահանջ ունի. նրանք պետք է լինեն բծախնդիր, զգույշ և արագաշարժ: Տպարանում անձնակազմից բացի ավելացել են նաև տեխնիկական հնարավորությունները՝ հիմա միաժամանակ կարող են մոտ հարյուր կտորի վրա պատկերներ տպել: Պատվերները դեռևս քիչ են՝ սպառողական շուկան է փոքր: Բացի այդ, շատերը նախընտրում են պատրաստի արտադրանք բերել կամ Թուրքիայից, կամ Չինաստանից: Սիրիահայ ձեռներեցները սակայն չեն վհատվում: Դա նրանց բնորոշ չէ:

Այս թեմայով