08 Սեպտեմբեր 2013, 15:00
2113 |

Տուրիստական զավեշտներ՝ մեկ գրքում

«Տուր-գործակալի խոստովանությունը» գիրքը գեղարվեստական բարձր արժեքներ չի հետապնդում. դա չի եղել հեղինակի գերագույն նպատակը։ Պարզապես աշխատանքային փորձառության 20 տարիների ընթացքում կուտակված փոքրիկ պատմությունները մի գեղեցիկ օր որոշել է դնել ընթերցողի սեղանին։

Հետո՞ ինչ, որ գրականագետները տուր-գործակալ Դավիթ Խաչիյանի մանրապատումները կարդալով՝ դժգոհել են և հույս հայտնել, որ հեղինակը դրանք երբեք չի տպագրի։ Դավիթը, միևնույն է, հավաքել, ժողովածու է դարձրել ու տպագրել։ իհարկե, խոստովանում է՝ «Տուր-գործակալի խոստովանությունը» գեղարվեստական բարձր արժեքներ չի հետապնդում. դա չի եղել իր գերագույն նպատակը։ Պարզապես աշխատանքային փորձառության 20 տարիների ընթացքում կուտակված փոքրիկ պատմությունները մի գեղեցիկ օր որոշել է դնել ընթերցողի սեղանին։ Գրականագետների քննադատության հաջորդ թիրախը Դավիթ Խաչիյանի հումորն ու սարկազմն է, որոնցով համեմված են նրա մանրապատումները։ «Ի՜նչ մի հումորի նյութ ես գտել, բա կարելի՞ է այսքան լուրջ թեմային հումորով վերաբերվել»,- ասել են գրականագետներն ու պնդել, որ ձեռագիրը տպագիր չդարձնի։ 2009-ին Դավիթը հրատարակել է մի քանի մանրապատում, 4 տարի անց պատմություններն ավելացել են, և առաջացել է նոր ժողովածուի անհրաժեշտություն։ Տպաքանակը 300 է։ «Ահռելի թիվ է մեր երկրի պայմաններում,- ասաց,- առաջիկա 3 տարում հազիվ էլ սպառվի։ Բայց ես արդեն նոր գրքի մտահղացում ունեմ»։

«Տուր-գործակալի խոստովանությունը» ռուսերեն է. ինչո՞ւ՝ հեղինակը պատասխանեց. «Թեման է թելադրել, որ ռուսերեն գրեմ։ Ես հայախոս ու հայագիր եմ, բայց այս ժողովածուն ճիշտ համարեցի ռուսերեն գրել»։ Դավիթն առաջարկում է փոխել տուրիզմի ու զբոսաշրջիկների մասին լուրջ պատկերացումները, վերանայել տեսակետերը, ամեն ինչ հումորի տիրույթ տեղափոխել, որովհետև այդպես ավելի հեշտ է ընկալել տուր-գործակալի մասնագիտական դժվարություններն ու պարտականությունները։ Օրինակ՝ ի՞նչ անի խեղճ էքսկուրսավարը, եթե սփյուռքահայը Երևանի փողոցում շուն է տեսնում ու լուրջ հարց տալիս. «Է՜, աս շունը հա՞յ է»։  Ու հետևողականորեն սպասում է, որ իրեն պատասխանեն։ Մեկ ուրիշ դեպք. 90-ամյա օտարերկրացի զբոսաշրջիկը հետաքրքրվում է. «Իսկ ո՞ւր է Եփրատը»։ Ներողամիտ ժպիտով պատասխանում են. «Արևելահայաստանում Եփրատ չկա»։ Նա համառորեն՝ ո՞ւր է Եփրատը։ Ու այդպես՝ ամբողջ օրը։

 Դավիթ Խաչիյանի պատմությունների աշխարհագրությունն ընդգրկում է եվրոպական, ամերիկյան շատ երկրներ, ինչպես նաև Արևելքը։ Տեղանքին ու երկրին անծանոթ զբոսաշրջիկը կարող է հայտնվել տարբեր իրավիճակներում, զավեշտական պատմությունների հերոս դառնալ։ 15 տարի առաջ մեկնել է ԱՄՆ՝ ընկեր-բարեկամներին հյուր։ Նրանք էլ իրար հերթ չտալով՝ հայկական թանկանոց ռեստորաններում Դավիթին ծանր-ծով պատիվ են տվել. մի օր՝ հայկական խաշ, մյուս օրը՝ խորոված ու տոլմա։ Դե արի ու բացատրիր, որ Դավիթը դրանցից մինչև կոկորդը  կուշտ է, ու աչքը չինական ռեստորանների վրա է։

Մի պատմություն էլ կա՝ իսկը «Հայկական ռադիոյին» սազական։ Օտարականը Գումի շուկայում տեսնելով հայկական չրերի բուրգերը՝ համտեսում է, հավանում ու ցանկանում գնել։ Gold քարտը մեկնում է գյուղացի վաճառողուհուն, թե՝ ստացեք գումարը։ Նա տարակուսած աչքերն է ճպճպացնում։  Ուղեկցող Դավիթ Խաչիյանը լռությունը թարգմանում է.« Ոսկե քարտ է, դրանից քո բաժինը ստացիր»։ Կինը ձեռքն է առնում դանակն ու պատրաստվում քարտի ծայրից կտրել։ Քչով է բավարարվում, մեջտեղից չի կիսում։ Զբոսաշրջիկի աչքերը կլորանում են։ Նրա ապշահար հայացքից գեղջկուհին քար է կտրում։ Դավիթը վերջապես բացատրում է կնոջը՝ ինչն ինչոց է։ Նա թե՝ ամոթ չի.՞ ոչ փողն եմ ուզում, ոչ ոսկի քարտը, թող չիրը տանի, անուշ անի։ Օտարականի աչքերն ավելի են կլորանում՝ ո՞նց թե, անվճա՞ր է տալիս չիրը, այս երկրում նման բա՞ն կա, չի կարող պատահել։

Այսպիսի պարզ ու մարդկային պատմություններ՝ մեկտեղված մեկ գրքում՝ դեռևս 300 օրինակով։

Այս թեմայով