06 Սեպտեմբեր 2013, 13:15
3359 |

Շան բախտ

Նա անսովոր էակ է: Հյուրընկալվեցի Միմիի տանը՝ անշուշտ, սրճելու պատրվակով: Մի-մի բաժակ սուրճի հետ եփեցինք նաև մեր համեղ զրույցն այն մասին, թե ինչպես է նրան հաջողվում գալ ժամանակին ու հեռանալ՝ համոզված, որ իրեն դեռ երկար ժամանակ կհիշեն:

Կանգառում անսովոր աշխուժություն է. ուղևորների մեջ նորեկ է հայտնվել՝ սև-սև խալերով, ճեփ-ճերմակ մորթիով, մուգ աչքերով, մեղմ ժպիտով, բերանում՝ կարմիր ծաղիկների զամբյուղ պահած: Միմին է՝ «մարդու բարեկամ» ցեղատեսակի ներկայացուցիչը: Նրա հետ իմ երկրորդ հանդիպումը ոչ պակաս անսպասելի էր: Ընկերներիս հարսանեկան արարողությունն է: «Զագս»-ի աշխատակիցը հայտարարեց՝ «…այսուհետև՝ օրինական ամուսիններ»: Սենյակի հաճելի աղմուկն ընդհատվեց դռան թակոցով, ներս մտավ արդեն ինձ ծանոթ սև խալերով սպիտակ սիլուետը՝ կարմիր վարդերի զամբյուղը բերանում: Հայացքով գտավ օրվա «Մոխրոտիկին», մոտեցավ ու նրան հանձնեց ծաղկեփունջը: Հիացմունքի ալիք բարձրացավ, որից հետո զարմացած հարսանքավորները սկսեցին իրար հերթ չտալով լուսանկարվել շնիկի հետ:

Միմին 3 տարեկան է: Ծնված օրից տնից տուն, ձեռքից ձեռք են փոխանցել, մինչև որ 4 ամսականում հայտնվեց հիմիկվա տանն ու վերջապես սկսեց ճաշակել հայրական խնամքի ու դաստիարակության համը: Միմիին առանձին սենյակ հատկացրեցին: Թարմ ու օգտակար սնունդ, մանկական խաղեր, ամենօրյա զբոսանք... Հոգատար հոր պարտականություններն իր ուսերին վերցրած Արսենը մի պահ այնքան տարվեց այս ամենով, որ թերագնահատեց ձմեռվա սառնամանիքին ոտաբոբիկ զբոսանքները չարաշահելու հավանական վնասները: Չգիտեր, որ ինչպես մարդկանց մեջ, այնպես էլ կենդանական աշխարհում սպիտակամաշկերն ավելի նուրբ ու զգայուն են:

Միմին անկողին ընկավ: Արսենի միակ հույսը բժշկուհի Աննան էր: Ամեն բացվող առավոտ այցելում էր Միմիին, բժշկում, մնում նրա կողքին՝ որքան հարկն էր, հաճախ՝ մինչև կեսգիշեր: Արսենը չէր կարողանում բժշկուհուն վճարել նույնիսկ տեղաշարժի համար: Բայց Աննան «մարդու բարեկամների» մեծ բարեկամ էր՝ անշահախնդիր: Բժշկուհին վերջին այցի ժամանակ նայեց անկողնու մի անկյունում կծկված Միմիին, լսեց նրա անկենդան ու անշունչ շնչառությունը և ասաց. «Էսօր էլ եմ սրսկում: Եթե դեռ հույս կա, ապա ոտքի կկանգնի»: Իսկ հույսը կար, հաստատ կար: Երեք օր անց Միմին շարժեց պոչը, հագից հանեց ժիլետն ու բացեց աչքերը: Հոր երջանիկ բացականչությանն ի պատասխան տարուբերեց պոչը: Ապրեց: Շարունակեցին ապրել:

Ամեն դեպքում, թե Արսենին, թե շանը հանգիստ չէր տալիս՝ բժշկուհուն ինչ-որ կերպ շնորհակալություն հայտնելու անկարողությունը: Մտածեց-մտածեց ու հասկացավ, թե ինչը կարող է Աննային գոնե մեկ լիարժեք ժպիտ պարգևել: Միմին Աննային ծաղիկներ կնվիրի: Մի օր: Հայր ու աղջիկ քննարկեցին այս ծրագիրն ու գործի անցան: Վերցրին ծաղիկների փոքր զամբյուղն ու սկսեցին ամենօրյա պարապմունքները:

Ծաղիկների զամբյուղը բերանում շրջող Միմին քաղաքում շուտով հայտնի դարձավ: Մի օր էլ մի տղա մոտեցավ Արսենին՝ թե ուզում է ընկերուհուն անակնկալ մատուցել: Միգուցե Միմին օգնի՞: Առաջին փորձին հաջորդեց երկրորդը, երրորդը, չորրորդը...

Քաղաքում հիմա շատերը գիտեն Միմիին: Նրան անվանում են՝ Հյուսիսայինի Burberry-ի Միմին: Հատկապես կենդանասեր փոքրիկները նրա կողքով անտարբեր անցնել չեն կարողանում, նստում են կողքին, շոյում գլուխը, նկարվում նրա հետ: Հետաքրքիր է, գիտի՞ արդյոք Միմին, որ մի ամբողջ տուն է պահում: Տանը նրան գնահատում են, հարգում ու սիրում: Վերջին շրջանում էլ գործերը լավացել են. հայր ու աղջիկ այժմ միայն տաքսիով են շրջում: Բայց տաքսիներով շրջելու երկրորդ հարգելի պատճառ էլ կա. Միմին շուտով մայրանալու է՝ կյանքում երկրորդ անգամ:

Մեր քաղաքի հայտնի բիզնես լեդին նախևառաջ լավ մայր ու հավատարիմ կին է: Տարիներ առաջ հարևանի շան՝ Լոկիի հետ ամուսնացան ու տասը ձագ ունեցան: Երբ Արսենը որոշեց երկրորդ անգամ Միմիին ուրիշ տղայի տալ, նա նեղացավ ու փախավ հայրական տնից: Մի քանի կանգառ վազեց ու վազեցրեց Արսենին: Միմին մեծ սիրտ ունի. ներեց ու մոռացավ: Վերադարձավ ամուսնու մոտ, ու երկրորդ անգամ նրանք ձագեր կունենան: Իսկ ձագերի համար հերթագրվածների ցուցակն արդեն ամբողջությամբ զբաղված է:

Լեգենդար շան՝ ծաղիկները բերանում պատկերն իր բակում ժպտում է անցորդներին: Միմիին գրեթե բոլորն են ճանաչում: Ու սա այն դեպքն է, երբ շան ու տիրոջ կանոնը գործում է ճիշտ հակառակ սկզբունքով: Ասում են՝ Միմիի Արսենը: Ես էլ, ինչ մեղքս թաքցնեմ, հեռախոսի մեջ ֆիքսել էի՝ «Միմի-Արսեն»: 

Հ.Գ. Բուժքույր Աննան Միմիից ստացած ծաղիկները մինչև հիմա խնամքով պահում է: 

Այս թեմայով