04 Սեպտեմբեր 2013, 12:14
3194 |

Ֆայտոն սարքող խալով Արսենը

Տիկին Լաուրան Հին Երևանում կարևոր գործ կատարող մի մարդու թոռնուհին է: Նա հոր նման է սիրել պապուն, առ այսպր հիացմունքով է հիշում «սիրուն երեսն» ու բարի ժպիտը: Նրա պապուն՝ Խալով Արսենին ճանաչում էին բոլոր այն մարդիկ, ովքեր կյանքում գոնե մեկ անգամ ֆայտոն են նստել: Ֆայտոն սարքող ուստա Արսենի մասին պատմում է թոռնուհին՝ Լաուրա Ավետիսյանը:

Սենյակից ծերունական հոտ էր գալիս: Թեև ժամանակակից վերանորոգված էր, սակայն կահույքը «սովետի թվի» էր: Պատից կախված 60-ականներին հազվագյուտ ձեռք բերվող ժամացույցը շատ ուժեղ էր տկտկում: Ու ընդհանրապես, ամեն ինչ խոսում էր սենյակում բնակվողի համար հին առարկաների կարևորության մասին: Տանտերը տիկին Լաուրան է, բնիկ երևանցի ֆայտոն վերանորոգողի թոռնուհին: Նրա բազկաթոռի դիմացի պատին գյումրվա տարազով, ոսկեգույն շրջանակով կնոջ և տղամարդու նկար էր կախված. տղամարդը հպարտ նստած էր, կինը՝ խոնարհ կանգնած: Հիշողությունները ցուպ սարքած 84-ամյա կինը, դժվարությամբ ոտքի ելանելով, դիմավորեց մեզ:

«Մենակ թե ինձ ֆոտո չանեք, ես արդեն «էն» չեմ» ,- դողդողացող ձեռքը թափահարելով տխուր ժպտաց: «Պապիկի՞ց պատմեմ»,- տեղավորվելով խալիապատ բազկաթոռի մեջ՝ հարցրեց ու, պատասխանին չսպասելով էլ սկսեց: Հիշողությունների շղարշով պատված աչքերն արցունքոտվեցին միանգամից: Սկսեց դանդաղ թերթել սև ու սպիտակ նկարները, որոնց շրջանակները «կրծոտել» էր ժամանակը: «Տես՝ ինչ հաղթանդամ, գեղեցիկ տղամարդ էր, ուղղակի երեսին խալ կար, հենց դրա համար էլ նրան բոլորը «Խալով Արսեն» էին ճանաչում»:

Ֆայտոն սարքող ուստա Արսենը Հին Երևանի հայտնի մարդկանցից էր: Այն ժամանակ Երևանը փոքր էր, հայտնի մարդիկ՝ շատ: Երևանի փոքրությունից էր, հին թաղերի նեղլիկությունից, թե դատարկ նորությունների բացակայությունից, բայց 40-ականների Երևանում մարդիկ ավելի ինքնատիպ էին ու հետաքրքիր:

Ուստա Արսենը իր սիրելի կնոջ՝ Մարիամի և երկու թոռների հետ ապրել է «Ապտեչնայա» փողոցում, այժմյան Ալավերդյանը: Թոռներին պահելու դժվարին պատասխանատվությունն իրենց վրա վերցրած Մարիամն ու Արսենն ամեն ինչ անում էին նրանց համար բարեկեցիկ կյանք ապահովելու համար: «Նա արհեստավոր էր, իսկ արհեստավորը վատ ապրել չէր կարող», - ասաց Լաուրան ու մոտեցավ կարմիր փայտից պատրաստած, կիսամաշ պահարանին: Շոշափելով՝ խորքերից հանեց մի մեծ կարմիր գիրք: Գուսան Շերամի կյանքն էր: Բացեց 310-րդ էջը, որտեղ հպարտությամբ ցույց տվեց իր պապիկի' «Խալով Արսենի» մասին գրված հատվածը:

Արսենը գուսան Շերամի ընկերն ու մեծ երկրպագուն էր: Քեֆ-ուրախություն , գինի շատ էր սիրում: Նա բազմաթիվ ֆայտոններ է սարքել, նորոգել, բայց կյանքում միայն մեկ անգամ է ֆայտոն քշել, էն էլ Շերամին հիվանդանոց հասցնելու համար.

Կառապանից տեղեկանալով, որ Շերամի վիճակը վատացել է, Արսենը առաջարկել է իր ծառայությունը. «Վարպե՛տ Շերամ, ես բազմաթիվ ֆայտոններ եմ սարքել՝ ղրկել նույնիսկ Թիֆլիս ու Բաքու, բայց երբեք ինքս չեմ քշել: Ինձ համար մեծ պատիվ է քո ֆայտոնչին դառնալը»: Շերամը համաձայնել է ասելով. «Տա՛ր, Արսե՛ն ջան, ես քո զանգուլակավոր ֆայտոնը նստիմ, շուտ կլավանամ»: Եվ վերջին երկու բուժումներին գնալիս կառապանի տեղը «Խալով Արսենն» էր նստած:

«Իսկ ինչո՞ւ ֆայտոն չէր քշում, վախենո՞ւմ էր», - գիրքը թերթելով միամտաբար հարցրեցի ես: Իմ հարցից հպարտ պապու հպարտ թոռը ձգվեց: Հասկացա, որ ինչ-որ սխալ բան թույլ տվեցի: «Պապս հո սովորական ֆայտոն քշող չէր, նա ֆայտոնների արհեստավոր էր, նորոգող, զարդարող, նա իսկական արվեստագետ էր,- մի ունքը վերև բարձրացնելով՝ ասաց վարպետի թոռնուհին,- վարպետ Արսենը վայելել է համաքաղաքացիների հարգանքն ու սերը: Նրան ամենուր սրտաբաց են ընդունել: Պապս հպարտ էր, արժանապատվություն ուներ, բայց գոռոզ չէր»:

40 տարեկանում ուստա Արսենը կորցրեց իր որդուն, նրա մահը շատ ծանր տարավ: Բայց կյանքը կանգ չառավ, նա շարունակեց աշխատել, թոռներին խնամել, տունն ու մառանը լի պահել:

Մի պահ սենյակում լռություն տիրեց: Տիկին Լաուրան կարծես սուզվել էր իր հին նկարների ու ինչ- որ հնացած թղթի կտորների մեջ: Ժամացույցի տկտկոցն ավելի էր ընդգծում լռությունը: «Տե՛ս, ինչ գտա» , - անսպասելի առույգացավ ու ինձ մեկնեց խունացած թղթիկի մի կտոր, վրան տարեթվեր էին գրված. ծննդյան ու մահվան տարեթվեր՝ Տատ -1876-1949, 73 տարեկան, Պապ - 1869 - 1950, 81 տարեկան: Մահվան տարեթվերի միջև ընդամենը մեկ տարվա տարբերություն էր: Թոռը պատմեց, որ երբ Մարիամը մահացավ, ուստա Արսենը չկարողացավ անգամ մոտ գալ սիրելի կնոջ անշարժացած մարմնին: Պատշգամբ դուրս գալով ձեռքով մնաս բարով արեց՝ ասելով. «Մարիամ ջան, չի քաշի մի տարի՝ կգամ քո մոտ»: Ուղիղ մեկ տարի անց միացավ կնոջը:

Տիկին Լաուրան այժմ ապրում է իր թոռների ու ծոռների հետ: Միշտ մեծ սիրով է խոսում իր վառ անցյալի մասին: Իսկական հին երևանցին ժամերով նստում է իր սիրած բազկաթոռին ու նայում մի կետի՝ քարացած ժպիտով: Ի դեպ, նրա վերջին ծոռի մեջքին մեծ խալ կա:

Այս թեմայով