01 Սեպտեմբեր 2013, 11:19
1794 |

Սեպտեմբերի մեկ՝ մեկ աշակերտով

Մոզրովի առաջին դասարանցուն այդպես էլ խորթ ու անհասկանալի կմնան «շպարգալկաները», դասերից փախնելն ու, ասենք ուսուցիչների աթոռներին ասեղներ շարելը:

Վայոց Ձորի Մոզրով գյուղի միակ դպրոցն այս տարի կունենա ընդամենը մեկ առաջին դասարանցի: Մարիամ Մարտիրոսյանն այս տարվա միակ հույսն է: Մարիամից բացի երկու դպրոցական էլ կա կրթօջախում և վերջ: Տնօրեն Արամ Մելքոնյանն ասում է, որ բանակցություններ է տանում, որոնց արդյունքում հույս ունի աշակերտների թիվը ևս երկուսով համալրելու: Արդեն գիտեն, որ հարևան գյուղից ընտանիք է տեղափոխվելու Մոզրով: Տնօրենն էլ ուրախացել է, որովհետև այդ ընտանիքում երկու երեխա կա: Մոզրովի դպրոցում կդառնա հինգ աշակերտ: Բայց տնօրենը հավելեց, որ երկու նոր աշակերտը դեռ ռոմանտիկ երազանք է, առայժմ օդից կախված խոսակցություն:

Այնուամենայնիվ, ռեալը երեքն են, և սեպտեմբերի մեկին հենց նրանց առաջ են բացվելու դպրոցի դռները: Գիտելիքի օրն այս երեքի տոնն է լինելու: Դպրոցում նույնիսկ ողջույնի խոսք են պատրաստել իրենց մինուճարների համար: Իսկ միակ առաջին դասարանցին տնօրեն Մելքոնյանից անհատական նվեր կստանա՝ աշակերտական պայուսակ: Մարիամի համար պայուսակն անակնկալ է լինելու: Տնօրենը պլամավորել է, որ դասարանում է նվիրելու երեխային, բայց ծնողները զգուշացված են, որ ավելորդ ծախս չանեն, պայուսակ չգնեն Մարիամիկի համար:

Երբ դպրոցը դեռ ոչ մի աշակերտ չուներ, Մելքոնյանն այստեղ պահակ էր աշխատում: Այն ժամանակ նույնիսկ երկու աշակերտը աներևակայելի ճոխություն էր, որին սպասում էին: Հիմա տնօրենը սովորական պահակ չի, այլ նաև մաթեմատիկա է դասավանդում: Նրանից բացի դպրոցը ևս երկու ուսուցիչ ունի: Հայոց լեզվի և գրականության մասնագետը տնօրեննի կինն է: Ինչպես Մելքոնյանն է ասում՝ կես կատակ, կես լուրջ, արդեն քսաներեք տարի է՝ կինն իր հետ չի խոսում: Եվ դա այն բանից հետո, երբ որոշեց Երևանից վերադառնալ ծննդավայր՝ սիրելի Մոզրով: Հիմա արդեն մի քիչ խեղճացած ձայնով խոստովանում է. «Կնոջս զրկեցի ապրելուց, բայց ուշ է»: Երկու աղջիկն ամուսնացել են ու լքել գյուղը, իսկ երրորդը ուսուցիչ է աշխատում հարևան գյուղում: Արամին մնում է նորից երկու ձեռքով պինդ գրկել իր դպրոցը, երեք աշակերտին և կնոջը, որի սիրտը փորձում է շահել ամեն օր: Ընտանեկան «բիզնեսին» է միացել նաև գյուղի միակ օտար լեզվի մասնագետը, ով աշակերտներին գերմաներեն է սովորեցնում: Եթե ընկեր Սարգսյանը իմանար անգլերեն, ապա դպրոցի օտար լեզուն կլիներ անգլերենը, բայց քանի որ նա գերմաներենի մասնագետ է, մոզրովցիները սովորում են գերմաներեն: Դպրոցի ընդարձակ 8 դասարանները նորոգված են, լուսավոր և կարող են մոտ 100 երեխա տեղավորել: Բայց մեկ, կամ երկու դասասենյակ է օգտագործվում: Ընկեր Մելքոնյանն ասում է, որ ամենաշատ երեխան դպրոցի պատերը տեսել են 90-ականներից մինչև 2000 թվականը, երբ դպրոցը քսանհինգից երեսուն աշակերտ ուներ: Հետո վայրկյանաչափի արագությամբ գյուղը սկսեց դատարկվել: Այնքան քիչ ծուխ է մնացել այստեղ, որ ձմռանը՝ գյուղին նայելիս, կարող ես հաշվել: Մնացածը հանգած են՝ սառած, անծուխ խողովակներ: Բայց միևնույն է, Մոզրովը սպասում է իր մեկ աշակերտով գարնան գալուն:

Այս սև ու սպիտակ պատկերը միայն Մոզրովում չէ: Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղն էլ այս տարի հինգ առաջին դասարանցի է ընդունելու: Իսկ Շորժա ու Չինարի համայնքներում առաջին դասարանի նստարանին կնստեն ութական աշակերտներ: Այսպես մի քիչ ավելի, մի քիչ պակասով գրեթե նույն վիճակում են Հայաստանի հեռու և մոտիկ գյուղերը, որոնց սեպտեմբերի մեկը միշտ չէ, որ լուսավոր ապագա է խոստանում: Դպրոցը բացառիկ աշխարհ է: Դպրոցում չապրածը էլ ոչ մի տեղ չի ապրվում: Դպրոցական ընկերները, գժություններն ու արկածները անփոխարինելի են, բայց փաստորեն բազմաթիվ դպրոցականներ դրանցից չեն ունենալո: Օրինակ, մոզրովցի Մարիամին այդպես էլ խորթ ու անհասկանալի կմնան «շպարգալկաները», դասերից փախնելն ու, ասենք ուսուցիչների աթոռներին ասեղներ շարելը: Փոխարենը, Մարիամը ունենալու է այն, ինչ չունեն մեծ քաղաքների և գյուղերի աշակերտները՝ անհատական անվճար պարապմունքներ: Բոլոր դասատուները միայն Մարիամի համար դպրոց կմտնեն, միայն Մարիամը կպահի դպրոցի պատիվը, և ուղղակի պարտավոր կլինի բուհ ընդունվել:

Այս թեմայով