31 Օգոստոս 2013, 17:11
1577 |

Հակամարտություն` Փակ շուկայում

Փակ շուկայի շինարարության նկատմամբ ակտիվիստների քաղաքացիական անհանդուրժողականության դրսևորումը նմանվում է օրեր առաջ Կոմիտաս 5-ի ապօրինի շինարարության դեմ բոյկոտին։

«Ազատենք օլիգարխին հուշարձանից» հասարակական շարժման անդամների բողոքի ակցիային Փակ շուկայի մոտ սպասում էր ընդվզողների մեկ այլ խումբ։ Ակտիվիստներին մի բառ անգամ ասելու հնարավորություն չտվող կանայք, որ թեժ գծում էին, նախահարձակ եղան։ Ակտիվիստներից պահանջում էին դադարեցնել բողոքի ակցիան ու հեռանալ։ Մարտնչող անսասանությամբ պաշտպանում էին Փակ շուկայի սեփականատիրոջ շահերը, գովում ու փառաբանում նրան, մատնանշում, թե ինչ հրաշալի գործ է արել, ինչպես է մաքրել-պլպլացրել Փակ շուկայի տարածքը, ինչ հսկայական շինարարություն է արել ու ինչ ահռելի գումար ծախսել։ Կանայք փափկասուն հայոց աշխարհի պնդում էին. «Թող սարքի-վերջացնի, ի՞նչ եք ուզում էդ խեղճ մարդուց։ Մե~ծ սուպերմարկետ կլինի, աշխատատեղեր կստեղծվեն, ժողովուրդն էլ կգնա-կաշխատի, էլ էս երկրից չի հեռանա։ Էլ սրանից ավել ի՞նչ եք ուզում»։ Մեկ ուրիշն էլ բողոքեց. «Ձեզ նմանների ու էս լրագրողների պատճառով շինարարությունն անընդհատ ընդհատվում է։ Ձայն մի հանեք, թող սարքի-վերջացնի, էլի, էս փոշին ու կեղտը մեր բնակարաններն է լցվում։ Գժվեցինք-պրծանք, էդքան կեղտ մաքրել կլինի՞։ Մենք գնացել տեսել ենք էդ մարդու արած գործը։ Կուկլա է սարքել էդ տարածքը, կուկլա։ Ինչքան բողոքեք, այնքան կձգձգվի շինարարությունը, հո 10 տարի էս փոշու մեջ չե՞նք ապրելու»։ Մի տղամարդ էլ հռետորական հարց ուղղեց. «Էնքա~ն հուշարձան ունենք, որ պաշտպանության կարիք ունի, գնացեք դրանց համար պայքարեք։ Էստեղ ի՞նչ հուշարձան կար որ։ Շուկա էր, էլի։ Գայիք, հենց սկզբից չթողնեիք, որ սարքեն։ Կեսը սարքվել է արդեն, էլ ի՞նչ կարող եք անել»։

Ակտիվիստների ու նրանց դեմ պայքարի ելածների միջև կարծես բանակցություններ սկսելու նախադրյալներ ստեղծվեցին, բայց մեկ վայրկյան հետո կանանց անզուսպ գոռգոռոցներն ու հայհոյանքները վերածվեցին հրմշտոցի։

Ոստիկանների միջամտությամբ պարբերաբար բռնկվող տաք վիճաբանություններն ու հրմշտոցները դադարեցվեցին։ Օրինապահներն ստիպված եղան երկու «բանակներն» իրարից առանձնացնել և կանխել նրանց շփումը։ «Ազատենք օլիգարխին հուշարձանից» հասարակական նախաձեռնության պաստառներն ավելի էին գրգռում կանանց զայրույթը, արդյունքում դրանցից մի քանիսը պատառոտեցին։ Ակտիվիստները բարձրախոսով տեղեկացրին, որ չեն դադարեցնելու պայքարը, պահանջելու են պատասխանատվության ենթարկել Փակ շուկայի սեփականատիրոջը`հատուցել հասցրած վնասը, դադերցնել անօրինական շինարարությունը, վերականգնել հուշարձանի նախկին տեսքը։ Իսկ եթե վերջինս չկատարի իրենց պահանջները, իշխանություններին են դիմելու` զրկել նրան սեփականության իրավունքից ու համապատասխան տույժ կիրառել։

Ակտիվիստները պատրաստ են մինչև վերջ գնալ ու մարդու իրավունքների, հուշարձանների պահպանության միջազգային նորմերով պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Այս թեմայով