30 Օգոստոս 2013, 14:43
1784 |

Ճիշտ անունով՝ ճիշտ վայրում

Տոպրակավաճառն իր անվան հետ կապված բազմաթիվ պատմություններ ունի: Ասում է, երբ անունն ասում է, շփոթվում են, թարս ու շիտակ նայում, նորից ճշտում՝ ասելով, որ ոչ թե հասցեն են հարցնում, այլ անունը:

Բարձր ու լայն կամարի տակով մտա ներս. սկզբում սովետն է, հետո մեր օրերը: Մի քանի վայրկյանի ընթացքում անցա երկու տարբեր ժամանակաշրջանների միջով: Այստեղ միշտ գույների, համերի, հոտերի, դեմքերի մի ամբողջ տոնահանդես է: Բարի գալուստ Կոմիտասի շուկա: Միայն այստեղ կարելի է հանդիպել ու անձամբ շփվել Կոմիտասի հետ, բայց նրանից երգ-երաժշտություն ակնկալելն անիմաստ է: Նա, իհարկե, Կոմիտաս է, բայց միայն անունով: Ընդ որում, սա ոչ թե նրա մականունն է այլ ամենաիսկական, անձնագրային անունը: Տոպրակավաճառ Կոմիտաս Մարտիրոսյանը փոքրամարմին մի տղամարդ է՝ մշտապես իր հետևից քարշ տվող իրենից եթե ոչ մեծ, ապա հաստատ ծանր սայլակը:

Որդու ծնվելուն անհամբեր սպասող Աղաբեկը առողջական խնդիրներ ուներ, հիվանդանոցում էր, երբ նա ծնվեց: Կինն էլ ամուսնուն գոնե հոգեպես առողջացնելու համար որոշեց որդուն Կոմիտաս անվանել: Երաժշտական կրթությամբ ամուսնու համար սա լավագույն դեղամիջոցն էր,ծնվել էր իր Կոմիտասը: Բայց որդին հոր հույսերը չարդարացրեց: Կոմիտասի երազանքը ջութակահար դառնալն էր, բայց չստացվեց: Դպրոցում վատ չէր սովորում, բայց, ինչպես ինքն է ասում, ընկավ խուլիգան միջավայր, մի կողմ դրեց թուղթն ու գրիչը: Ջութակն ու հոր երազանքները հիմնահատակ մնացին անցյալում:

Դպրոցից հետո Կոմիտասը հայտնվեց Կոմիտասի շուկայում ու մնաց այստեղ: Սկզբում շոկոլադ էր վաճառում, հետո անցավ տոպրակի: Արդեն 24 տարի է՝ Կոմիտասի շուկայի հայտնի հերոսներից է: Ընդհանրապես, այս շուկայում յուրաքանչյուր անկյունն իր պատմությունն ու հերոսն ունի: Կոմիտասն էլ այս անկյուններից մեկում գտել է իր պատմության հերոսուհուն: 17 տարեկան էր, երբ վաճառասեղանի հետևում տեսավ մսավաճառ Գայանեին ու սիրահարվեց: «Աչքս վրան էի պահում, որ բան ասող չլինի»: 20 տարի առաջ իրենով արեց քմահաճ Գայանեին ու տարավ տուն: Ասում է՝ մինչև հիմա սիրում է, կնոջ մասին խոսելիս հոգնած աչքերում տարօրինակ ու գունավոր փայլ է հայտնվում: Զգացվում է, որ սերը դեռ սովորության չի վերածվել: Կոմիտասն ու Գայանեն երեք երեխա ունեն՝ Սիրանուշը, Հարությունն ու Հայկը: Կոմիտասը հավատում է, որ տոպրակ վաճառելով իր երեք երեխաների համար կապահովի բարձրագույն ուսում, որից ինքը ժամանակին հրաժարվեց: Փոքր ու պսպսղուն աչքերով նայում է աջ, ձախ ու շարունակում պատմել իր ստեղծած աշխարհի մասին: Ասում է՝ երջանիկ է, որ կարողացել է ստեղծել իր ընտանիքը, որտեղ բոլորը, չնայած դժվարություններին, սիրում են իրար:

Կոմիտասն անվերջ պատմում է ու ձեռքի հետ տոպրակ վաճառում: Արդեն վաղուց գիտի՝ ում ինչպիսի և որքան տոպրակ է անհրաժեշտ: Մեծ պայուսակից արագ բաժանում է գունավոր տոպրակներն ու սև ցուցակում ավելացնում առևտրականների անունները: Շուկայում նրան բոլորն են սիրում, ինքն էլ հպարտորեն ասում է՝ իր երեխաները միշտ ուտում են առաջին միրգն ու բանջարեղենը: Կոմիտասցի Կոմիտասը Կոմիտասի շուկայում կարևոր ու սպասված է իր ճռռացող սայլակով հանդերձ: Բզեզի արագությամբ մի ծայրից մյուսն է վազում՝ ապահովելով անհրաժեշտ քանակի ու որակի տոպրակներ: Օրվա ընթացքում հասցնում է վաճառել 300-400 տոպրակ: Շուկայում էլի տոպրակ վաճառող կա, բայց Կոմիտասի մոտեցումն ուրիշ է. նա ոչ թե մյուսների պես մի անկյուն է վարձել, տոպրակները փռել ու սպասում է հաճախորդներին, այլ ահռելի սայլակը հետևից քարշ տալով միշտ հայտնվում է այնտեղ, որտեղ ամենաշատն է պետք:

Շուկայում ճմրթված լոլիկի հյութի հետ խառնված հոսում է սնկից թափվող ջուրը, որին ճանապարհին միանում է նաև գետնին թափված տարատեսակ բանջարեղենների մածուցիկ հյութը՝ վերջում կերուխում կազմակերպելով ճանճերի ու տարատեսակ միջատների համար: Բայց այս տեսարանը՝ միայն առաջին հայացքից: Իրականում շուկայում օդում խտացած էներգիա կա, այն հորդում է այս մարդկանցից: Նրանք իրենց ապրանքը պահում են աչքի լույսի պես. զգույշ ու ձեռքերի հատուկ շարժումներով լվանումմրգերն ու բանջարեղենը, շոյելով սրբում մի քանի շերտ կուտակված փոշին ու հիանում պսպղուն բերքով: Վաճառականների հումորն էլ է ուրիշ՝ համեմված տարատեսակ համեմունքների բույրով ու համերով: Այստեղ բոլորը հերոս են, իրենց անեկդոտների ու կատակների անմիջական կատարողները: Դե, իսկ Կոմիտասն էլ՝ հերոսների հերոսը: 

Այս թեմայով