03 Սեպտեմբեր 2013, 11:47
2998 |

Կապի մեջ

Մորզեի այբուբենից մինչև թաչ էկրանով հեռախոսներ ու հեռուստացույցներ, այսպես է հնչում տեխնիկայի ասպարեզում մարդկության զարգացման բառային նկարագիրը: Սակայն Երևանում կա 40 մ2 տարածք զբաղեցնող մի վայր, որտեղ այս նկարագիրը շոշափելի է: Առաջին հեռուստացույցներն ու հայրենական պատերազմում կիրառված ռադիոկապի սարքավորումները, ԽՍՀՄ հիմն ու Բիթլզ հնչեցրած պատեֆոններն ու ազգային ռադիոյին ձայն տված՝ պատից կախվող ռադիոսարքերը կապի այս յուրօրինակ թանգարանում դեռ աշխատում են:

Երբ մի տանիքի տակ են հավաքվում ապակիով ու ջրով աշխատող հեռուստացույցը, պահարանի չափ տեղ զբաղեցնող պատեֆոնը և ռադիոընդունիչը, մոտ հինգ կիլոգրամ կշռող ձայնագրիչը, «ինչ էինք, ինչ դարձանք» արտահայտությանը սկսում ես այլ աչքերով նայել: Կապի թանգարան ստեղծելու գաղափարը դեռ չորս տարի առաջ որոշեցին իրագործել Հայաստանի ԴՕՍԱԱՖ Մաշտոց մարզատեխնիկական ակումբի տնօրեն Ռաֆիկ Գրիգորյանն ու իր ընկերը՝ այն ժամանակ Հաայաստանի ռադիոսերների ֆեդերացիայի նախագահը:

Հայաստանի ԴՕՍԱԱՖ Մաշտոց մարզատեխնիկական ակումբի տնօրեն Ռաֆիկ ԳրիգորյանըՀայաստանի ԴՕՍԱԱՖ Մաշտոց մարզատեխնիկական ակումբի տնօրեն Ռաֆիկ Գրիգորյանը

 

Գաղափարն արժանացավ Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական խորհրդի նախագահ Արկադի Տեր-Թադևոսյանի հավանությանը, ու 2008 թվականի մարտին եզակի նմուշներով բնակեցված թանգարանը հաստատվեց հենց ԴՕՍԱԱՖ-ի շենքում: Ռաֆիկ Գրիգորյանը խոստովանում է, որ այն ժամանակ դեռ չէին պատկերացնում, որ շատ չանցած 40 մ2 չի բավականացնի ցուցադրելու բոլոր նմուշները: «Թանգարանն անընդհատ է համալրվում նոր նմուշներով՝ ծանոթ-բարեկամներ, ընկերներ. բոլորն էլ իրենց տներում, նկուղներում կամ ամառանոցներում դեռ պահում են հին հեռուստացույցները կամ իրենց առաջին նվագարկիչներն ու հաճույքով դրանք նվիրում են թանգարանին: Էքսպոնատներ ունենք, որոնց համար հոգի են տալիս, անգամ Ռուսաստանից են զանգահարում ու խնդրում դրանք, ինչ թիվ ասեմ կտան դրանց դիմաց, բայց ոչ՝ դրանք մերն են, մեր թանգարանինը», — ասում է նա: Թանգարանում ցուցադրված են զինվորական, քաղաքացիական, ավիացիոն սարքեր, Հայրենական ու Արցախյան պատերազմների ժամանակ օգտագործված ռադիոընդունիչներ ու հաղորդիչներ:

Թանգարանի ծերուկը՝ Բոդոյի ապարատը, չնայած ամենահին նմուշն է ու մոտ 100 տարվա պատմություն ունի, բայց դեռ պատրաստակամ է նույն արագությամբ պտտվելու ու նեղ երկար թղթի վրա կետագծերի տեսքով վերծանելու Մորզեի այբուբենի միջոցով փոխանցվող հաղորդագրությունը: Ի դեպ, այս սարքը իմ տեսածներից միակն էր, որի վրա ռուսերենով գրված էր «Սիմենս» ապրաքանիշի անվանումը, այն էլ վերջում ռուսերեն «Ъ» տառով: 1912 թվականից ի վեր այս ապրանքանիշի անվան մեջ տվյալ տառը չի օգտագործվել: Այս նմուշը Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ուսումնական գծով փոխտնօրեն, կապի մասնագետ Գարիկ Սահակյանը դասում է իր սիրելի ու թանգարանի ամենաեզակի նմուշների շարքին: Դրանց թվում է նաև Sanyo ռադիոկայանը, որն օգտագործվել է Շուշիի ազատագրման ժամանակ:

Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ուսումնական գծով փոխտնօրեն, կապի մասնագետ Գարիկ ՍահակյանըՀայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ուսումնական գծով փոխտնօրեն, կապի մասնագետ Գարիկ Սահակյանը

Թանգարանի պարծանքն է խորհրդային կինոյում անմահացած ռոդիոընդունիչներից մեկը՝ «Գարնան 17 ակնթարթի» Շտիրլեցի ռադիոընդունիչի նմանակից կա նաև թանգարանում՝ 1937 թվականի արտադրանք է:

Սահակյանը թանգարանով շրջելիս ժպիտով է անցնում ԽՍՀՄ տարիներին հասարակ մահկանացուների համար անհասանելի ու ճոխ համարվող «Мир» ռադիոընդունիչի կողքով՝ այն թե՛ ռադիոընդունիչ է, թե՛ նվագարկիչ՝ երկուսը մեկում: Մեր օրերում նման սարքին երաժշտական կենտրոն են ասում, սակայն վստահեցնում եմ, որ այս պարագայում դրանք համեմատելի են զուտ գաղափարապես, իսկ արտաքինի ու հատկապես չափսերի միջև զուգահեռներ փնտրելն անիմաստ է:

Ռաֆիկ Գրիգորյանի համար թանգարանային ամենահարազատ նմուշը ջրով ու ապակիով էկրան ունեցող հեռուստացույցն է՝ իր դիտած առաջին հեռուստացույցը: Իսկ արդեն «Ռեկորդ» հեռուստացույցի մասին խոսում է որպես մասնագետ՝ բազմիցս նորոգել ու փոխել է իրենց տան «Ռեկորդի» լամպը:

Թանգարանի գրեթե բոլոր նմուշներն աշխատող են: Իհարկե կան այնպիսիք, որ կարիք ունեն թարմացման, բայց քանի որ դրանց մեջ օգտագործվող սարքավորումների մեծ մասը, օրինակ՝ լամպերը, արտադրությունից դուրս են եկել, վերանորոգումը խնդիր է դարձել:

Զարմանալի է, բայց խիտ բնակեցված այս թանգարանը այցելուներ, որպես կանոն, չի ունենում: Ժամանակ առ ժամանակ Դավիթաշեն համայնքի դպրոցներից տարբեր դասարաններ են բերում՝ աշակերտներին ծանոթացնելու իրենց բջջայինների ու սիրելի համակարգիչների նախահայրերի հետ: Արտասահմանցի հյուրեր՝ թանգարանում լինում են ընտրությունից ընտրություն, քանի որ ԴՕՍԱԱՖ-ի շենքում ընտրությունների ժամանակ տարածքային հանձնաժողով է նսում, օտարազգի տարբեր դիտորդները, օգտվելով առիթից, ծանոթանում են թանգարանի նմուշներին: Ավելի լայն զանգվածների համար Ռաֆիկ Գրիգորյանը դեռ չի ցանկանում բացել դռները. «Չեմ ուզում դառնանք սովորական թանգարան, որտեղ այցելում են, գումար են վճարում շրջում են: Սա պատմություն է ու պետք է պահպանվի, այդ պատճառով ենք ստեղծել թանգարանը, իսկ հետաքրքրվողներն իրենք մեզ կգտնեն»: Հաջորդ տարի Ռաֆիկ Գրիգորյանը նախատեսում է ընդլայնել թանգարանի տարածքը ու այժմ նոր, ավելի մեծ սենյակ է պատրաստում նույն շենքում: Նոր տարածքում տեղ կգտնվի բոլոր նմուշների համար:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2013

Այս թեմայով