26 Օգոստոս 2013, 11:17
2364 |

Ձեր անունը ծանոթ է

Անկախ նրանից, թե ո՞ր քաղաքական գործչի կամ շոուբիզնեսի ներկայացուցչի հետ են համընկնում մեր հերոսների անուն-ազգանունները, մեկ է, իրենք են զարդարում իրենց անունները և ոչ թե անունները՝ իրենց: Նրանք իրենց անվան տերն ու գործի վարպետն են, բառի բոլոր իմաստներով:

Ռոբերտ Քոչարյան
Սովորում եմ Ագրարային համալսարանի 4-րդ կուրսում՝ տնտեսագետ, ֆինանսների կառավարում մասնագիտությամբ: Իմ անվան հետ կապված բավականին շատ են անսպասելի դեպքերը: Ամեն անգամ նոր մարդու հետ ծանոթանալը իմ համար շոուի ա վերածվում: Երբ ինչ-որ մեկի հետ ծանոթանում եմ կամ որ իմանում են ես Ռոբերտ Քոչարյանն եմ, առաջին հարցը պարտադիր պիտի լինի՝ բարեկա՞մ եք, թե՞ չէ: Չէ, բարեկամ չենք: Հետո գրեթե միշտ հարցնում են՝ կարող ա՞ իրա պատճառով են քո անունն էլ Ռոբերտ դրել: Չէ, Ռոբերտ իմ պապիկի անունն ա, իրա անունով են ինձ կոչել: Ընդ որում, ես 1992 թվին եմ ծնվել ու էդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը դեռ նախագահ չէր: Հիշում եմ, ես տատիկիս հետ գնացի ընտրության, երբ Ռոբերտ Քոչարյանն էր ընտրվում: Արդեն ընտրություններից հետո, երբ գնացի դպրոց՝ էդտեղից էլ սկսվեցին իմ անուն-ազգանվան հետ կապված դեպքերը: Դպրոցում, զինկոմիսարիատում, բուհում ու ամեն տեղ իմ մոտիկները ու դասախոսները «պարոն նախագահ», «պարոն Քոչարյան» են ինձ դիմում, ես էլ դրան վարժվել եմ մի տեսակ: Դրա մեջ մի հատ լավ բան էլ կա՝ դասախոսները հենց առաջին օրվանից մինչև ուսումնական տարվա վերջն ինձ հիշում են: Նախկին նախագահի հետ ծանոթ չեմ: Վերջերս մեր վարչապետի հետ ծանոթացա: Ես կուսակցություն մտա, ու էդ ժամանակ ինքն էր հանձնում վկայականները: Երբ իմ անունը հայտարարեցին, վարչապետը նախ շատ զարմացավ, հետո ժպտաց ու հարցրեց՝ իսկ ուրիշ կուսակցություններից ինձ առաջարկներ եղե՞լ են իրենց շարքերը մտնելու համար: Քաղաքականությամբ քիչ եմ հետաքրքրվում, առայժմ միայն սովորում եմ: Եթե նախագահ լինեի, առաջին հերթին ոչ թե քաղաքական կամ տնտեսական, այլ ավելի շատ հոգեբանական փոփոխություններ կանեի: Ես կփորձեի էնպես անել, որ կրթության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը փոխվեր: Ինքս շատ եմ սիրում սովորել ու լուրջ եմ մոտենում կրթությանը: Ոչ թե կրթական համակարգի փոփոխություն կանեի, այլ մարդկանց վերաբերմունքը կփոխեի կրթության նկատմամբ: Օրինակ՝ այս տարի Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք էր հռչակված, բայց աշխարհի վերջի մասին խոսակցություններն ավելի շատ եղան, քան գրքի մայրաքաղաքի:

 

Տիգրան Սարգսյան
Առաջին մասնագիտությամբ ու աշխատանքով միկրոչիպերի ծրագրավորող-ինժեներ եմ, երկրորդ մասնագիտությամբ՝ երաժիշտ: Երաժշտությամբ գումար չեմ աշխատում, դա ավելի շատ հոբի է: Իմ մասնագիտությունն ու հոբին չեն հատվում, ընդհանուր ոչ մի բան չունեն: Չէ, չնայած ստեղծագործական բան երկուսի մեջ էլ կա: Աշխատանքը փող աշխատելու համար է, իսկ երաժշտությունը՝ հաճույքի, լիցքաթափվելու: Ես, եղբայրս, ընկերս խումբ ունենք, ռոք ենք նվագում: Էս վերջերս հայկական ժողովրդական երգերի վրա էինք աշխատում, բավականին հետաքրքիր ու հաջող բան ա ստացվում: Իմ անուն-ազգանունի հետ կապված ես ինքս եմ միշտ ծիծաղելի իրավիճակներ ստեղծում: Եթե հարցնում են՝ բա ի՞նչ ես աշխատում, ասում եմ՝ հեչ, վարչապետ եմ աշխատում: Սկզբից չեն ջոկում, հետո ասում են՝ վայ, դո՞ւ էլ ես Տիգրան Սարգսյան: Ինտերնետներում կեղծանուն ունեմ՝ անուն-ազգանունիս առաջին երեք տառերը՝ Sartik, նույն տառերով էլ հեռախոսիս համարն է. դե որ հիշելու դժվարություն չլինի ո՛չ իմ, ո՛չ էլ դիմացինի համար: Համ էլ հայերը սիրում են չէ՞ մեքենայի ու հեռախոսի գոլդ համարներ: Իմը գոլդ չի, բայց յուրահատուկ է: Ինչքան էլ որ Տիգրան Սարգսյանն եմ, մեկ ա, ապաքաղաքականացված մարդ եմ: Չեմ սիրում քաղաքականությունը: Չգիտեմ՝ ո՞վ է հորինել աշխարհը, բայց եթե ինժեներները հորինեին, քաղաքականություն չէր լինի: Եթե ավելի գիտական ու տրամաբանական լիներ աշխարհը, քաղաքականություն չէր լինի: Օրինակ, հիմա վարչապետ չեմ, ինժեներ եմ ու ինժեներություն եմ անում: Եթե վարչապետ լինեի, կաշխատեի գործս լավ անել: Վարչապետը կոչում չի, գործ ա, աշխատանք: Եթե վարչապետ լինեի, երկու բան կա, որ հաստատ կանեի. առաջինը՝ կշատացնեի նորագույն տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան, որ մեր երիտասարդ մասնագետները էստեղից չգնային, որովհետև հիմա շատ երիտասարդ ծրագրավորողներ են հեռանում Հայաստանից: Երկրորդն էլ երաժշտության բնագավառում կանեի: Լավ փառատոներ կկազմակերպեի ու բացի դրանից՝ դպրոցներում լավ երաժշտական ծրագրեր կիրականացնեի: Դրա համար լավ երաժիշտներ հաստատ կան, դե դպրոցում էլ երաժշտական կրթության պակասը հաստատ կա ու կա: Բայց մեկ ա, ինձ քաղաքականության մեջ չեմ պատկերացնում: Չնայած չէի պատկերացնում նաև, որ կարամ հարսանիք նվագեմ, բայց դե, մեր կիթառիստի հարսանիքին ես եմ նվագել ու ասեմ, լա՜վ էլ նվագել եմ…
Վերջերս Ղարաբաղի մասին հոդված էի կարդում ինտերնետում ու թազա բառ սովորեցի՝ մուխտառ: Ադրբեջաներեն նշանակում ա ինքնավար: Փաստորեն պետությունը շատ մուխտառ բան ա: Չնայած քաղաքականությունը մենակ Հայաստանում չի «մուխտառ», ամբողջ աշխարհում ա էդպիսին:

 

Սոնա Շահգելդյան
Ավարտել եմ ԵՊՃՀ-ն՝ պոլիտեխնիկը, աշխատում եմ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունում, որպես վեբ կայքի ադմինիստրատոր: Ասեմ, որ երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ նույն տոհմից ենք: Իմ ու իրա պապիկները հորեղբոր տղաներ են: Իսկ իմ անունը պապաս ա դրել, քանի որ Սոնան իրա սիրած անունն ա եղել: Եթե ճիշտ եմ հիշում, Սոնա անունը թարգմանաբար նշանակում է բարձրահասակ: Սոնայի հետ անձամբ էս վերջերս եմ ծանոթացել, չնայած դեռ էդքան էլ մտերիմ չենք: Ծանոթացել ենք շատ պատահական, ընկերուհուս միջոցով: Կոնյակի գործարանում էինք, Սոնան էլ էր էնտեղ, մեկ էլ ընկերուհիս՝ վա՜յ Սոնա Շահգելդյանը: Հեսա գնամ, ասեմ՝ էստեղ մի հատ էլ Սոնա Շահգելդյան կա: Ինքը շատ նորմալ արձագանքեց, ճշտեց՝ ի՞նչ բարեկամներ ենք… Դե, Սոնան «Նոր ալիք» մրցույթից սկսած ավելի լայն ճանաչում ունեցավ: Ես չեմ հիշում, թե ինքը ինչքան գումար էր շահել մրցույթում, բայց ես որտեղ ներկայանում էի, ինձ հարցնում էին՝ միլիոնը դո՞ւ ես շահել: Ասում էի՝ չէ՜, ես չեմ շահել, ես երգի հետ կապ չունե՜մ: Երաժշտություն սիրում եմ, բայց երգելուց հեռու եմ, չնայած որ Սոնայի հետ նույն տոհմից ենք ու նաև անվանակից: Լսում եմ իրա երգերը, սիրում եմ իրան, բայց ֆանատ չեմ: Սոնայի երգերից սիրում եմ իրա առաջին երգը, եթե չեմ սխալվում «Սեր» է կոչվում: Մի պահ բոլոր դասախոսներս հարցնում էին՝ դու էն երգչուհի՞ն ես: Ասում էի՝ ոչ: Իսկ դու ռուսերեն խոսել գիտե՞ս: Ասում էի՝ այո, ռուսերեն խոսում եմ, բայց չեմ երգում: Մինչև հիմա էլ հենց իմանում են՝ ես էլ եմ Սոնա Շահգելդյան, անմիջապես հարցնում են՝ ռուսերեն խոսո՞ւմ ես: Սոնան իսկապես լավ է երգում, ուժեղ ձայն ունի, էդ առումով նա չի քննադատվում, բայց դե, ինչ խոսք, ռուսերեն խոսալու առումով նրա անունը շատ էր մի պահ շահարկվում:

 

Տիգրան Կարապետյան
Ես անտարբեր եմ, երբ ասում են՝ վայ, ախպեր դո՞ւ էլ ես Տիգրան Կարապետյան ու փորձում են ինչ-որ հումորներ անել: Ես էլ ասում եմ՝հա բայց ես Կարապետյան Տիգրան Համլետի եմ, իսկ նա Կարապետօղլու… Անկեղծ ասած, Տիգրան անվան թարգմանությունը ինչքան փորձեցի գտնել՝ չկարողացա: Չգիտես ինչու «tigr» արմատի հետ են կապում: Բայց ես համաձայն չեմ: Տիգրանը ես թարգմանում եմ ազնվական, Ար արևի աստծո որդի… Տիգրան Մեծը դրա վառ ապացույցն ա: Ճիշտ ա, դիկտատոր դեմք ա եղել, բայց ծովից ծով Հայաստան ա ունեցել, իսկ հիմա ժողովրդավարություն ա, ու… Այ, երբ ինձ ասում են՝ Տիգրան Մեծի անունն ես կրում, ես դրանից հպարտանում եմ, համոզված եմ, Տիգրան Մեծն էլ ա իմ նման մտածել:
Մասնագիտությամբ արատաբան եմ, աշխատում եմ դպրոցում հատուկ օգնության կարիք ունեցող երեխաների հետ: Հոբիս մետալ երաժշտությունն ա: Հայաստանում չեն սիրում, չեն լսում էս երաժշտությունը, որովհետև դժվար, ծանր երաժտություն ա, տաշի-տուշի բան չի: Բայց աշխատանքս շատ ժամանակ ա տանում ինձանից, դրա համար էլ երաժշտությանը քիչ ժամանակ եմ կարողանում հատկացնել: Աշխատանքիս վերաբերվում եմ շատ լուրջ: Իմ մոտեցումը բոլորովին այլ է խնդիր ունեցող երեխաներին, ես նրանց արատավորներ չեմ համարում: Այլ է վիճակը մեր հասարակության մեջ. այ նրանց արատները, արատներ են բառիս ամենաբուն իմաստով: Ծուռ հայելիների միջավայրում ենք այսօր ապրում, երբ կոշկակարը դառնում է, ասենք, պատգամավոր, պահակը՝ ղեկավար… Անկախությունից հետո, մենք իջանք-հասանք 405 թիվ, երբ նոր-նոր գիր ունեինք, հիմա մեզ վերածնունդ ա պետք, որ մի 1000 տարի հետո հաղթանակների ժամանակաշրջան սկսվի մեզ համար: Թե չէ հիմա պարտությունների ժամանակներ ենք ապրում: Բայց դա էլ ա հետաքրքիր, որովհետև մենք հիմա անընդհատ պայքարում ենք, ու դրա հետևանքով բոլորս մեզ կինոյի տղա ենք համարում, ու դա էդպես ա որ կա: Իսկ եթե չպայքարենք, փափուկ աթոռին նստենք՝ կբթանանք:

 

Արամ Խաչատրյան
Մասնագիտությամբ բանասեր, աշխատանքով՝ ԵՊՀ-ի դասախոս: Բազմաթիվ անգամներ հնչել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հետ ազգականներ լինելու հարցը: Ազգական չեմ, ոչ մի կապ չունեմ կոմպոզիտորի հետ և մեր ազգում էլ միակ Արամ Խաչատրյանն եմ: Երաժշտության հետ էլ ոչ մի կապ չունեմ, նույնիսկ կոլեկտիվ հիշողություն չունեմ երաժշտության թեմայով:
Եթե այսօր դուրս գանք փողոց ու պատահական մարդկանց հարցնենք, թե ո՞վ է Արամ Խաչատրյանը, վախենում եմ՝ վիճակը ողբերգական լինի: Եթե հավատանք «Կենտրոն» հեռուստաընկերության «Արդյոք ովքե՞ր են» հաղորդման արդյունքներին, ապա իրոք, ողբերգություն է: Ավելի շատ ինչ-որ Ճ կլասի սերիալի հերոսի կճանաչեն, քան Արամ Խաչատրյանին: Ավագ սերունդը հաստստ կճանաչի, իսկ երիտասարդները մաքսիմում Արամ Խաչատրյանին որպես հանդիպման վայր իմանան, երբ պայմանավորվում են հանդիպել Արամ Խաչատրյանի արձանի մոտ: Մի անգամ համալսարանում քննության ժամանակ վիճաբանություն եղավ բոլոր ուսանողներին շա՜տ հայտնի մի դասախոսի հետ: Ասեց՝ տեսնենք Արամը արժանի՞ ա Արամ Խաչատրյանի անունը կրելուն: Ինքը ստացավ իրա արժանի պատասխանը, ես էլ՝ իմ արժանի 5-ը: Իրականում, ճիշտ ա, գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, բայց դե Արամ Խաչատրյանը ավելի շատ բան է ասում, քան Խաչատրյան Արամը: Մի անգամ դասախոսը ներկա-բացակայի ժամանակ կարդաց Խաչատրյան Արամ ու անցավ: Մեկ էլ հետ եկավ. «այսինքն՝ Արամ Խաչատրյա՞ն»…: Կոմպոզիտորն իր ժամանակին շա՜տ բան է արել, ես էլ էսօր փորձում եմ իմ մասնագիտության մեջ նույնն անել՝ կրթում եմ երիտասարդ սերնդին: Էսօր լավ սերունդ կա: Եթե հաշվի առնեմ համալսարանական ուսանողների վարկանիշը, որտեղ ես դասավանդում եմ, ապա հույս կա, որ մի ստվար զանգված կարգին մասնագետներ են լինելու: Ուղղակի քանակն ա շատ, ու դրանից որակը կորում ա: Եթե նախկինում 50 ուսանող էին ընդունում ու էդ 50-ից 30-40-ը լավն էին լինում, ապա էսօր 200 ուսանող են ընդունում, ու դրանից էլի 40-50-ը լավն ա լինում: Ես հավատում եմ սերնդին: Արամ Խաչատրյանի ընտանեկան դրությանը ծանոթ չեմ ճիշտն ասած, բայց ես ամուսնացած եմ, ունեմ 2 երեխա՝ տղա, աղջիկ: Խնդրում եմ ճշտես, ես էս առումով Արամ Խաչատրյանից առաջ եմ անցել, թե՞ հետ եմ ընկել, չնայած որ նրա հետ երբեք էլ մրցավազքի մեջ չեմ եղել:

 

Ռուբեն Հախվերդյան
Բեմական կեղծանունս Բագրատունի է, որը նաև իմ հայրանունն է: Կարծում եմ, էսպես ավելի ճիշտ կլինի՝ ամեն մեկը ներկայացնի իր ստեղծածը: Եթե նույնիսկ լինեն մի քանի նույն անուն-ազգանունը կրողներ, պետք է լինի ոճային և անվան տարբերություններ: Իմ երաժշտական ճաշակի ձևավորման և արվեստի ընկալումներում մեծ է Ռուբեն Հախվերդյանի դերը: Մեր սերունդը դաստիարակվեց նաև Ռուբենի երգերով, ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել նրա երգարվեստը: Ինձ համար շատ կարևոր է չկրկնվել նույն ոճում: Այս տարիներին ավելի շատ զբաղված եմ կիթառի դասերով, գիտեմ Ռուբեն Հախվերդյանի և Արթուր Մեսչյանի ամբողջ երգացանկը, աշակերտներիս սովորեցնում եմ նրանց երգերը կատարել կիթառի նվագակցությամբ: Ռուբեն Հախվերդյանի հետ ծանոթացել ենք 1989 թվականին, ազգային հերոս Մովսես Գորգիսյանի նախաձեռնությանբ: Վերջին տարիներին եղել են ակումբային համերգներ, որտեղ նվագակցել եմ Ռուբենին մի քանի երգերում, և այդ համերգների ժամանակ նա լսել է նաև իմ երգերը: «Տուն եմ շինել մեջն այգոյն». բանաստեղծությունը, որի հիման վրա գրվել է իմ այս երգը, վերագրվում է տասնվեցերորդ դարի բանաստեղծ Գրիգորիս Ախթամարեցուն: Փառք աստծո, հասցրել եմ այգումս կառուցել տուն, կազմել ընտանիք և ունեմ հրաշք զավակներ: Գրել եմ հարյուրից ավելի երգեր, որոնց մեծ մասը դեռ ներկայացված չեն հանրությանը: Հույս ունեմ՝ դեռ կլինի ժամանակ այդ երգերը ձայնագրելու և երգելու համար: Եթե չկա սեր, ուրեմն չկա ոչինչ... Իսկապես, «Սերն ո՞ւր մնաց». ես դեռ փնտրում եմ, հենց գտա, երգիս մեկ քառատող էլ կավելացնեմ՝ նշելով պատասխանը: Երբ եմ տեր, երբ՝ հնազա՞նդ: Իմ այդ երգի տողերը կապված են էնպիսի դրվագների հետ, երբ մեկը ամուսնանում է աղջկա հետ հանուն մեծ կարողության: Կարծում եմ՝ նման դեպքերում քահանան պսակադրության պահին պետք է հարցնի՝ «որդյակ իմ, հնազա՞նդ ես, և դուստր իմ, Տե՞ր ես...»: Իմ պարագայում Տեր եմ իմ ընտանիքին և հնազանդ միայն իմ պաշտելի ծնողների բարի խորհուրդներին: Հավատում եմ, որ մարդու միտքը զգում է իր համար ուրվագծված ճակատագրի գիծը: Կարծում եմ՝ ամեն մեկս ունենք մեզ համար նախանշված կյանքի ճանապարհը, և երբ մարդը փորձում է իր ճանապարհից շեղվել, ապրել ուրիշի նման կամ ուրիշի կյանքով՝ ճակատագրի հարվածը չի ուշանում, որը երբեմն անվանում ենք ճակատագրական: Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ հանդես չեմ գալիս: Կան մի քանի պատճառներ, բայց հիմնականն այն է, որ ներկայումս ավելի շատ զբաղված եմ կիթառ դասավանդելով: Միայն ուզում եմ տեղեկացնել, որ շուտով համացանցում տեղ գտած երգերին կավելացնեմ նոր ստեղծագործություններ:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2013

Այս թեմայով