20 Օգոստոս 2013, 17:02
3112 |

Նրանք չեն ստում

Ով այնպիսի սուտ ասի, որ նրանք ասեն՝ սուտ է, կարող է դառնալ Teen Liars-ի պատվավոր անդամ: Teen Liars-ը դեռահաս ակտիվիստներից բաղկացած իսկական ընտանիք է ու չնայած դեռահասներն իրենց սուտասաններ են անվանում՝ ընտանիքում ստելը խստիվ արգելվում է, եթե, իհարկե, սուտը չի ծառայում որևէ լուսավոր նպատակի: Նրանք ասում են, որ կան ստեր, որոնք կարող են փրկել կյանքը: Նրանք փորձում են մեր հասարակության մեջ ստի միջոցով տեղ հասցնել պարզագույն ճշմարտություններ: Փորձեցին բացատրել՝ ինչպես է գործում մեխանիզմը, բայց այդպես էլ ոչինչ չհասկացանք, ուստի կենտրոնացանք նրանց գործունեության վրա:

Պատանի ստախոսների շրջանակը ստեղծվեց մոտ մեկ տարի առաջ, Երևանի շենքերից մեկի տանիքում: Մի խումբ դեռահասներ առօրյա միապաղաղությունից փախչելու համար տանիք էին բարձրանում, զրուցում, երազում և լուսանկարվում: Թերևս նրանք չէին էլ ենթադրում, որ սովորական թվացող զբաղմունքը կարող է վերաճել հասարակական ակտիվության, ավելին՝ մարդկանց լուսանկարների ու սոցիալական հոլովակների միջոցով ուղերձներ հղելու լուրջ առաքելություն ունենալ:

Համացանցում տարածված ակտիվիստների համարձակ ուղերձներով ցուցանակներն ու լուսանկարները հետաքրքրություն առաջացրեցին, ինչն էլ ստիպեց «սուտասաններին» հանել ջրի երես՝ բերել օֆլայն հարթակ: Նրանք ընտրեցին Հաղթանակի զբոսայգին, հայտնվեցին ճիշտ ժամանակին: Վեց հոգի՝ 15-18 տարեկան պատանիներ, ովքեր կարծես ամերիկյան սերիալից լինեին ու մոռացել էին զգեստափոխվել:

Նրանցից ամենաակտիվը՝ Աբելը, առիթը բաց չէր թողնում պատմելու իր և իրենց թիմի մասին: Նիհարավուն կազմվածքով, սևազգեստ, աչքի ընկնող մեծ խաչով վզնոցով նա հիշեցնում էր վամպիրների դեմ պայքարող հերոսի՝ իր աստղային ժամին սպասող: Աբելը պատմեց, որ իրենք ծանոթացել են Երևանի ֆաստ ֆուդի կետերից մեկում, հետո պարբերաբար հավաքվում էին տանիքում և զրուցում:

«Մոխրագույն զանգվածից արդեն խեղդվում էինք ներքևում, դրա համար տանիք էինք բարձրանում, մինչև մի օր որոշեցին, որ ժամանակն է նորություն մտցնել մեր առօրյայի մեջ»:

Ասացին ու արեցին: Վերցրեցին սովորական թվային ֆոտոխցիկն ու անցան գործի: Պատանիները ֆոտոշարքեր էին պատրաստում ուղղված մարդու՝ կրոնական, սեռական կողմնորոշման ազատությանն ու իրավունքին, կանանց բռնության դեմ պայքարին և այլն: Առաջին հայացքից թվում է՝ նման թեմաները չեն կարող հետաքրքրել դեռահասներին, բայց նրանք ապացուցեցին հակառակը: ֆեյսբուքում և խմբի http://teen-liars.blogspot.com/ պաշտոնական բլոգում անընդհատ ավելանում էին թեմատիկ ֆոտոշարքերը:

Խմբի մյուս անդամներից Ֆելիքսը կամ Ֆեֆեն մեր ֆոտոնկարահանման ընթացքում հանդես էր գալիս բեմադրողի դերում, աղջիկները նրան էին հարցնում, թե ինչ դիրք ընդունեն: Վառ կանաչ տաբատ հագած Ֆեֆեն խմբի անդամ էր դրա ստեղծման օրից, տեղյակ էր ամեն ինչից: Նա պատմեց, որ իրենց ֆոտոշարքերը հանպատրաստից են լինում. «Մեր հոլովակներով հետաքրքրվել են մի քանի հասարակական կազմակերպություններ, ինչը շատ է մեզ ոգևորել շարունակելու այս գործը: Մեզ հաջողվել է ազդել մեր ընկերներից շատերի գիտակցության վրա, ավելի ազատ են դարձել, մենք ինքներս էլ ենք փոխվել»:

Ֆեֆեին նորից կանչեցին բեմադրելու հաջորդ կադրը, այդ ընթացքում զրույցին միացավ Ժաննան՝ Մայքլ Ջեքսոնի հայտնի գլխարկով: Նա պատմեց, որ պաշտում է փոփ արքայի արվեստը, ու հիմա պատրաստում է նրա տիկնիկը, որը կարևոր դերակատարում կունենա Ջեքսոնի մահվան տարելիցի օրը: ժաննան պատմեց, որ բացի Teen Liars-ից, նա գրում է հոդվածներ: Վերջինը կոչվում է «Դու պարտավոր ես ընդունել ինձ, հասարակություն»:

«Հոդվածս աթեիզմի, միասեռականության ու նմանատիկ հարցերի մասին է, ես կանգնել եմ հասարակության առաջ ու խոսել այդ թեմաների շուրջ: Չգիտեմ՝ կտպագրվի այն հայկական կայքերում, բայց արտասահմանյան բլոգներից մեկը հետաքրքրված է», - ասում է անվախ Ժաննան:

Ավելի ուշ մեր զրույցին միացան նաև մյուս աղջիկները: Իր սանրվածքով վագրուհի հիշեցնող Միշելը խոսեց ծնողների վերաբերմունքի մասին՝ ասելով, որ նրանք ոչ միայն տեղյակ են, այլև սատարում են իրեն. «Հայրս հիպպի էր, ով-ով, բայց նա շատ լավ է հասկանում, թե ինչ ենք մենք անում: Ուզում ենք, որ հասարակությունը մեզ ընդունի այնպիսին, ինչպիսին կանք»:

Էմման՝ աֆրիկյան երկար հյուսքերով աղջիկը, ով մինչ այդ լուռ լսում էր զրույցը ու ժպտում, նույնպես հաստատեց, որ երբևէ այս թեմաների շուրջ ծնողների հետ տարաձայնություններ չի ունեցել, մանավանդ, որ իրենք վատ բան չեն անում: Հենց խմբում տարաձայնությունների մասին Էմման ասաց. «Կար ժամանակ, երբ թիմում կային այլ մարդիկ ևս, ովքեր ժամանակի ընթացքում մաղվեցին, որովհետև մտածում էին միայն իրենց մասին, սակայն սա թիմային աշխատանք է: Այժմ ամեն ինչ հանդարտ է մենք համերաշխ ենք ու գիտենք՝ ինչ ենք ուզում»:

Պատանիները նշեցին, որ իրենցից բացի դաշտում կան այլ խմբեր ևս, սակայն վերջիններս զբաղված են Instagram-ում ֆոտոներ տեղադրելով: Հերթական ֆոտոշարքը, որ «սուտասանները» մտադիր են պատրաստել, կոչվելու է «Born this way» և ուղղված է լինելու մարդու էությանն ու բնությանը:

Teen Liars-ին միանալ կարող են բոլորը: Սակայն դրա համար հարկավոր է հատկանիշների մի ամբողջ փաթեթ՝ չստել, քաջություն ունենալ հասարակության առջև ներկայանլ այնպիսին, ինչպիսին կաք:

Այս թեմայով