13 Օգոստոս 2013, 15:24
592 |

Մաշտոցի 39-ի «հարսնացուն»

Չալոն է` Մաշտոցի 39-ի «բրդոտ հարսնացուն», արդեն 5-6 տարի է` այս հասցեի փաստացի բնակիչն է: Շան օրի չէ, բայց շան պես հավատարիմ է: Հաչում է միայն պետք եղած ժամանակ, կծելու սովորություն ընդհանրապես չունի: Շանը հատուկ հոտառությամբ միանգամից ճանաչում ու հաչում է կասկածելի արտաքինով մարդկանց վրա:

Չալոն չի սիրում համազգեստ ու հենց ոստիկան է տեսնում, էնքան է հաչում, որ շան հացը կտրում է: Երևի ոստիկանները ժամանակին նրա «խաթրին կպել են», թե չէ Չալոն իզուր հաչացողներից չէ: Թափառաշրջիկների վրա չի հաչում,ւ նրանց ուղեկցող շների շարասյան հետևից էլ չի գնում. ինքը «կենտրոնի աղջիկ է»:

Ամբողջ բակի ֆավորիտն է Չալոն: Նա էլ իր ֆավորիտն ունի` մուտքի բնակիչ Սարգիս Մելիքսեթյանը: Չնայած քաղաքապետարանին թափառական շների ստերիլիզացման համար բյուջե է հատկացվել, բայց բակի բնակիչներն իրենք իրենց բյուջեով են ստերիլիզացրել Չալոյին: Մի ասեղ ծակեցին, որպեսզի «շան ու գելի բաժին չդառնա»: Ծակոցի ապացույցը նրա վզի կարմիր ժապավենն է, որը «շառից, փորձանքից» հեռու է պահում Չալոյին:

Չալոն իսկական գուրման է ու բակի բնակիչները դա լավ գիտեն: Թթվասեր, քաղցրավենիք, տնական ճաշ ու անպայման պաղպաղակ: Դպրոցականները խանութից միշտ մի պաղպաղակ ավելի են գնում` Չալոն պաղպաղակ շա~տ է սիրում: Դե իսկ բակի տիկնանց խոհանոցը Չալոյի համար առանձնակի հաճույք է, նա միշտ մեծ ախորժակով է համտեսում բոլորի հյուրասիրածը:

Չալոյի համար բոլոր կոմունալ հարմարություններն ապահովված են: Կեսօրին «դանթում է» մուտքում, որտեղ նույնիսկ «անկողին» կա նրա համար, գիշերը քնում է Կոնսերվատորիայի այգում. էնտեղ էլ գիտեն նրան, էնտեղ էլ սիրված հյուր է:

Բակի «սանիտարն է» նա: Հենց սկսեց մուտքում «տնավորվել», մուտքը դադարեց հասարակական պետքարան լինել: Չալոն պարզապես դա չի հանդուրժի:

Զգուշացնող երկտող կա այն մուտքում, որտեղ Չալոն է քնում` «Խնդրում ենք շանը մուտքում չկերակրել»:

Մի անգամ թափառական շուն հավաքողները տարել էին Չալոյին: Թեև նրանք դրա իրավունքը չունեին, որովհետև Չալոյի վզին կարմիր ժապավեն կա՝ վկայող, որ շունը ստերիլ է, տեր ունի, իսկ այս դեպքում` տերեր: Բնակիչներին մի կերպ հաջողվեց Չալոյին փրկել պարտադրված տեղահանումից:

Չալոն կիրթ երևանցի է`փողոցն անցնում է միայն գծանշված տեղով ու կանաչ լույսով: Դեռ ոչ ոք չի տեսել, որ նա խախտի երթևեկության կանոնները: Բակից բացակայել է ընդամենը մի անգամ, այն էլ ոչ սեփական կամքով: Դավիթաշեն էին տարել, մեծ տան ընդարձակ բակ: Բայց Չալոն ուրիշ շուն է… 5 օր շարունակ հացադուլ էր հայտարարել ու նույնքան օր էլ լաց եղել: Բակի բնակիչները հետ բերեցին նրան: Ո~նց էր ուրախացել, երբ «իր տունն» էին հետ բերել, փաթաթվում էր հին տերերի ոտքերին, պոչը խաղացնում: Ախր կենտրոնի աղջիկն ի՞նչ գործ ունի Դավթաշենում` կատակում էին թաղի բնակիչները:

Մաշտոցի 39-ի «հարսնացուն» դեռ միտք չունի «հորական տնից» հեռանալու, այստեղ նրան աչքի լույսի պես են պահում:

Այս թեմայով