11 Օգոստոս 2013, 23:07
267 |

Շնասերներ, միացե՛ք

Անգլիական այգում բոլորին անակնկալի բերեց լայկա ցեղատեսակի շան հետ այգում հայտնված երիտասարդը: Նա եկել էր մասնակցելու «Բե՛ր քո սեփական շանը» միջոցառմանը:

Անգլիական այգում կիրակնօրյա հանգիստ էր: Երիտասարդներն ու տարեցները խումբ-խումբ եկել էին զբոսնելու, փռվելու խոտերին ու զրուցելու: Բոլորին անակնկալի բերեց լայկա ցեղատեսակի շան հետ այգում հայտնված երիտասարդը: Նա եկել էր մասնակցելու «Բե՛ր քո սեփական շանը» միջոցառմանը: Կազմակերպիչները, բանից պարզվեց, հաշվի չէին առել «Արգելվում է զբոսնել շների հետ» ցուցանակը: Այն, ի դեպ, այգու մուտքի մոտ չէր փակցված, այլ ծառերից մեկին, այնպես որ կես-կատակ, կես-լուրջ որոշվեց հավաքը, այնուամենայնիվ, անցկացնել այդ այգում, միայն թե այդ ծառից որքան հնարավոր է հեռու:
«Dream Crazy» նախաձեռնության և Mr. Paw Pet Services կազմակերպության կողմից նախաձեռնված միջոցառման նպատակն էր հնարավորություն ընձեռել շնասերներին և շնատերերին հատուկ հրավիրված մասնագետի միջոցով պատասխաններ ստանալ շների խնամքին վերաբերող զանազան հարցերի շուրջ:
Թեև առաջին նման հանդիպմանը հետաքրքրություն էին ցուցաբերել ընդամենը մի քանի շնատերեր՝ իրենց հետ բերելով բաքսյոր, շպից և բուլդոգ ցեղատեսակի շների, քննարկումը կայացավ, իսկ մասնագետը կիսվեց խորհուրդներով: Շնատերերն ուշադրությամբ լսում էին, իսկ շներն այդ ընթացքում հասցրեցին իրար հետ վազվզել, թռչկոտել, պառկել խոտերին, հաչալ և անգամ սիրահարվել: Չորքոտանիներն իրենց լավ էին զգում, լեզուն կախ արագ-արագ շնչում էին՝ համառորեն դիմադրելով շոգին:

«Բե՛ր քո սեփական շանը» նախաձեռնությունը շարունակական հանդիպումներ է կազմակերպելու և, բացի շան խնամքի հետ կապված հարցերում օգնելուց, շատ ավելի մեծ ու կարևոր նպատակ է հետապնդում՝ Հայաստանում զարգացնել արտասահմանյան Pet Park կոչվող պրակտիկան: Հայաստանում և, մասնավորապես, Երևանում չկա նման զբոսայգի կամ այլ կանաչ հատուկ տարածք, որտեղ թույլատրված լինի ոչ միայն զբոսնել չորքոտանի ընկերների հետ, այլև վարժեցնել ու մարզել նրանց: Իսկ Երևանում շուն պահողները տարեցտարի ավելանում են: Ի դեպ Pet Park գլուխ բերելու նպատակով կազմակերպիչներն արդեն օրինագիծ են մշակում: Արդարացի չի լինի պնդել, թե Երևանում առանց այդ էլ կանաչ տարածքները շնից շատ են, ուստի ևս մեկ կանաչ տիրույթ ընտանի կենդանիների համար հաստատ ոչ մեկին չի խանգարի:

Այս թեմայով