11 Օգոստոս 2013, 22:55
2682 |

Կիզիչ Նոր Տարի (վիդեո)

Բիբլիական Արարատի լանջերին ապրող Հայկի սերունդն ուներ Աստվածների մի ամբողջ տոհմածառ: Իհարկե, քրիստոնեության մուտքը նշանավորվեց դարավոր մշակույթի ու ոսկեղենիկ դիցաբանության ոչնչացմամբ: Սակայն պատմությունը չէր կարող անհետանալ:

21-րդ դարում այդ նույն ժողովուրդը փորձում է բեկոր առ բեկոր վերականգնել դարերի պատմություն ունեցող ավանդական, ազգային կրոնի՝ կրակապաշտության ու բազմաստվածության պաշտամունքը: Հին հայկական տոմարով օգոստոսի 11-ը Հայկյան սերունդը նշում է Նավասարդը՝  Նոր տարին: Հայ հեթանոսները օգոստոսի 11-ին Արագածի լանջերին վառված կրակը սկզբում հասցնում են Նոր Նորքում գտնվող Հայկ Նահապետի արձանի մոտ, որտեղ հարգանքի տուրք են մատուցում առ Հայկ Նահապետը: Ծիսակարգից հետո սրբազան կրակն ուղևորվում է Գառնու տաճար, որտեղ էլ քրմական խորհրդի ու հեթանոսների մասնակցությամբ տեղի է ունենում Նավասարդյան արևավառ տոնի արարողակարգը:

Այս տարի էլ Գառնու տաճարում հավաքված բազմությունն ականատես եղավ ոչ միայն  ավանդական ծիսակարգին, այլև դիցաբանական տոնին հարիր խրախճանքի՝ լի տոնական ուտեստներով, երգ ու պարով: Հեթանոսները բերքառատ Նավասարդին հայ ուխտավորներին ու օտարերկրյա հյուրերին հավաքեցին Գառնու տաճարում՝ ինչպես հարկն է նշելու 4-րդ հազարամյակը թևակոխած Նավասարդյան տոնը: Օտարերկրյա հյուրերի պակաս չէր զգացվում: Տուրիստները շուրջպար էին բռնել տաճարի սյուների տակ ու ինքնամոռաց նշում էին ամանորը: Լոնդոնցի երեք լեդիներն օրինակ, թեև զուսպ էին հետևում արարողակարգին, բայց ի վերջո չդիմացան ու միացան շուրջպար բռնած արիացի հարևանններին՝ իրանցիներին: Ու բոլորը միաբերան նշում էին, որ վերանայել են իրենց օրացույցները, այսուհետ կլինի Նավասարդի 1, 4 505 թվական:

Տոնի մասնակից Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին էլ իր հերթին հավելեց, որ Հայաստանի հանդեպ իր սերն ավելի է ամրապնդվում, երբ մասնակցում է նմանօրինակ ժողովրդական միջոցառումներին:

Քեֆ, ուրախություն, փառաբանում ու կերուխում: Իսկական հեթանոսական միջոցառում. շնորհավոր Նոր Տարի: 

Այս թեմայով