08 Օգոստոս 2013, 15:51
2117 |

«Մրջնանոցի» նոր գույները

«Մոդելները» հերթով սկսեցին դուրս գալ՝ կաշկանդվելով հանդիսատեսի հայացքներից ու շլացնող լուսարձակներից: Ամեն հաջորդ հագուստի ցուցադրման ժամանակ ավելի ու ավելի համարձակ էին դառնում, դիրքեր ընդունում լուսանկարիչների համար:

Հայկական փաբերից մեկում հնդկական ելևէջներ էին. հենց դրանց ներքո էր ներկայացվում Ants խանութի նոր հավաքածուն: Հիմնականում Հնդկաստանից և հարակից երկրներից բերված նոր գունագեղ հագուստը, բնական քարերով զարդերն ու պայուսակները ցուցադրում էին երիտասարդներ, որոնք երբևէ առնչություն չեն ունեցել մոդելային բիզնեսի հետ: Ճիշտն ասած՝ դրա կարիքն էլ չկար, որովհետև սա բարձր նորաձևություն չէ, այլ ամենօրյա հագուստ: Նախքան սկիզբը պարզ դարձավ, որ հագուստի ցուցադրության համար մի հոգի պակասում է:

Սեղաններից մեկի մոտ նստած շիկահեր սիրունիկ աղջիկը միանգամից թիրախի դերում հայտնվեց: Կազմակերպիչներից մեկը հարցրեց. «Կուզե՞ս մոդել լինել»: Զարմացած աղջիկը դրական նշան արեց գլխով ու նրանք անհետացան կարմիր նախշազարդ վարագույրի հետևում:

Խանութի հիմնադիր Վահանը՝ երկար դրեդերով, բեղ-մորուքով, մի ձեռքին՝ վիսկի, մյուսում՝ ծխախոտը, ժրաջան մեղվի պես պտտվում էր մոդելների շուրջ, ցուցումներ տալիս, որոշում բեմ դուրս գալու հերթականությունը: Փորձնական «ելույթից» հետո հույս կար, որ բուն ցուցադրության ժամանակ այլևս վազելով չեն անցնի բեմով, որպեսզի հանդիսատեսը հասցնի տեսնել այն, ինչի համար եկել է:

Թվում էր՝ հնդկական տանտրիկ երաժշտությունն ուր որ է, բոլորիս կտեղափոխի ինչ-որ մի դրախտային վայր, քիչ էր մնում՝ մոռանայինք, թե ինչի համար ենք հավաքվել: Բայց գործի անցավ ԱՄՆ-ից ժամանած դիջեյը՝ «երաժշտության գործարանը» ողողելով ռիթմիկ բիթերով: «Մոդելները» հերթով սկսեցին դուրս գալ՝ ամոթխած ու կաշկանդվելով հանդիսատեսի հայացքներից ու շլացնող լուսարձակներից: Ամեն հաջորդ հագուստի ցուցադրման ժամանակ ավելի ու ավելի համարձակ էին դառնում, դիրքեր ընդունում լուսանկարիչների համար: Մի խումբ երիտասարդ աղջիկներ ու տղաներ էլ հավաքվածներին ուրախացրեցին բրազիլական ազգային մարտարվեստի՝ կապոեյրայի շարժումներով ու հնարքներով՝ ցուցադրելով իրենց ճկունությունն ու դրա հետ մեկտեղ՝ հագուստի հարմարավետությունը: Իսկ հագուստները…. մեկը մյուսից գունեղ, զանազան, երկրաչափական, բուսական ու ծաղկային նախշերով, պայուսակները՝ ձեռագործ, զարդերը՝ հյուսածո և կամ ոսկեզօծ ու արծաթազօծ:

Ընդամենը կես ժամում ամբողջ սրահը լցվեց արևելյան ջերմ գույներով ու արևով, իսկ ցուցադրության ավարտից հետո մթնոլորտն էլ ավելի ջերմացավ, երբ բոլորը միացան դիջեյի պարգևած երաժշտությունը պարով «համեմելու» գործին: Երեկոն թեժացավ, մոդելներն իջան աստղային բեմից ու նորից դարձան մահկանացու: Ի դեպ, չմոռանամ վաղը գնել «այ էն կարմրամազ աղջկա ներկայացրած կապույտ վերնաշապիկը»:

Այս թեմայով