02 Օգոստոս 2013, 17:39
6357 |

Չփխողները

Հինգ տարի հետո պետք է ազատ արձակես, լվանաս, չփխես: Եթե այս ժամկետն անցնի, և ավելի երկար քնեցին վրան, քեչա կդառնա: Հաճախ դուրս տալու ու ծեծելու դեպքում էլ կփշրվի՝ կորցնելով նախկին կուսական տեսքը: Բուրդը շնչել է սիրում, գոնե մեկ օրով: Սիրում է ճիպոտով դաղվել, օդում պար գալ, թռչկոտել:

Ռոմելլա Աթաբեկովնան շատ լուրջ, խոժոռ հայացքով, ունքերը կիտած նայում է ծնկների առաջ անօգնական փռված դոշակին: Այնպիսի տպավորություն է, որ մթելի կարերը քանդելիս կարևոր որոշում է կայացնելու, ճակատագրական: Նույնքան խիստ հայացքով առանձնացնում է բուրդը մթելից: Ոչ մի թանկարժեք թելիկ կամ փունջ չպետք է թողնել կտորի վրա՝ մեծ կորուստ կլինի: Բրդերը սահելով ու վազելով դուրս են պրծնում իրենց նեղ բանտից: Եկել է ազատության ժամանակը:

Ռոմելլայի համար այն սկսվեց իր ծննդավայր Բաքվում, դպրոցն ավարտելուն պես: Պատմում է, որ ատում էր դպրոցը պատմության դասերի և ուսուցչուհու պատճառով, որն իրեն հաճույքով «երկուսներ» էր շարում: Տանը սովորում էր, գալիս, գրատախտակի մոտ մոռանում: 10-րդ դասարանում էլ հերթական երկուսը ստանալուց հետո, նա վիճեց ատելի ուսուցչուհու հետ, առհավետ հրաժեշտ տվեց ուսմանն ու երկու ձեռքով ամուր գրկեց իր ազատությունը: Բայց թռչկոտելու ժամկետը քիչ էր, սիրահարվեց, ամուսնացավ իր մանկության սիրո՝ Ռոբերտի հետ, տեղափոխվեց Երևան և ունեցավ միակ դստերը: Հետո կոշիկի ֆաբրիկան էր, կարի ֆաբրիկան, աշխատեց ու աշխատեց: Լրջացավ ու խստացավ: Պատերազմի տարիներին սիրելի Ռոբերտին ճանապարհեց Ղարաբաղ: Ֆաբրիկաները փակվել էին, ամենուրեք անգործություն էր, սով: Ռիման դարձավ հացավաճառ: Ռոբերտը վերադարձավ, թուլակազմ, հիվանդ սրտով:

Պատերազմն իրենն արել էր: Սրտի հիվանդությունից էլ մահացավ: Իր կյանքի մասին Ռոմելլան այնպես է պատմում, կարծես անգիր արած պատմության դասն է փորձում կետ առ կետ հիշել: Հայացքը չի մեղմանում, ձայնը չի փոխվում: Անցած, գնացած բաներ են: Ռոմելլան կարծր կին է, պինդ, ուժեղ, իր ճիպոտի նման: Նա բուրդ չփխելն արհեստ և վաստակ դարձրեց 58 տարեկանում: Խմորին սովոր ձեռքերը ճիպոտը վերցրին: Հատուկ հմտություններ պետք չեն, լավ գիտի՝ ինչը ոնց, երբ, ինչից հետո: Բրդի գործը սովետի հարսները պետք է պարտադիր իմանային: Ամեն կին բուրդ լվանալու, չփխելու, վերմակ-դոշակ կարելու դասերը նախ ստանում էր մորից, ապա ուսումը շարունակում սկեսրոջ մոտ:

Ռոմելլան այնքան լավ է յուրացրել «Բուրդ» առարկան, որ 15 տարի առաջ որոշեց այն դարձնել մասնագիտություն և վճարովի ծառայություններ մատուցել անկարող և ոչ տնական կանանց: Մայիսից-սեպտեմբեր բրդի սեզոնը եռում է: Դավթաշենում Ռոմելլային լավ գիտեն, նրա ծառայությունները մեծ պահանջարկ ունեն, քանի որ վերջին տարիներին ոչ տնական կանանց թիվն ավելացել է:

Չփխելու պահն է: Ճիպոտի ամեն մի հարվածից բուրդը կենդանանում է: Զույգ ծայրերը մխրճվում են «մարմնի» մեջ: Սկսվում է երկար սպասված պարահանդեսը:

Հավանաբար, միայն կովկասյան տանիքներին և բակերում կարող ես տեսենլ բրդի կույտերը՝ սավանի երկայնքով մեկ փռած: Եվրոպացիների համար սա օտար մշակույթ է, էկզոտիկ և անհասկանալի: «Եվրոպացիք թող քնեն անհարմար, արհեստական կտորներից սարքած դոշակների վրա: Բրդի տեղաշորն ուրիշ է», - ասում է Հասմիկը: Նա նույնպես բրդի բիզնեսով է զբաղվում, բայց Երևանի մյուս ծայրում ՝ Չարբախում: Ասում է՝ պետք է սիրես բուրդը, որ նա էլ քեզ սիրի. «Բուրդն էներգիա ունի: Զգում է, երբ չես սիրում իրեն»: Հասմիկը ինքն էլ էներգիայի կծիկ է: Մթելները քանդել է, բուրդը լվացել ու պատրաստվում է չփխել: Բայց նախ ներկայացավ իմ խնդրանքով՝ առանց շունչ քաշելու ասաց անուն - ազգանունը, ծննդյան թիվը, վայրը, նշեց ընտանիքի անդամների քանակն ու անունները: Ճիշտ և ճիշտ նույն արագությամբ ու էներգիայով էլ ճիպոտն էր շարժում՝ արագ ու անսխալ խաղում բրդի հետ. «Ես սիրում եմ խաղալ ջրի հետ: Իսկ երբ բուրդ եմ լվանում, երկու երնեկ հայտնվում են ձեռքիս տակ»: Բրդերը լող են տալիս ջրի մեջ: Անհագ կլանում են ջուրը, ծանրանում, միս ու արյուն ստանում: Հետո խճճվում են մատների արանքում, սուզվում, բարձրանում, վայելելով իրենց կարճատև ազատությունը: Ջրից հագենալուց ու հոգնելուց հետո պետք է հանգստանալ ցանցի վրա: Թուլացած ու նվաղած բրդերը առողջանում են, նախնական տեսքի և մաքրության գալիս:

Չփխելու պահն է: Ճիպոտի ամեն մի հարվածից բուրդը կենդանանում է: Զույգ ծայրերը մխրճվում են «մարմնի» մեջ: Սկսվում է երկար սպասված պարահանդեսը: Հասմիկն ամեն անգամ ավելի ուժեղ, ավելի եռանդով է հարվածում, կարծես վրեժ է լուծում ինչ-որ մեկից, կանացի ծածուկ վրեժ: Որքան ուժեղ է խփում, այդքան բարձր է լսվում ճիպոտի ֆսսոցը: Ասում է՝ յուրաքանչյուր զարկի հետ բացասական էներիգիան դուրս է գալիս. «Հոգնելու փոխարեն հանգստանում եմ»: Խրախճանքն ավարտվում է, և բուրդն անհոգ ու մերկ արև է ընդունում տանիքին, կամ բակում, բոլորի աչքի առաջ, բաց, անամոթ: Հասմիկը ջանասեր մրջյունի նման արագ տեղափոխում է բացված բրդի փաթիլները և նույնքան արագ էլ պատմում իր մասին: Էջմիածնում է ծնվել, դպրոց գնացել, երազել դասատու դառնալ. «Հայոց լեզվի գրական բառերն ինձ դուր են եկել, կինը պետք է գեղեցիկ խոսի»: Հենց գրական հայերենով էլ պատմում է իր սիրո մասին: «Նա ինձ փախցրել ա»: Արդեն մեկ տարի է՝ մահացել է ամուսինը, որով մինչ օրս էլ հպարտանում է. «Խաչիկս շատ անմեղ, լավ տղա էր»: Բուրդը հնազանդվում է Հասմիկի ձեռքերին, խելոքանում: Ասում է, որ մանկուց գիտի բուրդը սանզելու ձևերը: Հարևանների, բարեկամների ու անծանոթների համար բուրդ չփխելը նրանց տոհմում ընդունված է եղել: Հասմիկը նույնիսկ պատմություններ գիտի բրդի մասին: Երբ ցավող տեղ ունես՝ պետք է բուրդ դնես: Բուրդը բուժող հատկություն ունի, էներգիա ու ջերմություն է արձակում: Բոլորին պատմում է այս պատմությունը, որ սեր առաջացնի բրդի հանդեպ, որ արտասահմանցիների նման չվազեն դեպի սինտիպոնը: 25 տարի է՝ այս գործով է զբաղվում, և այս ընթացքում դոշակների ու վերմակների միջից 5 անգամ թուղթ ու գիր է հանել: Ձեռքն արդեն սովորել է: Ծրարը բացելուն պես անմիջապես իրեր է փնտրում: Պատմում է, որ մի անգամ էլ 10-ը հատ 100 դոլարանոց գտավ դոշակի միջից և երկու ոսկե շղթա: Բոլորը վերադարձրել է տերերին ու պատկերացնում է, թե ոնց են ուրախացել: Բրդերն արդեն չոր են: Գործը ավարտեց:

83-ամյա Արաքսի տատին խնամքով հավաքում է բուրդը, լցնում դրանք դոշակի մեջ, որն առայժմ տձև պարկի է նման: 7 տարի է, ինչ Արաքսին Բանգլադեշի «բրդի տատիկն» է: Ի տարբերություն Հասմիկի, նա շատ չի խոսում: Դանդաղաշարժ, հանգիստ, լուսավոր տատիկ է: Ժպիտը դեմքին՝ դանդաղ, հավաքում է մաքուր, ճռճռացող բուրդը, որը շուտով կրկին բանտարկվելու է մի քանի տարով: Վերջում մնում են «ամենաալարկոտները»: Արաքսին դրանք նույնպես վերցնում է, ներս խցկում ու սկսում կարել, հետն էլ ինչ-որ երգ է մտմտում: Նրա ծերացած, կնճռոտ ձեռքերն արագ անցնում են ծրարի բերանով: Արաքսին նույնպես Ադրբեջանում է ծնվել, Դաշկեսան գյուղում: Ի տարբերություն իր երկու «կոլեգաների», նա անձնական կյանքում հաջողակ չի եղել: «Մի օր եկան եղբորս հետ խոսեցին: Հաջորդ օրն առավոտյան իմացա, որ մարդի եմ գնում»: Չհասցրեց էլ մի լավ ճանաչել ամուսնուն, որդին երկու տարեկան էր, ամուսինը գնաց պատերազմ ու չվերադարձավ: «Հավաքարար եմ աշխատել, բետոնչիկ, կար եմ արել, հետո ճաշարանում սկսեցի աշխատել: Ես մաթեմատիկայից լավ էի, բայց դե Դաշկեսանում ո՞վ ա ինչ դառել, որ ես ինչ դառնամ»: Հայ կնոջ համեստությունն ու խոհեմությունը դաջված են Արաքսի տատի աչքերի խորքում: Վերմակը ութ հատ ասեղով է կարում: Ասում է՝ իր համար դա հաճելի զբաղմունք է, թեև արդեն ծերացել է և նախկին ուժը չունի: Արաքսիին կողքի բակերից էլ են դիմում: Հավանաբար, վստահում են ծեր կնոջ մաքրասիրությանը, պարկեշտությանը: Ինքը, Արաքսին, ժամանակակից կանանց քննադատում է, գլուխը տմբտմբացնելով. «Մաքրասեր չեն: Կարում չեն, անում էլ չեն, բեզարած են>, - ասում ու ութերորդ ասեղով վերջին անգամ ծակում է մթելը:

Այս թեմայով