12 Օգոստոս 2013, 11:27
8340 |

«Կոպեկանոց» չգնա՞նք

Արձակագիր Գուրգեն Խանջյանը խոսում է այն մասին, թե ինչու «Կոպեկանոցի» ու հին երևանյան մյուս սրճարանների վերացման հետ շատ բան կորավ քաղաքից:

Երևանը հեռացող քաղաք է, նա սրընթաց հեռանում է, գալիս է թախիծը, կարոտախտը: Ես, պատահում է, երևակայությամբ դարձնում եմ, կոլաժում, մոնտաժում եմ իմ քաղաքի ժամանակը՝ փողոցներ, այգիներ, խանութներ, սրճարաններ, մարդիկ, հարաբերություններ, շփումներ՝ կորստյան վախը մոռացության մշուշից դուրս է հանում նրանց, դնում թղթի վրա՝ ստեղծելով պատրանք, թե քաղաքը չի չքվում, մնում է:

«Սանասար, Բաղդասար», «Սկվազնյաչոկ», «Արաքս», «Պապլավոկ», «Անահիտ», «Դերասան», «Կազիրյոկ», «Արգիշտի», «Կոպեկանոց»՝ Քաղաքային սրճարաններ, որոնք տասնամյակներ շարունակ ունեցել են իրենց մշտայցելուները, քաղաքային ավանդույթ, կոլորիտ են ձևավորել, վերացան, մնացել է միայն «Կազիրյոկը» (տիկին Հռիփսիմեի համառ սիրո շնորհիվ), արագ վերացան, ասես դարանած ինչ-որ թշնամի վաղուց առիթի էր սպասում: Ավանդույթի մաս կազմող էլի շատ բաներ վերացան՝ կինոթատրոններ, խանութներ, պուրակներ, նրբանցքներ, բակեր, տրամվայներ, ցայտաղբյուրներ: Չենք սիրում մեր քաղաքային ավանդույթները, քաղաքային կոլորիտի նշանները, սրանից տրամաբանական եզրակացություն՝ չենք սիրում մեր քաղաքը, միայն շահագործում ենք: Երևանի նկատմամբ գերմեծ սիրո անդադար, տեղի-անտեղի խոստովանությունները, բյուրավոր ոտանավորներն ու երգերը երևի թե ենթագիտակցորեն մեղք քավելու արտահայտություն են:

Հատկապես ցավալի էր «Կոպեկանոցի» (նաև ասում էին՝ «Նկարիչների կաֆե») կորուստը, ասես սրբատեղի լիներ, նրա մշտայցելուների անունները թվարկելն իսկ պատիվ է՝ Հրաչյա Ներսիսյան, Հովհաննես Շիրազ, Կոստան Զարյան, Երվանդ Քոչար, Սեյրան Խաթլամաջյան, Վրույր Գալստյան, Ռուբեն Ադալյան, Լևոն Ներսիսյան, Էդմոն Ավետյան, Սամվել Խանդիկյան, Ռուբեն Հովնաթան, Յուրա Բաբայան, Սիփան Շիրազ, Խորոզ, Ազատ Շերենց, Ֆրունզիկ Մկրտչյան՝ ահա այսպիսի սրճարան, որ տասնամյակներով այս մարդկանց ներկայության, նրանց հանդիպումների, խոսքուզրույցի, կատակների, բանավեճերի ասպարեզն էր: Վերացրին, վերածեցին ռեստորանի՝ «Էյֆելյան աշտարակ», չաշխատեց, հիմա փորձում են ուրիշ ինչ-որ բան անել, երևի էլի ռեստորան, ասենք՝ «Բաբելոնի աշտարակ», «Հոլիվուդ», «Մայամի բիչ», «Արբատ», «Սանսեթ», «Մալիբու», եսիմ էլի ինչ բու բու բու (չեմ պատկերացրել, թե այսքան օտարամոլ, այսքան սնոբ ենք, խորհրդային ժամանակաշրջանում ռուսերենն ու ռուսաստանյանը պարտադրվում էին, հիմա ո՞վ է պարտադրում): Ոմանք ասում են՝ հին ավանդույթները վերացվեցին, փոխարենը նորերն են ստեղծվում: Ծիծաղելի է, մեր այս նոր մենթալիտետով, մեր անտակ ագահությամբ՝ նոր ավանդույթներ: Ավանդույթը տասնամյակներով է ստեղծվում, իսկ այսօր ոչինչ չկա, որ համոզի, թե գոնե մի քանի տարի նույնությամբ գոյատևելու է, ուզածդ սրճարան վաղը կարող է վերածվել վրացական պուրիի ու խաչապուրու թխման փռի կամ ինչ-որ օֆիսի, կամ էլ եսիմ ինչի: Քաղաքային ավանդույթների նշանները վերացնելով՝ թուլացնում ենք երևանցու կապն իր քաղաքի հետ, սա նույնպես պակաս պատճառ չէ, որ երևանցին այսօր հեշտորեն է լքում իր քաղաքը, երկիրը, որովհետև նա օրեցօր օտարվում է, այս մոնստրացող քաղաքն այլևս իրենը չէ, շուկայինն է, շահամոլինը, անկուշտինը, այն տնօրինում, ձևավորում է սպառողական անկուշտ, անհոգի հոգեբանությունը, շահի, չոր պրագմատիզմի հոգեբանությունը, կեցության ամերիկյան ձևն ենք ընտրել՝ փողից հոտ չի գալիս, շահ, շահ, միայն շահ, և փորում ենք, կրծում, քանդում, խեղում, բետոնում, կցում-կցմցում՝ վերից, վարից, կողքերից՝ միայն թե մի քիչ էլ տեղ բացվի առուծախի համար, ոչ մի կապվածություն, կարոտ, հարգանք, հուշ, առաջ՝ դեպի համատարած շուկայացում: Խեղճ Երևան:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N12, 2012

 

Այս թեմայով