03 Սեպտեմբեր 2013, 11:23
2051 |

Ավելի ուշ կտեսնվենք

Երևանի դասական երաժշտության կյանքի զարկերակը լուռ չէ նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և հիմնադիր ու ղեկավար Սերգեյ Սմբատյանի շնորհիվ: Գործի բերումով շատ ճանապարհորդելու հետ մեկտեղ նա կարոտում է Երևանի ջերմությունը և մնում քաղաքի իսկական նվիրյալ:

Պրոսպեկտի վրա գտնվող Միքայելյանի անվան ծննդատանն եմ ծնվել՝ սեպտեմբերի 23-ին: Հայրս այդ ժամանակ քաղաքում չէր:

Չարենցի փողոցի շենքերից մեկում է անցել ողջ մանկությունս: Մինչ այժմ էլ այդ բնակարանում եմ ապրում՝ տատիկիս ու պապիկիս տանը: Շատ եմ ճամփորդում, բայց չափազանց կապված եմ տանս ու մայրաքաղաքիս հետ:

Չորս տարեկանից ջութակ եմ պարապել տանը՝ տատիկիս՝ Տատյանա Բագրատովնայի շնորհիվ: Նա Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ղեկավարն էր, հեռու էր կենցաղային խնդիրներից ու խիստ էր իմ՝ երաժշտական դաստիարակության հարցում: 6 տարեկանում օրը 4-6 ժամ ջութակ էի պարապում, որովհետև սիրում էի:

Բակում ֆուտբոլ էինք խաղում առավոտից երեկո: Տղայական կռիվները բակում անխուսափելի էին, նամանավանդ ինձ նման մաքսիմալիստական հայացքներ ունեցող մարդու համար: Մանկությունը կյանքի փուլ է, որի միջով պետք է յուրաքանչյուրն անցնի՝ հասունանալու և հասկանալու համար, թե ինչ է ուզում ապագայից: Ինձ երջանիկ մարդ եմ համարում, որովհետև անցել եմ այդ փուլը, խաղացել եմ բակում, լավ ընկերներ եմ ունեցել:

Ավարտել եմ Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցը, բայց մինչև 5-րդ դասարան Մոսկվայում եմ դպրոց հաճախել: Եթե չվերադառնայի Երևան ու չկապվեի դպրոցիս հետ, երաժշտական կարյերա չէի ունենա: Կարող ես լավ ուսուցիչ ունենալ, լինել տաղանդավոր ու աշխատասեր, բայց եթե չկա համապատասխան միջավայր, որը ճիշտ է արժևորում քո տաղանդը ու ոգևորում է քեզ, ոչնչի չես հասնի:

Մանկությանս ընկերների հետ կապը մինչ այժմ էլ պահպանվում է: Նրանք աշխարհով մեկ են սփռված ու հիմնականում երաժիշտ են: Պարադոքսալ է, բայց Խորհրդային Միության տարիներին յուրաքանչյուր երևանցի իր տանը ուներ աթոռ, սեղան ու դաշնամուր, նույնիսկ եթե չէր տիրապետում գործիքին: Դա ապացուցում է՝ մեր արյան մեջ դրված է հարգանքը դեպի դասական երաժշտությունը:

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան եմ ավարտել: 15 տարեկանում ընդունվեցի կոնսերվատոիա, որովհետև մրցույթ շահեցի: Չեմ ասի, որ իմ ամենաերանելի տարիներն էին, որովհետև եթե այդպես ասեմ, կնշանակի, որ այժմ երջանիկ չեմ ու կարժեզրկեմ ապագաս: Երջանկությունը գենետիկորեն մեզ փոխանցված հորմոն է: Ցավոք, քայլում եմ փողոցով ու զգում եմ, որ մեր հասարակության ներկայացուցիչներից շատերի մոտ այդ հորմոնը իսպառ բացակայում է: Տո՛ւր նրանց ամեն ինչ, միևնույն է, դժբախտ կլինեն: Կարծում եմ, որ միայն մի բան կշտկի իրավիճակը. եթե երևանցիների 50 տոկոսը մեկ ամիս դրական մտքեր ունենա, ապա մյուս 50-ը թևեր կառնի:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կոնսերվատորիայի «արտադրանքն է», ու շատ ուրախ եմ, որ ավարտելուց հետո մնացել ենք մեր հարազատ շենքում: Մեր գրասենյակը այժմ այստեղ է գտնվում՝ երրորդ հարկում:

Առաջին ելույթս Կամերային երաժշտության տանն էր: Շատ ուրախ էի ու ոգևորված՝ թևեր առա՝ շարունակելու երաժշտական կարյերաս:

Երաժշտություն չեմ գրում: Կոմպոզիտորը նա չէ, ով երաժշտություն է գրում, այլ նա՝ ով չի կարողանում չգրել:

«Իմ Երևան», «Մայրաքաղաք», «Հայրենիք»՝ շատ են հնչում Երևանի մասին երգերը, բայց, ցավոք, չեն նպաստում, որ մարդիկ սիրեն միմյանց, Երևանն ու հայրենիքը: Երգերը պետք է այնքան նուրբ, գրագետ ստեղծվեն, որ մարդկանց սրտերում զգացմունք առաջանա, իսկ այսօր, ցավոք, քչերն են սրտացավ Երևանի համար:

Երևանը, առաջին հերթին, իմ ընտանիքն է, հետո՝ կյանքիս իմաստը՝ նվագախումբը, իմ ընկերները, պատմությունը, ամեն ինչը: Քաղաքը ընտանիքիդ անդամն է, կարող ես որոշ հարցերում համամիտ չլինել նրա հետ, նեղանալ, վիճել, իմանալ նրա բոլոր թերությունները, բայց միևնույն է՝ սիրել:

Շատ ենք բողոքում Երևանից: Բայց բողոքելով սև էներգիա ենք փոխանցում մեր քաղաքին: Որքան շատ են սև էներգիայով մարդիկ, այնքան սև է մեր քաղաքը: Բայց Երևանը ունի բոլոր նախադրյալները սպիտակ լինելու համար, որովհետև մեր քաղա-քում փչացած գաղափար չկա: Մարդիկ պետք է ոչ թե փչացնեն քաղաքը, այլ սիրեն:

Մարդիկ, որոնք տեղյակ չեն մեր խնդիրներից, գալիս ու սիրում են Երևանը: Շատ քաղաքներ կան աշխարհում, որոնք հայտնի են որպես տարբեր ոլորտի կենտրոններ, բայց ինձ համար սիրելի չեն, որովհետև հոգի չունեն: Իսկ Երևանը հոգի ունի, որն էլ ձգում է մարդկանց դեպի իրեն:
Երևանը տրամպլին չէ, որ մարդիկ ապրեն ու գնան այստեղից:

Ի՞նչ ենք ուզում ստեղծել Երևանում, որ հետո փոխադարձ արդյունք ստանանք նրանից: Սա է հարցը: Բայց քչերը գիտեն այդ հարցի պատասխանը:
Երևանում արվեստի համալիր կհիմնեի: Մենք չունենք դահլիճ, որը կտարանջատի մեր էստրադայի և դասական արվեստի ներկայացուցիչների ելույթները: Երևի նախկինում դրա պահանջը չի եղել: Բայց պահը հասունացել է:

Չեմ ընդունում այդ սնոբիզմը՝ դու երևանցի ես, իսկ դու՝ վրացի, դու էլ գյուղացի: Երևանցին նա է, ով սիրում է մեր քաղաքը: Ցանկացած մարդ պոտենցիալ երևանցի է:

Պետք է կարողանանք ճիշտ ներկայացնել Երևանի արժեքները: Բազմաթիվ հյուրեր, մասնավորապես՝ երաժիշտներ ենք ընդունում մեր քաղաքում: Ինձ համար ցավալի է, որ մեր քաղաքը հիշվում է միայն լավ ուտելիքներով ու մրգերով: Ուզում եմ, որ հիշվենք նաև Նարեկացիով, Խաչատրյանով, Կոմիտասով:

Մենք ունենք Նարեկ Հախնազարյան, Սերգեյ Խաչատրյան, Տիգրան Համասյան, ովքեր «յան»-ով ազգանունն են ներկայացնում աշխարհահռչակ բեմերում: Բայց ցավում եմ, որ այդ մարդիկ մեր այսօրվա երիտասարդության հերոսները չեն:

Երևանում ամենադասական վայրը Հանրապետության հրապարակն է: Ո՞վ է ասում, որ այսօր դասական երաժշտություն ոչ ոք չի լսում: Հարյուրավոր մարդիկ են հավաքվում երեկոյան շատրվանների շուրջն ու լսում նրանցից հնչող դասական երաժշտությունը:

Կարող ենք սիրել կամ չսիրել Երևանը, բայց միևնույն է, այն մերն է: Քաղաքը սիրելը պարադոքսալ երևույթ է:

Եթե արթնանամ վաղ առավոտյան ժամը 6-ին, Երևանի հետ ոչինչ չեմ խոսի, քանի-որ կշարունակեմ քնել: Բայց նա ինձ հետ խոսում է, ասում է՝ «Ի՞նչ ես ուզում ինձանից, որ այսքան վաղ ես արթնացել: Գնա քնի, ավելի ուշ կտեսնվենք»:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N12, 2012

Այս թեմայով