29 Հուլիս 2013, 18:20
2691 |

Աղջի՞կ, թե տղա. այս է խնդիրը

114 տղա-100 աղջիկ հարաբերակցությունը շուտով մեր ազգին կկանգնեցնի մեկ այլ ծայրահեղության առաջ՝ աղջիկների դեֆիցիտ։

Արցախյան պատերազմը, 1990-ականներին սկիզբ առած արտագաղթը Հայաստանի ժողովրդագրական պատկերը մեծապես խաթարեցին։ Տղամարդկանց դեֆիցիտ. այս իրողությունը բառացիորեն բազմաթիվ աղջիկների՝ կին ու մայր դառնալու ցանկությունը նրանց հետ էլ ծերացրեց։ Սերնդափոխության, վերարտադրողական վարքի՝ արդեն լրջացած ու ահագնացած խնդրի մասին բարձրաձայնվեց միայն 2000-ականներին։ Հետագա տարիներին էլ մեր ժողովրդագրական նկարագրի շեղումները շտկելու ուղղությամբ որևէ ջանք չգործադրվեց։ Արդյունքում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ուսումնասիրությունների հիման վրա հրապարակվեցին ցնցող տվյալներ. 1993-ից սկսած՝ Հայաստանում ավելի մեծ թվով տղաներ են ծնվում, քան աղջիկներ։ 114 տղա-100 աղջիկ հարաբերակցությունը շուտով մեր ազգին կկանգնեցնի մեկ այլ ծայրահեղության առաջ՝ աղջիկների դեֆիցիտ։ Մինչև 15 տարեկան տղաները 39 000-ով շատ են աղջիկներից։

Չինաստանը կանգնած է ժողովրդագրական նույն խնդրի առաջ։ Աշխարհը շշմած է չինական վիճակագրական տվյալներից։ Մինչդեռ միլիարդանոց Չինաստանի ուղտը միլիոնանոց Հայաստանի դռանն էլ է չոքել։ Վերջին տասնամյակում նորածինների սեռերի հարաբերակցությունը Հայաստանի տարբեր մարզերում տատանվում է 111-ից 124-ի միջև։ Գեղարքունիքում, օրինակ, տղաների ծնունդն ավելի շատ է, քան Չինաստանում։ Եվրոպայում էլ կա սեռերի անհամամասնության ու ծնելության նվազման խնդիր, բայց այն լուծվում է ներգաղթողների շնորհիվ, որոնք պահպանում են հավասարակշռությունը և շրջանցում սեռերի դեֆիցիտը։ Մեր երկրում ժողովրդագրական շեղումներն ունեն հոգեբանական, բարոյական ու սոցիալ-տնտեսական դրդապատճառներ։ Հայ ընտանիքներում օրինաչափություն է. հիվանդագին են ընդունում աղջիկ երեխայի ծնունդը կամ նրան հանդուրժում միայն մի պայմանով՝ հաջորդը պարտադիր տղա պետք է ծնվի։ Մինչև 1990-ականներն արհեստականորեն ընդհատվում էր երրորդ հղիությունը, եթե աղջիկ էր։ Հիմա կանխվում է երկրորդը, անգամ առաջինը՝ նույն պատճառով։ Արդյունքում ժամանկակից ընտանիքներում ծնվում է մեկ, առավելագույնը՝ երկու երեխա՝ տղա երեխայի մեծաշնորհ գերապատվությամբ։ Ժողովրդագրական խաթարումների պատճառ են նաև ամուսնանալուց խուսափելու միտումները։ Հարցումները ցույց են տվել, որ որքան մեծանում է երիտասարդների տարիքը, նույնքան բարձրանում է սոցիալ-տնտեսական պայմանների գիտակցումը։ 28-ից հետո նվազում է նրանց ամուսնանալու պատրաստակամությունը։

Մասնագիտական ուսումնասիրությունների ու հետազոտությունների հայելին մեր երիտասարդներն են, որոնց շրջանում էլ անցկացված փոքրիկ հարցախույզը ժամանակակից հայկական ընտանիքի մոդելի մասին որոշ պատկերացում տվեց։

Եթե ամուսնացած չեք, ե՞րբ եք պատրաստվում ամուսնանալ և պարտադի՞ր է՝ անպայման տղա ունենալ։

Հայկ (22 տարեկան, համակարգչային օպերատոր) -Երևի 30 տարեկանում կամուսնանամ, դրանից ոչ շուտ։ Դեռ չգիտեմ էլ՝ կմնա՞մ Հայաստանում։ Եթե գնամ էլ, անպայման հայ աղջկա հետ կամուսնանամ։ Եթե այստեղ ապրենք, 1-2 երեխա կունենանք, դրսում՝ միգուցե 3։ Դե, հայ տղա եմ, կուզեմ տղա ունենալ, բա ազգանունս չշարունակվի՞։ Իսկ եթե երկու աղջիկ ունենամ, երրորդ անգամ ռիսկի չեմ դիմի, որովհետև դեմ եմ հղիության արհեստական ընդհատմանը։

Լուսինե (32 տարեկան, հաշվապահ-գանձապահ) - Ամուսնացած չեմ ու կարծում եմ՝ 7-8 տարով ուշացել է ամուսնությունս։ Մի տեսակ հարմարվել եմ իմ վիճակին. աշխատանք ունեմ, լավ ընկերներ, բայց հասկանում եմ, որ մարդուն ընտանիք է պետք, երեխա։ Ինքս ինձ մխիթարում եմ. իմ շրջապատում չամուսնացած աղջիկներ շատ կան։ Բայց ամուսնուց ավելի շատ երեխա եմ ուզում ունենալ, կապ չունի՝ տղա՞, թե աղջիկ։

Էդվարդ (40 տարեկան, շինարար) - Ես արդեն 18 տարեկան տղա ունեմ։ Աղջկաս էլ եմ սիրում, բայց դե տղան օջախի ծուխը պահողն է, աղջիկը գնում է, տղան է քոնը։ Երբ տղես  ծնվեց, կնոջս ասացի՝ ուզում ես 10 աղջիկ շարի իրար հետևից, կարևորը՝ տղա ունեմ։ Մի երեխա էլ կուզեի ունենալ, բայց արդեն ուշ է, հազիվ եմ էն երկուսին պահում։ Եթե ունենայի, անպայման՝ տղա։ Էն 10 աղջկա պահով խմած ժամանակ եմ եմ ասել։

Ռուզաննա (25 տարեկան, չի աշխատում)- Կամուսնանամ միայն կայացած տղամարդու հետ։ Պարտադիր չէ, որ ավտոմեքենա ունենա, բայց տուն ու տեղ՝ անպայման։ Դեռ չեմ գտել հարմար թեկնածու։ Կուզեի հայ տղայի հետ ամուսնանալ, առաջնեկս տղա լիներ։ Մի երեխայից ավելի չէի ուզի ունենալ։ Հո մենակ ունենալով չի, բա պահել-մեծացնե՞լը։ Եղբայրս, օրինակ, մի աղջիկ ունի, ամբողջ օրը կնոջ հետ կռիվ է տալիս՝ թե տղա ե՞րբ ենք ունենալու։ Հարսս էլ պատճառաբանում է՝ բա որ էլի աղջիկ լինի՞։ Նրանց տեսնելով՝ Աստված եմ կանչում, որ առաջին երեխաս տղա լինի։

Հռիփսիմե (38 տարեկան, մանկավարժ) - Ես ու ամուսինս տարբերություն չենք դրել՝ տղա կունենաք, թե՞ աղջիկ։ Երբ առաջնեկս՝ աղջիկս, ծնվեց, բոլորս երջանիկ էինք, սկեսուրս ասաց՝ երկրորդը հաշվելով կունենաս, որ տղա լինի։ Չէինք պլանավորել այդքան շուտ. էլի աղջիկ ունեցա։ Սկեսուրս բորբոքվեց, նեղսրտեց։ Գնաց-եկավ, թե՝ երրորդը շուտ չունենաս, թող հաշվել տանք։ Պատասխանեցի՝ երրորդ չենք ուզում, ո՞նց պահենք։ Թվաց՝ երկինքը փլվեց գլխին։ Բայց ամուսինս ինձ պաշտպանեց, հարցը փակվեց։ Երեխաներս արդեն 13-14 տարեկան են. կուզեի երրորդն էլ ունենալ, հավատացեք՝ սեռը կարևոր չէ, բայց կյանքի այս պայմաններում չեմ համարձակվի։ 

 

Հայ ընտանիքում ծնողները միշտ էլ համակ նվիրում են եղել երեխաների համար։ Այդ գիտակցությամբ է, որ մեծ մասը չի համարձակվում շատ երխաներ ունենալ, որովհետև ապրուստի միջոցներն ու պայմաններն են նեղացել։ Արտագաղթը, կրթական, մշակութային, առողջապահական, սոցիալական և այլ խոչընդոտները հայաստանյան ժողովրդագրական պատկերը դասել են աշխարհում ամենամեծ շեղում ունեցող երկրների թվին։ Ըստ կանխատեսումների՝ մեր երկիրը 2060 թվականին կկորցնի 93 000 կին՝ պոտենցիալ մայր, իսկ Հայաստանի ազգաբնակչության թիվը նույն ժամանակահատվածում կնվազի 80 000-ով։

Այս թեմայով