25 Հուլիս 2013, 18:00
1320 |

Հաշիվմաքրումից մինչև քաղաքացիական հասարակություն

Քաղաքագետը չի մոռանում ավելացնել` միջազգային հարթակում էլ են նկատում, որ Հայաստանը մեկ քայլ առաջ է գնացել, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ հիմա իշխանությունը չոր հակահարված չի տալիս:

«Ո՛չ 150-ին»: Սա է Երևանում թափ առած քաղաքացիական ակցիայի նշանաբանն ու պայքարի հենման կետը: Ոմանք ասում են` մարդկանց համբերության բաժակն է լցվել, մյուսները համոզված են` համբերության բաժակը վաղուց է լիքը, պարզապես մարդիկ ավելի իրավատեղյակ են դարձել ու դադարել են համակերպվել գլխին բերածի հետ:  Փաստորեն փողոցում գոռացող-գոչացող խմբերը մեր ցածր մակարդակի մասին չեն խոսում, այլ վկայում են, որ ձևավորման փուլ է մտել քաղաքացիական հասարակությունը, որը իր հերթին քաղաքական դաշտն էլ ավելի զգոն կպահի: Քաղաքացիական ակցիաների ու ակտիվիստների պայքարի մասին հրապարակումների պակաս չեղավ, փոխարենը մի հարց հաճախ  մնում է ուշադրությունից դուրս` քաղաքացիական հասարակության ընտրած պայքարը որքանով է գրագետ, ու որքանով է մեզ հաջողվում գաղափարական ու հիմնավորված պահանջը փողոցային հաշիվ-մաքրումների չվերածել:

Տրանսպորտի գնի թանկացման դեմ պայքարը տարբեր էր, ակտիվիստներից բացի դրան չէին հապաղում միանալ սովորական քաղաքացիներ: Քաղաքացիական պայքարում ակտիվ Վիլենը` նույն ինքը Նավակ Ճոճողը, նկատում է`այլ երկրներում քաղաքացիների արձագանքը վայրկենական է լինում, մենք մի քիչ դանդաղ ենք ոտքի կանգնում: Առաջին օրը միայն երկու կանգառում էին ակտիվիստները հորդորում չվճարել 150 դրամ, երկրորդ ու երրորդ օրերին կանգառների թիվը աճեց: Առաջին օրերին սեփական մեքենայով մի երկու մարդ միայն ուղևոր անվճար տեղափոխեց, հետո անվճար միկրոավտոբուսներ ու ավտոբուսներ հայտնվեցին. «Մեծ դեր խաղում են հայտնիները, մերոնք հենց տեսնում են, որ մի հայտնի մարդ միանում է պայքարին, ավելի հեշտ են նրա հետևից գնում, ժամ ժամի վրա է ալիքը մեծանում»: Քաղաքացիական պայքարի շուրջ դանդաղ հավաքվելը պայմանավորված է ինչ-որ բան փոխելու հավատի բացակայությամբ: Դրությունը կուղղվի միայն այն ժամանակ, երբ 2-3 ակցիա հաջողություն ունենան, հաջողության հետ հավատն էլ կգա:

Ովքեր են պայքարում: Քաղաքացիական պայքարի այսօր դուրս են գալիս մեծ հաշվով երիտասարդները` 17,18,19 տարեկան մարդիկ: Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը ակտիվիստների մեջ երկու խումբ է առանձնացնում. «Կան հիմնավորված պայքարողներ ու կան մարդիկ, որ ամեն ինչից դժգոհ են ու ամեն առիթով բողոքում են»: Իսկ քաղաքացիական պայքարի թույլ կողմը քաղաքագետը համարում է ակտիվիստների օգտագործումը Տարոն Մարգարյանի քաղաքական ախոյանների կողմից: Վիլենը քաղաքացիական պայքարը քաղաքական խաղերից ստերիլ պահելը անհնար է համարում. «Ոչ թե դրանց դեմ պետք է պայքարել, այլ ուղղակի անտեսել ու գործել, որովհետև եթե ուշադրություն դարձնես քաղաքական խաղերին, պետք է ոչ մի քաղաքացիական նախաձեռնություն չանես»:

150 դրամի դեմ պայքարի մեջ քաղաքագետին միայն մի բան է զարմացնում: Թեթև հաշվարկը արդեն բավական է հասկանալու համար, որ տրանսպորտի գնի բարձրացումը միջինում ամսական 3000 դրամով կազդի մարդկանց ընտանեկան բյուջեի վրա, մինչդեռ շուկայում կան ապրանքներ, որոնք շատ ավելի են թանկացել, բայց այդ թանկացումներին ակտիվիստները նույնքան բուռն չարձագանքեցին: Վիլենը քաղաքագետի հետ այս հարցում համամիտ է ու հուսով` առաջինը ավանդույթի հիմքը կդնի: Տիգրան Աբրահամյանը մեղքը քաղաքապետարանի որոշ ստորաբաժանումների աշխատանքի մեջ է տեսնում` գնաճը 50 տոկոս չպետք է լինի, որ միանգամից աչք ծակի, իսկ եթե նույնիսկ լինելու է` ամիսներ շարունակ մարդկանց պետք է դրան նախապատրաստել:

Քաղաքացիական պայքարը ժամ առ ժամ գաղափարական պայքարի փուլ է մտնում, որովհետև վերջին 2-3 տարում հասարակության իրավագիտակցությունն է բարձրացել: Քաղաքագետը չի մոռանում ավելացնել` միջազգային հարթակում էլ են նկատում, որ Հայաստանը մեկ քայլ առաջ է գնացել, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ հիմա իշխանությունը չոր հակահարված չի տալիս: Բայց այս ամբողջ պատմության մեջ կարևորը այն է, որ պայքարող ակտիվիստների համառությունն ու համարձակությունը ի վերջո կարողացան հավատ ներշնչել:

Այս թեմայով