22 Հուլիս 2013, 17:46
3292 |

Ռեքվիեմ Երազի մասին

1965-ին սկսեց աշխատել Երևանի ավտոմոբիլային գործարանը: Պատահմամբ այնպես ստացվեց, որ ռուսերեն հապավումը՝ ЕрАЗ համընկավ հայերեն «երազ» բառի հետ: Տեղական ավտոսիրողները ոգևորվել էին. բոլորն ուզում էին հավատալ ազգային մեքենաշինության լուսավոր ապագային: «Արտադրամասից ամբողջ ժամանակ դուրս են գալիս ուրախ-ուրախ ազդանշան տվող մեքենաներ: Այստեղ արդեն դժվար են տեղավորվում: Բայց ոչինչ. հիմա կառուցվում է նոր՝ մի քանի տասնյակ հազար քառակուսի մետր մեծությամբ թևը, որտեղ կտեղափոխվեն որոշ արտադրամասեր»,- գրված է խորհրդային ավոտոմոբիլային ամսագրում… Սակայն «երազիկն» այդպես էլ չդարձավ երազանքի մեքենա ու գնաց պատմության գիրկը՝ իրեն ստեղծած համակարգի հետ գրեթե միաժամանակ:

ԽՄԿԿ 27-րդ համագումարին ընդառաջ
Բարի՛ ճանապարհ
Ռեպորտաժ կինոամսագրի համար, 1985 թ.
«Երևանի ավտոմոբիլային գործարանը Խորհրդային Հայաստանի ամենամեծ արդյունաբերական ձեռնարկություններից է: Նրա աշխատակազմը կարելի է իրավամբ անվանել երիտասարդական. արտադրական խնդիրների լուծման հարցերում առաջնայնությունը երիտասարդներինն է: Այս բրիգադայի ղեկավարը Հայաստանի կոմսոմոլի մրցանակի դափնեկիր, կոմսոմոլի կենտրոնական կոմիտեի անդամ Ջիվան Թերզյանն է: Նրա բրիգադան աշխատում է գլխավոր տեխնոլոգի բաժանմունքին կից փորձարարական արտադրամասում: Այստեղ հիմա ուսումնասիրում են ЕрАЗ-ի նոր արտադրանքը, որն անձնակազմը կներկայացնի որպես նվեր Խորհրդային միության Կոմունիստական կուսակցության 27-րդ համագումարի կապակցությամբ:

Գլխավոր կոնվեյներից դեռևս հին մոդելներ են դուրս գալիս. վաղուց է եկել նոր՝ ավելի տնտեսող ու հուսալի մեքենաներ արտադրելու ժամանակը: Ջիվան Թերզյանն ասում է.
- Մենք հաճույքով են պատրաստում այս նոր մեքենան, քանի որ այն մեր գործարանի ապագան է: Շատ հպարտ ենք, որ շուտով կկարողանանք ցույց տալ մեր երիտասարդների աշխատանքի արդյունքը:

1987-ին Երևանի ավտոգործարանը ամբողջությամբ կանցնի մեքենաների նոր մոդելի արտադրությանը»:

Բողոքներ
«Ղեկին» ամսագիր, 1972 թ., հունվար
«Տուապսեի ավտոտրանսպորտային գործարանի մի քանի աշխատող՝ ընկերներ Տրոնկինը, Չաքրյանը, Սուտիգինն ու այլոք, գրել են խմբագրությանը նոր ЕрАЗ-ների մասին: Կա որոշ մտահոգություն այս մեքենաների որակի հետ կապված: Տուապսեի ԱՏԳ-ն ստացել է ութ երևանյան մեքենա. բոլորի բեռնախցիկները կոպիտ էին պատրաստված, չէին աշխատում ապակեմաքրիչները, դռներն ու շարժիչի ծածկը կիպ չէին փակվում: Կային նաև այլ թերություններ:

Որոշեցինք ընթերցողներին ծանոթացնել գործարանի ղեկավարության դիրքորոշման հետ, քանի որ նամակի մեջ խոսվում էր արտադրության հանված մեքենաների մասին: Խմբագրությանն ու ընթերցողներին պատասխանեց Երևանի ավտոմոբիլային գործարանի տնօրեն Ս. Ավանյանը:

«Նախևառաջ շնորհակալ ենք գործարանին խորհուրդներով ու քննադատությամբ օգնելու ցանկության համար: Մենք միշտ երախատապարտ ենք գնորդներին, ովքեր կապ են պահում ЕрАЗ-ի հետ, կիսում իրենց մտքերն գործարանի աշխատակազմի հետ, որպեսզի թերություններն ավելի արագ վերացվեն:

Երազը նոր, դեռ կառուցման մեջ գտնվող գործարան է և մեքենաների արտադրությանը զուգահեռ իրականացնում է շինարարական աշխատանքներ: Այդ պատճառով առաջանում են որոշ թերություններ (այդ թվում՝ նամակում նշվածները), որոնք պայմանավորված են «աճի խնդիրներով» և հնարավորինս շուտ մեծ պահանջարկ ունեցող մեքենաների արտադրությունը ապահովելու ցանկությամբ: Գործարանում արդեն օգտագործվում են շտամպեր ու սարքավորումներ, որոնց շնորհիվ հնարավոր է լինում բարելավել դռների կիպությունը, վերացնել թափքի հոսքն ու գազերի արտանետումը, ինչն արդյունք է շարժիչի ծածկի վատ տեղադրման: Միևնույն ժամանակ պատրաստվում է առաջքի հավելյալ օդափոխում, ինչի շնորհիվ կկարողանանք ամառը խցիկի ջերմաստիճանն իջեցնել:
Վարորդի նստարանի հարմարավետությունը առավել կարևոր է տարաբաշխիկ ֆուրգոնի համար, ուստի այն հաշվի է առնվել նոր հեռանկարային ավտոմոբիլ-ֆուրգոնում, որտեղ ոտնակի բարձրությունը 3 380 մմ է, իսկ մուտքն ու ելքն իրականացվում է շարժական դռնով»:

Պատրաստված է Հայաստանում (հատվածներ)
«Ղեկին», 1971, ապրիլ
«Թափքի առաջնամասում ЕрАЗ-ի խորհդանիշով այս մեկ տոննայանոց փոքր ֆուրգոնները նորույթ են, սակայն արդեն լավ համբավ ունեն: Շատ հարմար են փոքր ծավալի ներքաղաքային փոխադրումների համար: Արտադրվում են անցայլ հնգամյակում շարք մտած Երևանի ավտոմոբիլային գործարանում: Գործարանի առաջնեկներ ЕрАЗ 762 մեքենաները ստեղծվել են լատվիացի մեքենաշինարարների օգնությամբ հայտնի միկրոավտոբուս РАФ 977Д-ի հիմքի վրա: Ֆուրգոնը տարբերվում է բեռնման փոքր բարձրությամբ՝ 650 մմ: ЗМЗ 21А շարծիչը բացում է 100 կմ/ժ արագություն:

Երևանյան մեքենաների պահանջարկն անդադար է աճում է. գործարանը տարեցտարի մեծացնում է նրանց արտադրությունը: Կոնստրուկտորներն էլ ամբողջ ժամանակ աշխատում են նոր մեքենաների վրա»:

«ЕрАЗ» երազանքը
«Ղեկին», 1973, ապրիլ, Ս. Ասլանյան
ЕрАЗ 3730-ի մասին գործարանի գլխավոր կոնստրուկտոր Յուրի Սիմոնյանի խոսքերը.
«Շարժունակ է. կարող է մտնել ցանկացած նեղ փողոց: Բավական արագ է՝ ամբողջ բեռնվածությամբ 115 կմ/ժ: Հարմար է. բեռնախցի բարձրությունը 1800 մմ է, կողային շարժական դռների միջոցով էլ կարող է կիպ մոտենալ խանութին, պահեստին, բազային: Սրանք են մեր միկրոբեռնատարի հիմնական անկետային տվյալները»:

«Երազիկը» 21-րդ դարում. օգտագործողի կարծիքը համացանցում
ЕрАЗ 762. փոքր է, բայց ուժեղ
«Մեքենան թողարկվել է 1987-ին: Գնել եմ 2010-ին: Շատերն են փնովում ЕрАЗ 762-ը, թե՝ հաճախ է փչանում, բայց կարծում եմ՝ ամեն ինչ կախված է վարորդից: Առօրյա կյանքում Chevrolet եմ վարում, բայց միևնույնն է՝ հաճույքով եմ նստում ЕрАЗ-ի ղեկին: Մեկ տարի առաջ եմ գնել: Իմ քաղաքից 1000 կմ հեռու էր՝ մի բարի մարդու այգում: 1 կիլոգրամի համար 14 ցենտ եմ վճարել, ընդամենը՝ 375 դոլար: Լրիվ քանդվեց մինչև տուն բերեցի. շարժիչը սկսեց ձայներ հանել, պոկվեց ղեկի ծայրակալը և այլն: Մեկ ամսվա ընթացքում նրան ոտքի կանգնեցրի. շարժիչը հիմնովին վերանորոգեցի (401), շարժական մեխանիզմը հավաքեցի «Волгa» 21-ի մասերից: Ու սկսեցի բեռներ բարձել… Ծախսածս փողը 2 ամսվա ընթացքում հետ բերեց: Չեք հավատա. 11 ամիս ոչ մի խնդիր չեմ ունեցել: Ամեն օր նստում էի, լցնում բենզինն ու գնում հերթական պատվերի: Բացի դրանից՝ ապշել էի ЕрАЗ-ի բեռնաբարձությունից. տանում է մինչև երեք տոննա, այսինքն՝ երկուսի փոխարեն մեկ անգամ եմ գնում-գալիս ու կրկնակի գումար ստանում… Կարճ ասեմ. մեքենան շատ եմ հավանում ու բնավ չեմ զղջում, որ գնել եմ»:

Կատակներ
Մոսկվացի հաճախորդը գալիս է նոր ЕрАЗ գնելու: Վճարում է, նստում ղեկին:
- Դե, մինչև նոր հանդիպում:
- Մինչև Սևան, ոչ թե մինչև նոր հանդիպում…

***

Մեքենայի հերմետիկության ստուգման նոր ձև. գիշերը ներսում կատու են փակում, առավոտյան ստուգում: Եթե խեղդվել է, ուրեմն հերմետիկության խնդիրներ չկան: Այսպես ստուգում են հերթական «երազիկը»՝ փակում են կատվին ներսում: Առավոտյան բացում են դուռը… կատուն չկա:

***

Փողոցով քայլող տղամարդը ծառի վրա ուղևորներով լիքը ЕрАЗ է տեսնում:
- Այդ ինչի՞ եք մեքենայով ծառը բարձրացել:
- Ո՞վ կմտածեր, որ ЕрАЗ-ը նույնիսկ շներից է վախենում:

Խաղալիքներ
Գործարանի առաջին խաղալիք մեքենան՝ ЕрАЗ 763 «մթերային» ֆուրգոնը, թողարկեց ուկրաինական Vector Models ֆաբրիկան 1970-ին: Հետո 1:43 մասշտաբով թողարկվեցին ЕрАЗ 762В-ն, ЕрАЗ 762 ВДП-ն («բորտային երկշարք խցիկով ու ծածկով») և ЕрАЗ 762ВГП-ն («հատուկ բուժծառայություն»): Համացանցում կարելի է գտնել նաև ЕрАЗ 3218 կոլեկցիոն մոդելներ շտապօգնության կամ ոստիկանության մեքենաների տեսքով:

Համակարգչային խաղեր
2012-ին կթողարկվի «Հեռու լույս» ռուսական համակարգչային խաղը, որը նմանակում է բեռնատարի ռուս վարորդի կյանքը: Խաղացողները գործում են բեռնատար մեքենայի, ավտոբուսի, փոքր բեռնատարի կամ երթուղայինի վարորդի անձով: Հարյուրավոր խորհրդային ու ռուսական մեքենաների մեջ հայտնվել է նաև ЕрАЗ 762-ը: Այն կարելի է նաև ներբեռնել որպես Trainz ավստրալիական տրանսպորտային սիմուլյատորի լրացում:

Թեսթ դրայվ
«Արմենպրես» գործակալության ֆոտոլրագրող Հերբերտ Բաղդասարյանը ЕрАЗ-ի առաջին ուղևորներից էր: 60-ականների վերջում նա գործարանի առաջին մոդելով ճանապարհորդեց ամբողջ Հայաստանում՝ հանրապետության շրջաններից ամեն օր «Սովետական Հայաստան» թերթին լուրեր ուղարկելով:

Գրականություն
«Եվ Անդրոնը առաջ ընթացավ դեպի Կիևսկի փողոց Պավել Առաջինի նախկին պողոտայով, Ինգեբուրգի դարպասների միջով: Հանեց սապոգից ձողը, ընթացքի մեջ կանգնեցրեց «երազիկն» ու մեկ ժամ չանցած՝ հայտնվեց գնդում՝ Սոտնիկովի պղտորված, բայց հույսով լի աչքերի առջև»:
Դմիտրի Վերեսով, Ֆելիկս Ռազումովսկի, «Առյուծի սիրտը», 2002 թ.

«Ереван» ամսագիր, N3(73), 2012

Այս թեմայով