22 Հուլիս 2013, 12:41
1138 |

90’s փաբ. Չուպաչուպսն ու Տոֆիտան վերադառնում են

Այստեղ պատերին գրված էին տարբեր արտահայտություններ՝ ասոցացվող 90-ականների հետ: Օրինակ կարելի էր հանդիպել «սալյարկա» բառին, կամ հայտարարության՝ վաճառվում է easy card...

Մոսկովյան փողոցի ընդհատակներից մեկում կիսախավար էր, տարածքը հազիվ լուսավորող միակ լամպը անփութորեն կախված էր առաստաղից ու քամահրանքով նայում էր ներքևում աշխատող վարպետներին:

Չէի կարող անտարբեր անցնել այդ տեսարանի կողքով, այստեղից նորաթուխ փաբի հոտ էր գալիս: Ինձ բախտ վիճակվեց մի քանի րոպեով ներկա գտնվել նոր փաբի բարի սեղանի հղկման աշխատանքներին: Իհարկե, աշխատողներն ինձ չնկատեցին, բայց նույնիսկ դրսում կանգնած՝ ես զգում էի, որ շուտով մեր քաղաքում ինչ-որ նոր բան է ավելանալու, պարզապես չէի կարող ենթադրել, որ այդ նորույթը լինելու է 90-ականների տեսքով:

Ի վերջո, 90’s փաբ-սրճարանը բացվեց: Հեռվից նկատելի էր փաբի վառ կանաչ օղակաձև ցուցանակը ու մի սեղանիկ: Երևի կհիշեք, այն թվերին նման սեղանիկները տարածված էին, մարդիկ դրանց վրա վաճառում էին մանր-մունր ապրանքներ: Ես կարոտով նայեցի սեղանին դրված Չուպաչուպսներին, Տոֆիտա կոնֆետին, Բիգ Բաբլ ծամոններին, արևածաղկի սերմին, որի մեկ բաժակը 25 դրամ էր ու էլի նմանատիպ երևույթներ՝ կարոտախտ առաջացնող:

Այս ամենը նկատեց face control-ի աշխատակիցը, ով, ի դեպ, իգական սեռի ներկայացուցիչ էր: Մասնագիտությամբ նկարչուհի Մանեն, արդեն երկու տարի է ինքն է որոշում, թե ում թողնի ներս, իսկ ում՝ ոչ: Մանեն ոչ միայն մեզ ներս հրավիրեց, այլ ինձ հյուրասիրեց քաղցր և գունավոր բրինձ՝ 90-ականների խորհրդանիշերից մեկը: Մտանք ներս ու մեր առջև բացվեց իմ տեսած ու չտեսած հայկական փաբերից կտրուկ տարբերվող մի վայր: Նախասրահի ձախ հատվածում բարն էր՝ արդեն կոկիկ հղկված, որի ստորին հատվածում գրված էին այդ տարիներին հայտնի խմբերի անուններ՝ Spice Girls, Backstreet Boys ու այսպես շարունակ: Պատերին, որոնք հատուկ սվաղված չէին, որ քարերը երևան, կախված էին 90-ականների Երևանը պատկերող լուսանկարներ, նավթով վառվող լամպերը: Նույն այդ պահին ենթագիտակցորեն զգացի վառած նավթի հոտն ու մտքերով դեռ շատ հեռուն կգնայի, եթե 90-ականներից ինձ մեր օրեր չվերադարձներ բարի ետևում տիրող իրարանցումը. մոտ չորս բարմեն հազիվ էին հասցնում սպասարկել փաբիստներին: Երկու աղջիկ 90-ականներին բնորոշ հագուստով էին՝ պոչիկներով, մուգ վարդագույն կլոր կլիպս ականջօղերով: Հետաքրքրվեցի, թե ի՞նչ վիճակ է տիրում բարում, արդյո՞ք 90's-ը մտադիր է առաջարկել այդ ժամանակահատվածին բնորոշ կոկտեյլներ: Բար-մենեջեր Միկան, շտապեց տեղեկացնել, որ իրենք ունեն 18 տեսակի կոկտեյլ, և առաջարկում են տվյալ ժամանակահատվածի սիմվոլ մուլհերոսների ու խաղերի անուններով կոկտեյլներ ևս: Օրինակ՝ Չիպն ու Դեյլը, կամ Տետրիս խաղը: Հանգիստ թողեցինք բարն ու իջանք պարահրապարակ, որտեղ հնչում էր աշխույժ երաժշտություն:

Հետաքրքիր էր հետևել, թե 90-ականների դիսկոտեկի հնչյունների տակ, ինչպես է ցնծում 21-դարի երիտասարդությունը: Հնչում էր Թոմ Ջոնսի հայտնի Sex bomb-ը, ապա՝ Lambada-ն, Bomboleo-ն: Հիմնական պարահրապարակից բացվում էին ևս երկու սրահներ, որտեղ շատ ավելի մտերմիկ միջավայր էր, այստեղ ֆիքսեցի հատակը զարդարող գորգերը և որպեսի վերջնական կարծիք կազմեի այս փաբի մասին, շարժվեցի դեպի սանհանգույց: Այստեղ պատերին գրված էին տարբեր արտահայտություններ՝ ասոցացվող 90-ականների հետ: Օրինակ կարելի էր հանդիպել «սալյարկա» բառին, կամ հայտարարության՝ վաճառվում է easy card...

Քանի որ ես ոչ «սալյարկայի», ոչ էլ easy card-ի կարիք չունեի, լքեցի այդ տարածքն ու բարձրացա վերև: Դուրս գալով 90’s-ից՝ ես ուրախ էի, որ այժմ ցանկացած պահ կարող եմ վերադառնալ 90-ականներ, որը լի էր քաղցրահամ բիգբաբլներով և գունավոր չուպաչուպսներով:

Այս թեմայով