Ու այստեղ սկսվեց ամենահետաքրքիրը: Ծամոններն ու շոկոլադե սալիկները հեղեղեցին քաղաքները: Մշակութայինին հաջորդեց գաստրոնոմիական հեղափոխությունը: Առաջին «գրոհն» իր վրա վերցրեց Մոսկվան, երբ 1990-ին այնտեղ բացվեց արագ սննդի սպասարկման հայտնի ամերիկյան բրենդը՝ McDonalds-ը: Դրան հաջորդեցին արագ սննդի լայն տեսականի առաջարկող այլ ընկերություններ: Ամենուր իր յուրահատուկ տեղն ուներ hot-dog-ը:
Իհարկե, նրբերշիկով բուտերբրոդը միշտ էլ նախաճաշի սեղանի հիմնական բաղադրիչն է եղել, բայց օրվա ընթացքում ոտքի վրա համտեսած օտարամոլ hոթ-դոգն անմիջապես գրավեց իր տեղը բոլորիս սրտերում ու ստամոքսներում:
1870-ականներին գերմանացի էմիգրանտները ԱՄՆ բերեցին երկարավուն փոքրիկ երշիկի բաղադրատոմսը: Այդ երշիկներն այնքան նման էին հայտնի ցեղատեսակի շան մարմնին, որ այդպես էլ կոչվեցին՝ «տաքսաներ»: Այստեղից էլ հետագայում առաջացավ կերակրատեսակի անվանումը՝ hot-dog: Հացի պատառում հանգրվանած երշիկն այնքան սիրվեց, որ 1957-ին ամերիկացիները հուլիսի 18-ը պաշտոնապես հռչակեցին hot-dogi-ի համաշխարհային օր: Բանը հասավ նրան, որ 1994-ից ԱՄՆ-ում սկսեց գործել hot-dog-ի ազգային խորհուրդը:
Աշխարհը վարակվեց hot-dog-ի մոլուցքով: Սկսեցին կազմակերպվել փառատոններ, hot-dog ուտելու մրցույթներ, 2011-ին էլ Պարագվայում պատրաստվեց աշխարհի ամենաերկար ՝ 208,8 մ երկարությամբ ու 207 կգ քաշով hot-dog-ը:
Հայաստանում այս ուտեստը նույնպես սիրված է: Մինչ տարեցները խոսում են տնական ու անարատ սննդակարգի մասին, երիտասարդները հոթ-դոգակերության ռեկորդներ են սահմանում: Չնայած դիետոլոգները նախազգուշացումներին՝ արագ սննդի այս տեսակը, Հայաստանում տարածվեց այնքան արագ, ինչպես պատրաստվում է: Այդ պատճառով hot-dog-ի համաշխարհային օրը՝ հուլիսի 18-ին, երշիկի արտադրությամբ զբաղվող հայրենական ընկերություններից մեկը Սիրահարների այգում ներկայացրեց Հայաստանի ամենաերկար հոթ-դոգը: 14 մետրանոց գիգանտն անշուշտ իր չափսերով ռեկորդի չէր էլ հավակնում, բայց դրանից նրա համն ու հոտը բնավ չտուժեց: