19 Հուլիս 2013, 13:34
1688 |

BB Media` 2 տարի շուկայում

BB Media-ն պատրաստակամորեն շարունակում է իր գործունեությունը՝ երկամյա ճանապարհի ճյուղավորումների նոր գաղափարներով. ընդլայնել բիզնեսը և առաջ գնալ՝ առողջ մրցակցության կանոններով։

2 տարի առաջ Երևանի մարդաշատ վայրերում հայտնվեցին BB Media ընկերության լեդ-էկրանները՝ հանրությանը տեղեկացնելով ծառայությունների ոլորտների մասին։ BB Media-ն այսօր էլ է առաջարկում կորպորատիվ միջոցառումների կազմակերպում, հոլովակների պատրաստում, գրաֆիկական դիզայն, դինամիկ գովազդ, բրենդերի մշակում, կայքերի պատրաստում։ Երկամյա ընկերությունը ծննդյան տարեդարձը տոնեց՝ փորձելով ճանաչել ու դրսևորել իր՝ մինչ այժմ երբևէ չկիրառած հնարավորություններից ևս մեկը՝ BB Media Event-ը։

Ընկերությունը հավուր պատշաճի ներկայացավ հյուրերին՝ բացօթյա հյուրասիրություն ճաշակով ձևավորված սրահներում, լավ երաժշտություն ու պարային ռիթմեր, և, իհարկե, ծննդյան հսկայական տորթ։ Ամեն ինչ՝ հավուր պատշաճի։ Ուրախ ու անկաշկանդ մթնոլորտում հնչում էին շնորհավորանքները՝ ծլել-ծաղկելու մաղթանքներով։

Երկամյա կենսագրությունն ու բարի անունն ամենօրյա պատրաստակամ ջանքերի արդյունք են։ 2 տարի առաջ BB Media-ն ուներ ընդամենը 2 աշխատող, այսօր նրանց թիվը հատում է 20-ը։ BB Media-ն սպասարկում է 60 կազմակերպությունների, որոնց թվում են միջազգային ընկերություններ Շվեյցարիայից, Իտալիայից և Ռուսաստանից, ինչպես նաև խոշոր հարկատուներ։ Ընկերությունն իր գրագետ քաղաքականությամբ ապացուցեց, որ Երևանի կենտրոնական բանուկ փողոցներում 512 քմ տարածք զբաղեցնող 27 լեդ-էկրանները գովազդի ցուցադրման ազդեցիկ ու արդյունավետ միջոց են։

BB Media-ն հանդես է գալիս սպասարկման տարբեր ուղղություններով՝ creative, production, marketing, design։ Երկու տարվա ընթացքում ընկերությունն իրականացրել է ավելի քան 10 մարքեթինգային հետազոտություն, մշակել 40-ից ավելի տարբերանշան, 8 ֆիրմային ոճի ուղեցույց, նկարահանել 15 գովազդային տեսահոլովակ։ BB Media նշանակում է to be business media։ Ընկերության տնօրեն Հայկ Սիմոնյանն իրենց հաջողության գրավականը համարում է պրոֆեսիոնալ, համակողմանի, վերլուծական աշխատանքը։ Երիտասարդ էնտուզիաստներով համալրված խումբը սկզբունք ունի' չխուսափել սխալվելուց, սխալների վրա են մարդիկ սովորում։ «Մենք մի սխալից շարժվում ենք դեպի մյուս սխալը,- աշխատանքային մոտեցումները հումորով պարզաբանում է Հայկ Սիմոնյանը,- սկսել ենք արտաքին գովազդից, հետո ընդարձակել գործունեության ծավալը։ Մի կազմակերպություն ենք, որին հաճախորդը սկզբից ներկայանում է մեկ հարցով, վերջում ստանում մի շարք հարցերի պատասխաններ։ Մեր աշխատանքում կարևոր մասնաբաժին ունի խորհրդատվությունը, առանց որի ոչինչ չի կատարվում։ Եթե պատվիրատուի գաղափարը մեր մասնագետների համոզմամբ արդյունավետ ու աշխատունակ չէ, մենք այն չենք խրախուսում, ավելին՝ նրան խորհուրդ ենք տալիս հրաժարվել իր գաղափարից։ Նրա ուշադրությունը հրավիրում ենք մեկ այլ ուղղության վրա, որը ռազմավարական արժեք ունի և որի վրա է հիմնվում պատվիրատուի՝ հանրությանն առաջարկվող ապրանքանիշի գովազդը»։

Գրագետ, համակողմանի վերլուծություն և թիրախի հայտնաբերում. BB Media-ի գործելաոճի մյուս բաղկացուցիչներն են։ Գովազդի տեղեկատվական նշանակության ժամանակներն անցել են։ Այսօր պահանջներն ու մոտեցումներն այլ են։ Ոչ թե գովազդ ներկայացնել, այլ ցույց տալ՝ ինչպիսին պետք է լինի գովազդը. շուկան բավականին հագեցած է, մրցակցությունը՝ մեծ։ Անհարժեշտ է յուրօրինակ, չկրկնվող գովազդ մատուցել։ Ոչ թե համոզել սպառողին, որ տվյալ ապրանքը լավն է, այլ ցույց տալ, թե այդ ապրանքի միջոցով ինչ խնդիր է լուծվում, ինչ առավելություն ունի այն։ BB Media-ի մաքեթինգի բաժնի մասնագետները գտնում են ապրանքանիշի ուժեղ ու թույլ կողմերը։ Առանց ճիշտ որակում տալու՝ ոչ մի աշխատանք չի կատարվում։ «Մեր սկզբունքներից մեկն էլ հետևյալն է. եթե աշխատում ենք տվյալ հաճախորդի հետ ու պատրաստում նրա ապրանքանիշի գովազդը, ուստի այդ ապրանքանիշը դառնում է մերը։ Այսինքն՝ այնքան սրտացավորեն ու բարեխղճորեն ենք վերաբերվում հաճախորդի՝ գովազդի կարիք ունեցող ապրանքանիշին, ասես այն մեր սեփականը լինի։ Եթե տվյալ ապրանքը մերը լիներ, ինչպե՞ս կգովազդեինք, ի՞նչ կանեինք՝ այն հանրությանը հասանելի, սպառման շուկա հասցնելու համար. այդ մոտեցմամբ ենք գովազդում մեզ դիմած պատվիրատուի ապրանքանիշը։ Ավելին. եթե աշխատում ենք տվյալ պատվիրատուի հետ, ապա բացառվում է, որ համագործակցենք նրա մրցակցի հետ։ Սա սկզբունքի հարց է. դրա համար էլ մեր հաճախորդների հետ բիզնես-ճանապարհ ենք անցնում, ոչ թե մեկանգամյա ժամանակավոր հանդիպում ունենում»,- նկատում է BB Media-ի ղեկավար Հայկ Սիմոնյանը։

Գովազդի չկանոնակարգված, տարերային շուկան հստակեցված չէ ո՛չ օրենսդրորեն, ո՛չ էլ չափանիշերով։ Հայկ Սիմոնյանը մեջբերում է Ջոն Քենեդու խոսքերը. «Չինական հիերոգլիֆներով «ճգնաժամ» բառը երկու իմաստ ունի՝ վտանգ և հնարավորություն»։ Ուրեմն, ճգնաժամը նաև իր դրական կողմերից օգտվելու հնարավորություն է առաջարկում խելացի, գիտակ, ճարպիկ ու արագ կողմնորոշվողներին։ Կանոնակարգված աշխատոճը, սկզբունքները, նպատակները, գիտելիքներով ու փորձով զինված լինելը լուրջ նախադրյալներ են դեռևս ձևավորման ճանապարհ անցնող շուկայում հաստատուն տեղ գրավելու և հաջողություննրի հասնելու համար։

Շուկայական մրցակցությանը դիմակայելու և կայանալու համար հարկավոր է երաշխիքներ ձեռք բերել, իսկ դրա համար պետք է ճիշտ դիրքավորվել։ Ռազմավարական նման քայլերն անհրաժեշտություն են, հաջող բիզնեսի երաշխիք։ «Բրենդն ունի բնավորություն, այն պետք զգալ։ Բրենդը խոսում է, ունի յուրահատուկ, միայն իրեն բնորոշ հոտը։ Ենթադրենք՝ նստում եք տվյալ մակնիշի ավտոմեքենան, բռնում եք ղեկը, դիպչելով կաշվին՝ զգում բրենդի ուժը, առանձնահատկությունները, հոտը։ Դա հենց արոմամարքեթինգ կոչվածն է, որը նաև հոգեբանական ազդեցություն է գործում սպառողի վրա։ Դա հենց բրենդի ճիշտ դիրքավորումն է շուկայում՝ իր մրցակիցների կողքին»,- բիզնես-գործունեության նուրբ շերտերը մեկնաբանում է Հայկ Սիմոնյանը։

Միջազգային «դասերի» օրինակով՝ BB Media ընկերությունը չի թելադրում ճաշակ։ «Մենք կարող ենք ցույց տալ՝ ինչպիսին կարող է լինել ճաշակը։ Ոչ թե ասում ենք՝ այս ճաշակը լավն է, այլ՝ գոյություն ունի այս, այն և մյուս տարբերակները, ընտրեք»,- ավարտեց BB Media-ի երիտասարդ ղեկավարը։
Ընկերությունը հատկապես դիզայնի, գովազդային արշավների մշակման պատվերներ շատ է ստանում։ Եթե արդյունքը գոհացուցիչ է, ուրեմն կատարվել է որակյալ աշխատանք, քանի որ որակն է արդյունք բերում։

BB Media-ն պատրաստակամորեն շարունակում է իր գործունեությունը՝ երկամյա ճանապարհի ճյուղավորումների նոր գաղափարներով. ընդլայնել բիզնեսը և առաջ գնալ՝ առողջ մրցակցության կանոններով։

Այս թեմայով