18 Հուլիս 2013, 15:51
1285 |

Հուլիսյան 150 դրամանոց դարդերից

Երթուղային տաքսիների ուղեվարձի թանկացումից բխած արձագանքներն ստուգելու համար փոքրիկ հարցախույզ արեցինք մայրաքաղաքի Խանջյան փողոցի հարակից տարածքում:

Երևանում երթուղային տաքսիների ուղեվարձը թանկացավ 50 տոկոսով: Գազի թանկացումից հետո նույն երթուղայինները գազի բալոնները լիցքավորելիս նախկինի համեմատ վճարում են 20-25 տոկոսով ավելի: Բայց ուղեվարձը 100 դրամից դարձավ 150. ինչու 30 դրամով շատ, քան վճարում են վարոդները գազալիցքավորման կետերին: Փաստորեն, թանկացումն անհամաչափ է: Ինչպես կվերսկսվեն վարորդ-ուղևոր փոխհարաբերությունները:

Ակնհայտ է' մեր երթուղայինները շահագործման օրից արտաքին հարդարման, հիգիենայի ստուգման ոչ մի «դասընթաց» չեն անցել: Նստարանների' օճառի երես չտեսած, բզկտված նախկին երեսապատումները, ջարդուփշուր եղած նստատեղերը, կեղտոտ ու պարտադիր սև վարագույրները, ճռճռացող ու կարկատած հատակներն ու վարորդների երաժշտական բացառիկ հավաքածուները, իրար վրա դարսված, կանգնած ու կքանստած' ճանապարհ գնալն ուղեվարձի թանկացումից հետո ուղևորները դժվար թե հանդուրժեն: Տեխզննում ու բուժզննում փաստաթղթերով կատարվում են, բայց ով է իրականում տեսնում դրանց արդյունքը: Երթուղային տաքսիների ուղեվարձի թանկացումից բխած արձագանքներն ստուգելու համար փոքրիկ հարցախույզ արեցինք մայրաքաղաքի Խանջյան փողոցի հարակից տարածքում:

«Կփոխվեն Ձեր պահանջները երթուղայինների ուղեվարձի թանկացումից հետո»:

Աիդա (54 տարեկան, տնային տնտեսուհի) - Ումից պահանջեմ, վարորդից, կարծում եք, որ թանկանա, վարորդի գրպանն ավելի գումար է մտնելու. խիստ կասկածում եմ: Ոչինչ էլ չի փոխվելու: Պահանջները պիտի վերևներին տրվեն, ոչ թե վարորդներին, որ օրական 14-15 ժամ աշխատում են:

Էլեն (ուսանողուհի) - Սեպտեմբերին դասերը սկսվելու են: Առավոտյան էլի մի կերպ կծկված' դասի ենք գնալու: Վարորդից պահանջեմ, որ մի 10 հոգու իջեցնի՞, անհնար է: Խնդիրները մեկ-երկուսը չեն: Բոլոր էլ հարմարվում են իրավիճակին: Ավելի լավ է կռացած, խցկված գնալ դասի, քան ուշանալ կամ տաքսի նստել: Իհարկե, լավ կլիներ, որ սպասարկման որակը բարձրանար, բայց շարքային քաղաքացիների բողոք-պահանջներով դրան երբեք չենք հասնի, դրա համար էլ ոչինչ էլ չենք անում: Միևնույն է, օգուտ չունի:

Հարություն (շինարար) - Գծի տերերից պիտի պահանջենք սպասարկման որակ, ոչ թե վարորդներից: Մորաքրոջս տղան էլ է երթուղայինի վարորդ, աշխատածի 70-80 տոկոսը գծի տիրոջն է տալիս: Ինչքա՞ն փող է տուն բերում, որ կարողանա մեքենան սիրունացնի, նստարանները փոխի: Ստիպված կանգառից դուրս էլ են մարդ վերցնում, որ պլանը տան, մի-երկու կոպեկ էլ տուն տանեն: Ամեն մեկն իր պատճառն ունի, ոչ մեկին չես կարող մեղադրել:

Սիլվա (թոշակառու) - Ես միշտ էլ վարորդներին նկատողություն եմ անում' երաժշտությունն իջեցրեք, մի ծխեք: Շատ էլ լավ կպահանջեմ, որ եթե տեղ չկա երթուղայինում, այլևս ուղևոր չվերցնի: Եթե ոչինչ չփոխվի, դիսպետչերներին էլ կդիմեմ, չեմ ալարի: Իսկ ինչ անենք, թողնենք թանկացնեն, մենք էլ լուռումունջ տանենք: Գոնե նվազագույն պայմաններ ապահովեն, հարգեն ուղևորին:

Երթուղայինների վարորդների տրամադրության վրա այս կամ այն կերպ չէր ազդել ուղեվարձի թանկացումը: Մեկ ժամ էր անցել ընդամենը պատկան մարմինների որոշումից: Խուսափեցին անձնական վերլուծություններից, բայց ոմանք կցկտուր արտահայտվեցին:

Արշակ (վարորդ, պահանջեց չնշել իր վարած երթուղայինի համարը) - Սատանի մայլեն' քյանդրբազություն են անում: Ես ոնց կամ, այդպես էլ շարունակելու եմ աշխատել: Իմ պարտականությունը չի մտածել մեքենայի արտաքին տեսքի մասին: Սա են տվել, սա էլ քշում եմ: Ինձնից գծի փող են ուզում. երբ մեքենաս փչանումէ, ո՞վ է գոնե 100 դրամով օգնում, ոչ ոք: Ստիպված գծից դուրս եմ գալիս, որ սարքեմ, փոխարենը մինչև գիշերվա կես քշում եմ, որ պլանը տամ:

Սերգեյ (երթուղայինի վարորդ) - Որակ, մաքրություն պահանջելուց առաջ թող մարդկային պայմաններ ստեղծեն: Ոչ մեկն ու ոչ մի բանն իր տեղում չէ: Բոլորին միայն փողն է հետաքրքրում. Ի՞նչ քաղաքակիրթ պայման, ի՞նչ կանգառից դուրս կանգառ չանել: Բա ի՞նչ անենք: Մի խոսեցրեք, խնդրում եմ:

Վերահսկողություն. ահա ամենակարևոր գործոնը, որ պակասում է: Վարորդը պայմանագիր է ստորագրում, որում գործատուն իբր նրան ամսական իքս գումար աշխատավարձ է տալիս: Սակայն դա ձևական է. բոլորը գիտեն, որ վարորդը ոչ մի աշխատավարձ էլ չի ստանում, իր գումարն օրական է ստանում' աշխատանքային օրվա վերջում' գործատուի ձեռամբ: Դրա համար էլ որպեսզի գծի փողը փակելուց հետո մի քիչ էլ իրեն մնա, 13-ի փոխարեն 23 մարդ է լցնում երթուղայինը:
Ակնհայտ է, որ ուղեվարձի թանկացումը սոցիալական լուրջ խնդիրներ է առաջացնելու. կայծակի պես հարվածելու հասարակության գրպանին, ու երթուղայինների կոկիկ, թե փնթի տեսքը, վարորդի սափրված, թե անլվա դեմքն արդեն տասներորդական նշանակություն էլ չեն ունենալու:

Այս թեմայով