17 Հուլիս 2013, 17:19
1447 |

Լայնէկրան մոտեցում

Ավագ սերնդի hիշողությունները Երևանի կինոթատրոնների մասին անկախության սերնդի համար ֆանտաստիկայի ժանրից են: Հիմա ոչ կինո Ռոսիան, ոչ էլ կինո Կոմիտասը չկան, Արագածը, Հայրենիքն ու Զվարթնոց կինոթատրոնն էլ արդեն վաղուց հին ու բարի քաղաքային ֆոլկլյոր են դարձել՝ նոր երևանցուն ոչինչ չասող: Ուր անհետացան խորհրդային տարիներին ակտիվ գործող երևանյան կինոթատրոնները:

1936-ի դեկտեմբերի 12-ին երևանցիները հնարավորություն ստացան մեծ էկրանին դիտելու առաջին հայկական ձայնային ֆիլմը՝ Պեպոն: Հենց այսպես էլ իր կյանքը սկսեց քաղաքի ամենամեծ ու լայնաէկրան կինոթատրոնը՝ Մոսկվան: Բացվելուց 77 տարի անց կինոՄոսկվան դարձավ պրեմիերաների, փառատոների ու մեծ ու փոքր կինոիրադարձությունների միակ հասցեն Երևանում: Մոսկվա կինոթատրոնը դոմինանտ լինելուց դժգոհ չէ: Կինոթատրոնի գլխավոր մենեջեր Մարատ Սաֆարյանը սակայն, վստահեցնում է՝ եթե հասարակության կինոկրթության ու կինոժամանցի պատասխանատվությունը միայն իրենց ուսերին դրված չլիներ, ազատ ընտրության հնարավորություն կունենային. «Հիմա մենք ստիպված ենք ընտրել այն ֆիլմերը, որոնք ավելի մասսայական են, արդյունքում շատ ֆիլմեր դուրս են մնում մեր ցանկից: Չէ որ իրավունք չունենք միակ կինոթատրոնի թանկագին ժամանակը զբաղեցնել ֆիլմերով, որոնք մեծամասնությունը չի հավանի»:

Երևանի միակ կինոթատրոնը հիմա էժան հաճույք չէ, տոմսերի արժեքը բարձրացավ ու խոսակցությունների առիթ տվեց, թե լինելով միակը, կինո Մոսկվան իրեն կամայականություններ է թույլ տալիս: Կինոթատրոնի մենեջերը դա բացատրում է պրեմիերաների քանակով. «Դուք նկատում եք, որ վերջին շրջանում համաշխարհային պրեմիերաներ ենք բերում, իսկ սա մեծ գումարների հետ է կապված, հետևաբար նորմալ է, որ տոմսերը մի քիչ թանկ են»:

Երկար տարիներ Մոսկվա կինոթատրոնին զուգահեռ քաղաքում գործում էր կինո Նաիրին: Կինոթատրոնը բացվեց, փակվեց, հետո վերաբացվեց: Հայ կինոսերները այս իրադարձության հետ մեծ հույսեր կապեցին, բայց շուտով պարզ դարձավ՝ Նաիրին երևանյան կինոկյանքը առանձնապես չի ակտիվացնելու:

Կինոթատրոնի տնօրեն Հարություն Հուրիխանյանը համոզված է՝ նույնիսկ ոչ ակտիվ ֆիլմացանկով՝ կինոթատրոնի վերաբացումը անիմաստ չէր. «Նաիրիի վերաբացումն ինչ-որ չափով կնպաստի ազգային կինոյի զարգացմանը, որովհետև հիմա մեր ռեժիսորները հնարավորություն ունեն ցուցադրվելու միանգամից երկու կինոթատրոնում»: Նաիրիի տնօրենը համոզված է՝ երևանցիները ենթագիտակցորեն ֆիլմ դիտելու համար կինո Մոսկվա են գնում. «Մի հետաքրքիր բան էլ կա, մարդիկ գալիս են ու զարմանում, որ Նաիրիի ու Մոսկվայի տոմսերի գները նույնն են, չգիտես ինչու՝ ակնկալում են, որ մեզ մոտ պետք է էժան լինի»: Մոսկվա կինոթատրոնի մենեջերի համար սա զարմանալի չէ, որովետև դահլիճն էլ, հարմարավետությունն էլ նրանց մոտ այլ է:

Ստացվում է՝ կինո Մոսկվայի միակ այլընտրանքը չունի ֆինանսական բավարար հնարավորություններ մրցունակ ֆիլմեր ցուցադրելու համար, արդյունքում դոմինանտ շարունակում է մնալ մայր կինոթատրոնը:

Մրցակցություն չկա, չկա նաև հնարավորություն կյանքի կոչել ժամանակին գործող կինոթատրոնները՝ դրանք հովանավորելով և վերաբացելով: Եթե նոր ֆիլմերի ցուցադրության համար գումար չկա, ապա Նաիրիի օրինակով մյուս կինոթատրոններում էլ կարելի է աշակերտների համար թեմատիկ կինոդիտումներ կազմակերպել, կամ զբոսաշրջիկների համար՝ կինոթատրոն-թանգարաններ ստեղծել: Մշակույթի նախարարությունը հարցին պատասխանեց գրավոր, պատասխանն էլ ոչ մի էական բացահայտում չարեց. «Կինոթատրոնները, ի թիվս մշակութային այլ հաստատությունների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի ընդունումից հետո հանձնվել են տեղական ինքնակառավարման մարմիններին: Ելնելով վերոնշյալից՝ կինոթատրոնների և կինոցուցադրումների վերականգնման մասին հավելյալ տեղեկության համար դիմեք Երևանի քաղաքապետարան կամ տեղական ինքնակառավարման մարմիններ»: Քաղաքապետարան հարցումը չուշացավ, բայց այստեղ էլ սպառիչ պատասխան չգտնվեց: Մշակույթի վարչության պետի տեղակալ Եղիշե Սարգսյանի խոսքով որպես կինոթատրոն-ձեռնարկություն կինոթատրոնները քաղաքապետարանի ենթակայության տակ չեն. «Գուցե շենքային առումով դրանք մեզ մոտ գրանցված են, բայց որպես կինոթատրոն՝ ոչ, ինչպես օրինակ քաղաքապետարանի ենթակայության տակ են մի քանի թատրոններ՝ Դրամատիկականը, Մհեր Մկրտչյանի ու Պատանի հանդիսատեսի թատրոնները»:

Ինչո՞ւ է Երևանում գործում երկու կինոթատրոն, իսկ մնացածը՝ փակված են, խրթին հարցին Մշակույթի նախարարությունում և Քաղաքապետարանում սպառիչ պատասխան չգտնվեց:

Այս թեմայով