15 Հուլիս 2013, 17:26
1230 |

Սուպերմենի հայեցի արկածները

«ԱրմՔոմեդի» երգիծական հեռուստանախագծի 50%-ը՝ մոլի կոմիքսասեր Նարեկ Մարգարյանը, փորձում է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ ամերիկյան գրաֆիկական էպոսի ամենահռչակավոր հերոսը, եթե մեծանար ոչ թե ԱՄՆ-ում, այլ Հայաստանում:

Գրող Ջերի Սիգելի և նկարիչ Ջո Շուստերի թեթև ձեռքով 1938 թվականին ԱՄՆ-ն ստացավ իր ժամանակակից էպոսի գլխավոր հերոսին՝ Սուպերմենին: Կոմիքսների այդ նոր հերոսը ոչ միայն մատչելի էր 30-ականների ճգնաժամից տառապող քաղաքացիների համար, այլև մարմնավորում էր ամերիկյան երազանքը՝ նա նույնպես էմիգրանտ էր, իհարկե, ոչ Իտալիայից կամ ասենք՝ Հայաստանից, այլ հեռավոր Կրիպտոն մոլորակից, նա կաթ-մածուն կերած Կանզասի Սմոլվիլ (Փոքրաշեն կամ Պստլավան) քաղաքում մեծացած համեստ տղա էր, ով դարձավ ամբողջ աշխարհին հայտնի հերոս: 30-ականներից սկսած՝ Կրիպտոնի վերջին որդին այնքան արկածներ ունեցավ, որ եկավ մի պահ, երբ DC Comics ընկերության հեղինակներն արդեն չգիտեին՝ ինչպիսի նոր իրավիճակի մեջ կարելի է դնել մի հերոսի, որն անգամ հասցրել էր մահանալ (1992թ. Սուպերմենը մահանում է՝ որերորդ անգամ փրկելով մոլորակը):

Ամեն ինչ փորձած գրողները սկսեցին ստեղծել ալտերնատիվ աշխարհներ, և 2003 թվականին «Կարմի որդին» պատմվածքում Պողպատե մարդու տիեզերանավը վայրէջք կատարեց ոչ թե Կանզասում, այլ մեկ այլ Պողպատե մարդու ղեկավարած Ուկրաինայում: Այդ զուգահեռ աշխարհում փոքրիկ կրիպտոնացին մեծանում է կոլխոզում, այնուհետ դառնում Իոսիֆ Ստալինի պրոտեժեն՝ Կարմիր Որդին: Ճշմարտության, արդարության և ամերիկյան ուղու փոխարեն նա պայքարում է ճշմարտության, արդարության, սոցիալիզմի և Ստալինի համար, ինչի արդյունքում ԽՍՀՄ-ը գերիշխող դիրք է ձեռք բերում ամբողջ աշխարհում: Սուպերմենը անգամ զբաղեցնում է գլխավոր քարտուղարի աթոռը Ստալինի մահից հետո, ինչով զրկում է ամբողջ աշխարհին Խրուշչովի և նրա կոշիկի հայտնի ճառից:

Լավ, հիմա պատկերացնենք ինչպիսին կլիներ մեր հերոսը, եթե տիեզերանավը ավելի ռազմահայրենասիրական վայրէջքի տեղ գտներ, օրինակ՝ ՀՀ Արարատի մարզի Սուրենավան գյուղում, այն էլ 90-ականներին: Մի բան հստակ է՝ տղայի ուժերը Հայաստանում գաղտնի պահել հնարավոր չէր լինի, որովհետև մենք հարևանասեր, բարեկամասեր և, ինչու ոչ, հետաքրքրասեր ժողովուրդ ենք: Նախքան հերոս դառնալը Կամո Կարապետյանը (ամերիկյան Կլարկ Քենթ անվան շատ մոտավոր թարգմանություն) կլուծեր կենցաղային հարցերը, մասնավորապես՝ գյուղում միշտ կլիներ տաք ջուր ի շնորհիվ լազերային ճառագայթների և գուցե նաև էլեկտրականություն: Սուրենավանը կդառնար ՀՀ առաջին գյուղը, որտեղ բոլորը հստակ կիմանային ինչ պատահեց Կրուզի և Իդենի հետ: Թռչող դեռահասը հեշտությամբ կկրկնապատկեր գյուղի բերքը, կավարտեր երաժշտական դպրոցը և անգամ կմասնակցեր գյուղապետի վերընտրվելու քարոզարշավին:

Մի գեղեցիկ օր Կամոն կլքեր հայրենի գյուղը և կտեղափոխվեր Երևան, ուր նրան միանգամից կառաջարկեին մի քանի հոյակապ աշխատանք՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սերիալի մեջի ուժեղ տղայի դեր և անգամ մականունավոր պատգամավորի «ախրանի» պետի տեղակալ (որովհետև պետը չափազանց ճոխ կլիներ): Չնայած մարզչի խոստումներին, թե մի քանի լավ մենամարտերից հետո տղային անպայման «գրին քարտ» կդասավորի, Պողպատե հայը կորոշեր չօգտագործել իր գերբնական ուժերը և ինքնուրույն հասնել հաջողության: Ինչպես և իր ամերիկացի նախատիպը, Կամոն կզբաղվեր լրագրությամբ, սակայն մի քանի ասուլիսից հետո կհասկանար, որ բավարված չէ:

Կամոյին հարցազրույց տալուց կկաշկանդվեին անգամ ընտրություններին շատ ձայներ հավաքած կուսակցությունների ներկայացուցիչները, իսկ ինքը՝ Կամոն, կկաշկանդվեր նրանից, որ կարող է ավելի օգտակար լինել մարդկությանը, ինչպես նախատեսել էր իր կրիպտոնցի հայրը՝ Ջոր-էլը:

Շատ շուտով Կամոն կսկսեր պայքարել հանցագործության դեմ և փրկել միջին վիճակագրական հայերի կյանքերը: Մամուլը նրան կանվաներ Հայ Մարդ և նրա մասին հոդվածները կընթերցվեին ավելի շատ, քան Քիմ Քարդաշյանի և Անժելա Սարգսյանի մասին նյութերը միասին: Ադրբեջանն իր իսկ կամքով, շառից-փորձանքից հեռու Հայաստանին կնվիրեր ևս մի 20% տարածք: Նրանց օրինակին կհետևեին նաև վրացիները և կլուծեին Ջավախքի հարցը, ավելացնելով, որ միևնույն է՝ իրենք ավելի լավ գինի ունեն: Թուրքիան կսկսեր Անթալիան անվանել արտասահման, իսկ հայերը կսկսեին բողոքել, որ թեև Անթալիան մերն է, այն ավելի թանկ է, քան արտասահմանյան Քոբուլետին: Այս ամենը տեղի կունենար ինքնաբերաբար, զուտ Հայ Մարդու հետ «չթարսվելու» նկատառումով, ինքը Կամոն կձգտեր չխառնվել քաղաքականության մեջ և հավասար փրկել բոլորին:

Աստիճանաբար Հայ Մարդը կդառնար ամբողջ մոլորակի հպարտությունը՝ նա վերջ կտար բոլոր պատերազմներին, շաբաթը մի քանի անգամ կփրկեր մոլորակը, իսկ 2012 թվականի դեկտեմբերի 12-ին սխալ կհաներ մայաներին: Դրա հաջորդ օրը Հանրա-պետության հրապարակի դատարկ տարածքում կտեղադրվեր Կամոյի արձանը, իսկ Սուրենավանում նրա ճարպիկ համադասարանցին կբացեր Հայ Մարդու պաշտոնական տուն-թանգարանը: Մեծերի տոմսը 1000 դրամ, մինչ 7 տարեկան երեխաներինը՝ 750: Իհարկե, կգտնվեին մի քանի հոգի, որ կասեին. «Ինչի հասավ էս տղան՝ ոչ լավ մեքենա ունի, ոչ մի կարգին տուն... բա ես նրա տեղը...», բայց շատերի համար, միևնույն է, նա կլիներ բարության և արդարության խորհրդանիշը, այն լավ օրինակը, որին պետք է հետևել, ոչ միայն այդ մոգոնված ալտերնատիվ աշխարհում, այլ նաև մեր իսկական աշխարհում, որտեղ որ նրան ստեղծեցին: Ուրեմն կարիք կար:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N10, 2012

Այս թեմայով