15 Հուլիս 2013, 16:37
1232 |

Black and White՝ «Չապլին»-ում

«Չապլին»-ի այցելուները տարբեր տարիքի են, նույնիսկ՝ երեխաներ, որոնք ներս մտնելով մեծ հետաքրքրությամբ են դիտում լեգենդի լուսանկարները:

Չապլինի լուսանկարներով զարդարված նորաբաց «Չապլին» փաբը երկու սրահներից բաղկացած վայր է, առաջինում դաշնամուր կա, սեղանին՝ կիթառ: Երաժշտական գործիքները փոշոտված չէին, ինչը խոսում էր երկու բանի մասին՝ կամ հետևում են մաքրությանը, կամ պարզապես գործիքներն ակտիվորեն գործածում: Երկու երաժիշտներից մեկն անդադար նվագում էր: Խլղաթյան Գեղայրը դաշնակահար է, երեկոյան ժամերին «Չապլին»-ում է՝ ջազային կատարումներով, երբեմն էլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով:

Կարմիր սփռոցներով ծածկված սեղաններին դրված էր մենյուն, որը ուսումնասիրելուց հետո պարզ դարձավ, որ այստեղ կարելի է համեղ և, թույլ տվեք նկատել, էժան ուտել, խմել, լսել կենդանի երաժշտություն և մասնակցել թեմատիկ երեկոների: Օրինակ, մենք ներկա եղանք Black and White երեկոյի, որի ժամանակ դիտեցինք Չապլինի ֆիլմերը:

Սև ու սպիտակ թեմատիկան չէր վերաբերում հագուստին, չնայած «Չապլին»-ի հիմնադիր լուսանկարիչ Ռոբերտ Ղևոնդյանը կրում էր ճերմակ վերնաշապիկ: Նա պատմեց, որ ի սկզբանե «Չապլին»-ը եղել է Կոմիտաս թաղամասում, հետո որոշեցին տեղափոխվել Կենտրոն: «Կինոաշխարհին քիչ թե շատ մոտ լինելով՝ Չապլինին որպես էդպիսին ներկայացնելու միտում եմ ունեցել, ուստի բացեցի այս վայրը», - պատմում է Ռոբերտ Ղևոնդյանը: Այս օրվա սև ու սպիտակ թեմային կարելի էր հանդիպել թե ֆիլմերում, թե լուսանկարներում, թե դաշնամուրի ստեղներում, պակասում էր միայն Black and White վիսկին, ինչպես խոստովանեց Ռոբերտը.«Երեք օր Երևանում փնտրեցինք, բայց չգտանք այդ վիսկին»:

«Չապլին»-ի այցելուները տարբեր տարիքի են, նույնիսկ՝ երեխաներ, որոնք ներս մտնելով մեծ հետաքրքրությամբ են դիտում լեգենդի լուսանկարները: Հաջորդ թեմատիկ երեկոն կլինի հուլիսի վերջին, իսկ թե այդ ժամանակ ինչ կկատարվի «Չապլին»-ի պատերի ներսում, դեռ պարզ չէ:

Այս թեմայով