15 Հուլիս 2013, 15:29
1982 |

Խեցգետնահոտ ծիսակարգ

Խեցգետնի տասնյակ սիրահարներ պայքարում են տարվա գլխավոր խեցգետնակերի պատվին արժանանալու համար:

Ուտելու թվացյալ պարզ գործընթացը արարողակարգի վերածած հայկական սովորույթը նոր չէ: Արժե հիշել խաշի կամ խորովածի մասին, դրանք պահանջում են երկար նախապատրաստական աշխատանք, համապատասխան հոգեվիճակ ու տրամադրություն: Այդ իսկ պատճառով խաշի, խորովածի սեղանները տարեկան երկու-երեք անգամ են բացվում: Տոն կազմակերպելու հիանալի այլընտրանք է խեցգետնակերությունը: Այն պակաս արարողակարգային չէ, պարզապես ոչ բոլորն են ծանոթ խեցգետնակերուխումը խեցգետնատոնի վերածելու արվեստին: Այդ բարդ գործընթացն իրականացնելու համար կարևոր է հետևել մի քանի կետերի: 

Տրամադրություն, արի՜
Որպեսզի խեցգետնակերության երեկոն իսկապես ծիսկան բնույթն կրի, առաջին հերթին պետք է տրամադրվել: Ցանկալի է որպես օր ընտրել ուրբաթ երեկոն՝ աշխատանքային շաբաթվա ավարտը: Անպայման նախօրոք ցուցակագրեք հրավիրվածներին: Կերուխումի մասնակիցները պետք է լինեն հարազատ, հաճելի մարդիկ, ում հետ ժամանակը կանցնի աննկատ և գարեջրերի շշերի հաշվարկ չի լինի: Կարևոր է նաև տեղի ընտրությունը: Միջավայրը պետք է լինի ոչ շատ աղմկոտ, սակայն գրադարանային լռությունն էլ լավագույն ուղեկիցը չէ: Ցանկալի է թույլ լուսավորությամբ փոքրիկ սրահ մեծ սեղանով: Ծխե՞լ, թե չծխե՞լ: Միանշանակ չ՛ծխել: Առաջին հերթին ծխախոտի ծուխն ամբողջովին փչացնում է թարմ ձկնամսի համն ու հոտը, բացի այդ ամեն անգամ ծխելու համար ստիպված ընդհատվում է ծիսակարգը:

Երբ կապում ենք գոգնոցը
Հավուր պատշաճի խեցգետնատոն անցկացնելու գլխավոր նախապայմանը, անշուշտ, հյութեղ խեցգետինն է: Դրա ընտրությունը բարդ, կարելի է ասել մասնագիտական մոտեցում է պահանջում: Հայաստանի գրեթե բոլոր քաղցրահամ ջրամբարներում կարելի է գտնել խեցգետին, բայց նախըտրելի են Սևանա ջրով օրհնվածները: Պատրաստելու համար պետք է ընտրել միմիայն կենդանի խեցգետիններին: Եփելուց առաջ հատ-հատ ստուգեք յուրաքանչյուր խեցգետնին. եթե կան այնպիսինները, որոնց գոնե բեղիկը չի շարժվում, ապա դրանք առանձնացնել է պետք, քանի որ պատրաստման ենթակա չեն: Ցանկալի է, որ ջուրը լինի նույն ջրամբարից, որտեղից որսել են կենդանիներին: Խեցգետնի սեռի ընտրությունը նույնպես կարևոր է, չնայած այս դեպքում ճաշակին ընկեր հաստատ չկա: Արու խեցգետինների մոտ լավ են զարգացած առջև ճանկերը, սակայն դրանց պոչն ավելի փոքր է: Էգ խեցգետինների մոտ հակառակը՝ պոչն ավելի մեծ է, հետևաբար՝ ավելի մսոտ ու հյութեղ: Էգ խեցգետինների առավելություններից է նաև ձկնկիթը:
Համարձակ փորձարարները կարող են պատրաստել խեցգետինը մածունի ու օղու խառնուրդում, կամ ասենք ծիրանաչրի հետ: Սակայն ինչպես ասում են, փորձված թանը անփորձ ծիրանաչրից լավ է:

Դանակ, պատառաքաղ, գնա՜, օրաթերթ ու անձեռոցիկ, արի՜
Ավանդական ձևավորման գլխավոր ատրիբուտն է օրաթերթը, այն հիանալի փոխարինում է սեղանի սփռոցին: Բացի այդ, գոյացած աղբի համար էկոլոգիապես մաքուր աղբատար է: Կարևոր է, որ ծիսակարգի յուրաքանչյուր մասնակից ունենա սեփական ափսե/թերթն ու անձեռոցիկը:
Խեցգետնինների հետ մատուցվում է միայն ու միայն գարեջուր: Գարեջրի բաժակները պետք է լինեն նախապես սառեցված: Մատուցվող գարեջրի շշերն անպայման պետք է լավ քրտնած լինեն: Սեղանին լիմոնը ցանկալի հյուր է, քանզի միայն նրան է տրված ձեռքերից ձկնահոտը վայրկենապես չեզոքացնելու մենաշնորհը:

Մաքրում ենք բեղերը ու մլավում
Ստաժավոր խեցգետնակերները համոզված են՝ չի՛ կարելի խեցգետինն ու գարեջուրը ճաշակել միանգամից: Սկզբում՝ մեկ շիշ բաց գույնի գարեջուր՝ գիտակցությունը թեթևակի մշուշող: Իսկ երբ բավականաչափ կգրգռվի քիմքն ու համային զգացողություններն ավելի կսրվեն, տրամադրությունն էլ ապահոված լինի, կարելի է մատուցել խեցգետնինները, անպայման՝ տաք-տաք:

Ամեն ոք խեցգետինը սկսում է ուտել իրեն հարմար հատվածից: Եվ իսկապես կարևոր չէ՝ պոչից, թե ճանկերից, կարևոր է այն ուտել ամբողջությամբ, չկորցնելով թանկարժեք ու հյութեղ մսից և ոչ մի կտոր: Զգուշացնում նորեկներին՝ ոչ մի դեպքում չի կարելի ուտել աղիքը, և գլխին մոտ գտնվող աղեստամոքսային կանաչ զանգվածը: Դրանցում պարունակվող տիղմն ամբողջությամբ փչացնում է խեցգետնի համը: Իսկ պատյանի տակ գոյացած ճարպն ամենահամեղ հատվածն է, թեև շատերը դեն են նետում այն՝ որպես թափոն: Ուտելու ընթացքում ժամանակ առ ժամանակ սառը գարեջուրը սրում է խեցգետնի համը:

Երբ սեղանն արդեն լի լինի, համտեսված խեցգետնի մնացորդներով, գարեջրի շշերը՝ դատարկ, իսկ համտեսողների շուրթերն ու մատները՝ թեթև կարմրած ու այտուցված, ուրեմն կերուխումը ստացվել է:

Այս թեմայով