14 Հուլիս 2013, 12:34
1530 |

«Ոսկե ծիրան». օր յոթերորդ

Սերժ Ավեդիքյանի ֆիլմի հասցեին բրավոների տարափից հետո բոլորը շտապեցին Օպերային թատրոն՝ ներկա գտնվելու փառատոնի փակման արարողությանը և վերջապես իմանալու, թե ովքեր են մրցանակակիրները: Իսկ նրանք քիչ չէին:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի յոթերորդ օրը արտամրցութային ծրագրի շրջանակում ցուցադրվեց կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին կինոնկարը՝ «Հայկ. փախուստ»: Ֆիլմը ներկայացնելու ժամանակ Հարություն Խաչատրյանը նշեց, որ այն հեռուստատեսության և հատկապես հայերեն խոսող ու հասկացող հայերի համար է նկարահանված: Ռեժիսորի ուղերձն այն է, որպեսզի հայերը լսեն այդ ֆիլմի խոսակցությունները և հասկանան, թե ինչու են հայերը փախչում Հայաստանից: «Պարզվում է, որ ես չեմ մեծացել. երբ տեսա, որ ֆիլմս նայելու է եկել Արտավազդ Փելեշյանը, վախից մի բաժակ օղի խմեցի, այնպես որ փառատոնի փակումն այսօր կարող է և չկայանալ»,- կես-կատակ, կես-լուրջ ասաց Խաչատրյանը: Ֆիլմի ցուցադրությունից առաջ ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը փառատոնի հիմնադրին իր կակաչներով կտավը նվիրեց, այդպես էլ չհասկացանք, թե ինչու. երևի փառատոնի 10-ամյակի առթիվ հերթական շնորհավորական ժեստն էր:
Հայկի փախուստին հաջորդեց Սերժ Ավեդիքյանի «Փարաջանով՝ գեղեցկությանը սիրահարվածը» ֆիլմի երևանյան պրեմիերան: Փառատոնի փակման ֆիլմ լինելու առթիվ հանդիսատեսը լեփ-լեցուն էր, բայց, բարեբախտաբար, նախորդ տարվա Միխաել Հանեքեի «Սեր» ֆիլմի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցը, կռիվուդավը այս տարի չկար: Իհարկե, միշտ էլ գտնվում են մարդիկ, ովքեր չունեն ո՛չ տոմս, ո՛չ հրավիրատոմս, բայց պարտադիր գալիս են՝ հույսով, որ վերջում, երբ բոլոր «օրինավոր» հանդիսատեսները տեղավորվեն դահլիճում, իրենց անպայման ներս կթողնեն: Այդպես եղավ նաև այս անգամ. դահլիճը լեփ-լեցուն էր և՛ նստարաններին իրենց տեղերը զբաղեցրած, և՛ կանգնած, և՛ գետնին նստած հանդիսատեսներով: Ավեդիքյանը, որ համատեղությամբ նաև Փարաջանովի դերակատարն էր, միայն մեկ խնդրանք ուներ՝ ֆիլմը նայել բաց աչքերով, ականջներով, բաց հոգով ու սրտով: Բայց ավելի կարևոր էր այն, որ նա զգուշացրեց՝ ֆիլմը փաստագրական չէ, այլ՝ գեղարվեստական: Այդ դիտարկումը շատ կարևոր էր, որպեսզի հետո բոլոր հնարավոր և անհնարին փարաջանովագետները մեծ-մեծ չխոսեին ֆիլմի՝ իրականությանը չհամապատասխանելու, այս կամ այն փոխհարաբերությունները ճիշտ կամ սխալ ներկայացնելու մասին կամ էլ ասեին՝ «Փարաջանովը սենց բան չէր անի»: Իրականում ֆիլմն իսկապես մեծ ռեժիսորի և գեղեցկության հետ նրա փոխհարաբերության մասին էր: Մի կողմից ներկայացվում էր նրա կյանքի ամենադառը հատվածը, սին մեղադրանքներն ու ստեղծագործական ճգնաժամը, մյուս կողմից նրա՝ ինքն իրեն ծաղրելու, հանճար անվանելու, ցանկացած միջավայրը տոնի վերածելու, գեղեցիկը տեսնելու, գտնելու և սիրելու հատկությունը:
Ավեդիքյանի ֆիլմի հասցեին բրավոների տարափից հետո բոլորը շտապեցին Օպերային թատրոն՝ ներկա գտնվելու փառատոնի փակման արարողությանը և վերջապես իմանալու, թե ովքեր են մրցանակակիրները: Իսկ նրանք քիչ չէին: Հաղթողներին հայտարարելուց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ շնորհեց Հարություն Խաչատրյանին, որը ոչ մի կերպ չէր ամրանում կոստյումին: «Երևի ավելի լավ բան պետք է լիներ, չամրացվեց»,- կատակեց Խաչատրյանը:
Հերթով հնչեցին մրցանակակիրների անունները ու նրանք կամ նրանց ներկայացուցիչները բարձրացան բեմ՝ ստանալու մրցանակը: Կինեմատոգրաֆիստների միության մրցանակի արժանացած կորեացի ռեժիսոր Սանհուն Փարկն այն աստիճան համոզված էր, թե ոչ մի մրցանակ չի շահելու, որ շապիկով ու շորտերով էր եկել փակման արարողությանը:
«Հայկական համայնապատկեր» ծրագրում երկու մրցանակ էր սահմանված: Ծրագրի ժյուրիի անդամ Նիք Ջեյմսը, նախքան հաղթողներին հայտարարելը, բոլորին ցուցադրեց իր գունավոր շերտավոր վերնաշապիկը՝ հպարտությամբ արձանագրելով, թե այդ վերնաշապիկը հագին՝ փոքր-ինչ նման է Փարաջանովին, և դա իրեն դուր է գալիս: «Ոսկե ծիրան» մրցանակին արժանացած Մարիա Սահակյանը, ի տարբերություն կորեացի ռեժիսորի, այն աստիճան հոռետես էր գտնվել իր՝ որևէ մրցանակի արժանանալու հարցում, որ ընդհանրապես չէր ներկայացել փակման արարողությանը:
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում ներկայացված միակ հայկական ֆիլմը՝ Անդրանիկ Հարությունյանի «Հեքիաթ»-ը որևէ մրցանակի չարժանացավ, թեև, ինչպես նշեց ժյուրիի անդամներից մեկը, փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվելն արդեն մրցանակ է:
Խաղարկային ֆիլմերի մրցույթում հատուկ հիշատակման արժանացավ «Մեջտեղում ինչ-որ տեղ» թուրքական ֆիլմը: «Արծաթե ծիրանն» այս մրցույթում շնորհվեց Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ» կինոնկարին: Ռեժիսորը բեմ բարձրացավ ֆիլմի գլխավոր դերակատարի՝ հայազգի Լևոն Հաֆթվանի հետ, որն այս անգամ ռեժիսորի համար ոչ թե գլխավոր հերոսի դերն էր կատարում, այլ թարգմանչի: Չնայած այն տարածված մոլորությանը, թե այս մրցույթում անպայմանորեն մրցանակի պետք է արժանանար Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմը, «Ոսկե ծիրանը» բաժին հասավ սերբ կինոռեժիսոր Սրջան Գոլուբովիչի «Պարունակներ» կինոնկարին:
Մրցանակները շնորհելուց հետո «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը հայտարարվեց փակված, իսկ 11-րդը՝ սկսված: Ինչպես ասաց Հարություն Խաչատրյանը. «Եկեք ավարտենք, որպեսզի շարունակենք»:

Այս թեմայով