13 Հուլիս 2013, 22:46
1077 |

Անցյալի հետքերով

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի վերջին մրցութային օրը մասնակից ֆիլմերից չորսի ռեժիսորներն իրենց աշխատանքները ներկայացրեցին լրագրողներին, լսեցին նրանց արձագանքն ու կարծիքները:

Ռենե Հաուվեն 30 տարի աշխատել է երաժշտության ասպարեզում` որպես երաժիշտ, ձայնագրության պրոդյուսեր և Գերոնինգենի Mastersound Studios-ի տեր: 30 տարի առաջ Ռենեի եղբայրը մահացել է հերոինի չարաշահումից: 2007-ին Հաուվեն հեռանում է երաժշտության ասպարեզից ու սկսում զբաղվել ֆիլմարտադրությամբ: Նա որոշում է իր առաջին ֆիլմը նվիրել եղբոր հիշատակին` նկարահանելով 10 տարի նրա կյանքից, բայց հետո միտքը փոխում է. «Այդպիսի ֆիլմեր շատ կան, այդ իսկ պատճառով որոշեցի ներկայացնել մեկ օր եղբորս կյանքից այնպես, ինչպես ես եմ հիշում»: Ռեժիսորը նշում է, որ թեև 30 տարվա վաղեմության դեպքեր են նկարագրվում, իր հայրենիքում` Նիդերլանդներում, «Հերոին» ֆիլմի թեման դեռևս ակտուալ է: Հատկանշական է, որ ռեժիսորի եղբորը մարմնավորած դերակատարն ինքն էլ է վերջին տարիներին լուրջ խնդիրներ ունեցել թմրանյութերի հետ, բայց ի տարբերություն իր մարմնավորած հերոսի նախատիպին, կարողացել է հաղթահարել կախվածությունը:

Ի տարբերություն Ռենե Հաուվենին, որը նոր մարդ է կինոաշխարհում, իրանցի ռեժիսոր Մաջիդ Բարզեգարի համար «Ոսկե ծիրան» կինոփառատոնում ներկայցված «Փարվիզ» ֆիլմը հինգերորդն է: Ռեժիսորը հենվել է ոչ միայն սեփական, այլև ընդհանուր առմամբ  իրանական կինոյի հարուստ փորձի վրա. «Իմ կարծիքով, հասել է ժամանակը, որ իրանական ռեժիսորների նոր սերունդը կարողանա իր ձայնը գտնել ու արժեք ստեղծել` անկախ քաղաքական իրադարձություններից»: Ֆիլմի հերոսը` 50-ամյա Փարվիզը, դեռևս ապրում է հոր հետ, և երկու տղամարդիկ այնքան էլ լեզու չեն գտնում: Այդ իրավիճակը հասնում է բարձրակետին, երբ հայրը որդուն հայտնում է, որ մտադիր է նորից ամուսնանալ. «Ուզում էի ֆիլմը, պատմությունը ներկայացնել անտեսված մարդու տեսանկյունից: Այս ֆիլմը կառուցվել է Իրանի ներկա քաղաքական և հասարակական մթնոլորտում: Յուրաքանչյուրս մեր ապրելու վայրից անկախ կարող ենք մեր մեջ Փարվիզ ունենալ: Այդպիսի մարդիկ կան ամբողջ աշխարհում»: Փարվիզը ստիպված է լինում հեռանալ հայրական տնից, ծանոթ շրջապատից, և գտնում է իր հանդեպ գործված անարդարության դեմ պայքարելու յուրօրինակ ուղի` դաժանությանը պատասխանելով դաժանությամբ: Ի դեպ, Իրանում ֆիլմն արգելված է. ասում են` դաժանություն է քարոզում, թեև ինքը` ռեժիսորը, համաձայն չէ:

Դաժանության, անարդարության դեմ պայքարում են նաև Ռուսաստանում: Եվգենյա Մոնտանյա Իբանևի «Քայլիր, քայլիր, ձախով» ֆիլմը Ռուսասատանի քաղաքական ընդդիմության ամենավիճելի և նպատակամետ դեմքերից մեկի` Սերգեյ Ուդալցովի և նրա «Ձախ ճակատ» ընդդիմադիր շարժման, ինչպես նաև` սրա հետևորդների, հանրահավաքներին մասնակցող մարդկանց և հացադուլավորների մասին է, որոնք մնում են շարժման կողքին, երբ ոստիկանությունն ուժ է գործադրում: Բողոքները վերաբերում են վերջին նախագահական ընտրությունների և  Պետդումայի` դրան նախորդած  ընտրությունների արդյունքներին: Պատմությունն ընթանում  է 2012-ին Մոսկվայում, ընտրություններից առաջ և հետո: Ռեժիսորը նշում է, որ այդպես էլ չի կարողացել բացահայտել իր ֆիլմի հերոսին. «Սերգեյը մնաց հռետոր, որին ուզում էի բացահայտել, բայց չկարողացա»:

Իսկ այդ նույն ժամանակ Լիտվայում մահանում է գյուղաբնակների վերջին սերունդը: Լինաս Միկուտայի «Ձուկիայից ցուլը» ներկայացնում է այն սակավաթիվ մարդկանց առօրյան, ովքեր դեռ ապրում են գյուղերում. «Մի քանի տարի անց այլևս չեն լինի մարդիկ, ովքեր ծնվել ու մեծացել են գյուղում: Ուզում էի հավերժացնել մարդկանց այս անհետացող տեսակի կենցաղը: Այդ ժամանակներն արդեն ավարտվում են, և դա ինձ ստիպեց այդ մասին ֆիլմ նկարահանել»: Սա քաղաքային աղմուկից և, այսպես կոչված, «ժամանակակից մշակույթից» հեռու այլ աշխարհ է, որը ստեղծվել է Աստծու և ոչ թե մարդկանց կողմից: 

Այս թեմայով