13 Հուլիս 2013, 13:49
1694 |

Անպոզուպոչ ինտերնետ

1980-ականների վերջին ԱՄՆ գաղտնի ծառայությունների անձնական օգտագործման նպատակով ստեղծված տեղեկություններ փոխանցող ցանցն ապագաղտնիացվեց ու հասանելի դարձավ աշխարհին: Նոր ցանցը, որը պայմանականորեն անվանում էին «համաշխարհային սարդոստայն», կապի մասնագետները լուրջ չէին ընդունում:

«Կապավորները» կարծում էին, որ ամերիկացի գիտնականները ստեղծել էին հերթական խաղալիքը, որը շուտով մոռացության կմատնվի: Բայց խաղալիքով սկսեցին խաղալ բոլորը:

Կապի ոլորտի մասնագետների սկեպտիկ կանխատեսումները չարդարացան: Համաշխարհային սարդոստայնը վերանվանվեց «ինտերնետ» ու տեղեկատվական հիմնական ռեսուրսը: Այն թույլ էր տալիս վայրկյանների ընթացքում տեղեկատվություն փոխանցել աշխարհի մի ծայրից մյուսը: Ու ինտերնետային տրանսպորտը՝ թվային մալուխները, սկսեցին տարածվել ամբողջ երկրագնդով, հատեցին օվկիանոսներ, հասան տիեզերք՝ միմիանց կապելով մայրցամաքները:
Գերարագ տեմպերով զարգացոող ենթակառուցվածքն ուներ թերևս մի անհարմարություն. բաժանորդներին հասնում էր սկզբում հեռախոսագծի, հետո էլ առանձնացված մալուխի միջոցով: Նման գերհզոր հնարավորություններով հեռահաղորդակիցության միջոցը պետք է լիներ մոբիլ:

Խնդիրը լուծվեց անսպասելիորեն. 1991-ին Նիդեռլանդներում՝ մի խումբ բիզնեսմենների կողմից: Այսօր լույսի ու ջրի պես անհրաժեշտ wifi տեխնոլոգիան անվտանգ ու կիրառելի դարձնելու համար պահանջվեց շուրջ տասը տարի: Արդյունքում աշխարհն առցանց դարձավ առանց ավելորդ «պոչերի»:

Եվրոպայում wifi-ի տարածման մի վարկած է շրջում: Ինտերնետային կապի մալուխներն անդառնալի վնաս էին հասցնում պատմամաշակութային արժեք ներկայացնող շենքերին:

Դրանց ամբողջական տեսքն ապահովելու ու միաժամանակ շենքերի բնակիչներին նորագույն տեխնոլոգիաներից չզրկելու համար հնարամիտ եվրոպացիները սկսեցին որպես կապի միջոց ակտիվորեն կիրառել wi-fi-ը:

Աշխարհի խոշորագույն քաղաքների այգիներում, հասարակական վայրերում արդեն անվճար ու ազատ wifi գոտիներով ոչ ոքի չես զարմացնի: 2011-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հեռահաղորդակցության ոլորտի գիգանտներից մեկը՝ Nokia-ն, ստեղծեց 26 կետերից բաղկացած անլար ցանց՝ մշուշապատ քաղաքին անվարձահատույց տրամադրելով շուրջ 1Մբիթ արագությամբ ինտերնետ:

Երևանում անվճար wifi գոտիները նորություն չեն: Սրճարանները, գրադարանները, կանգառները, որոշ այգիներ, նույնիսկ հասարակական տրանսպորտը գրեթե ամբողջությամբ համալրված են wi-fi-ով:

Անվճար wi-fi-ի տարածմանը միացան տեղական մի շարք ընկերություններ: Խնդրի լուծմանը կամավոր կցվեց երկրի ինտերնետ մատակարարող առաջատար կազմակերպություններից մեկը՝ Ucom-ը: Հուլիսի 12-ից Ծաղկաձորի բնակիչները հնարավորություն ստացան միանալ ինտերնետին UCOM ընկերության տրամադրած անվճար wifi գոտիներից: Ոչ կոմերցիոն այս նախագծի նպատակն է պահովել մայրաքաղաքի գրադարանների ու ընթերցասրահների մեծ մասն անվճար, անլար ինտերնետով: Ընկերությունը չանտեսեց նաև Երևանի դպրոցները: Շուրջ 15 դպրոց արդեն համալրվել է համակարգչային դասասենյակներով ու բարձրորակ ինտերնետով:

Մայրաքաղաքից հետո Ucom ընկերությունը որոշեց անլար ինտերնետ նվիրել նաև ամենատուրիստառատ քաղաքին: Ծաղկաձորի բոլոր հասարակական վայրերն արդեն wi-fi-աֆիկացված են, ինչի շնորհիվ քաղաքի հյուրերն ու բնակիչները գերարագ ու բարձրորակ կապ ունեն:

Կազմակերպության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խոսքերով, փորձարկման առաջին օրն իսկ ցանցից միաժամանակ օգտվել են 100-ից ավելի օգտատերեր: Մատուցվող ծառայության բարձր որակում համոզվեցի անձամբ, շփվեցի ԱՄՆ-ում ու Ռուսաստանում գտնվող ընկերներիս հետ: Ի դեպ, մեր կապը մի քանի անգամ գերազանցում էր մոսկովյան կապին, այն չի ընդհատվում տարբեր խուլ վայրերում և չի դանդաղում: UCOM-ի ջանքերով wifi-ն արդեն հասանելի է նույնիսկ ճոպանուղու ուղևորներին:

Հայկ Եսայանը նշեց, որ Ծաղկաձորը Ucom- -ի wi-fi ճանապարհորդության միակ հանգրվանը չի լինի: Հաջորդ թիրախը Վանաձորն է ու այդպես շարունակ, մինչև Հայաստանի ու Արցախի բոլոր քաղաքները կհամալրվեն անլար ինտերնետով:

Նման նախաձեռնությունները, անկասկած, առաջին հերթին նպաստում են երկրի վարկանիշի բարձրացմանը, քանզի անվճար ու որակյալ ինտերնետ հասանելիությունն այսօր արդեն զբոսաշրջային ընկերությունների համար երկիրը գովազդելու հիանալի միջոց է:

Այս թեմայով