13 Հուլիս 2013, 11:09
2762 |

«Ոսկե ծիրան». օր վեցերորդ (վիդեո)

Կինոփառատոնում արդեն նախատոնական տրամադրություն է, այնպես որ վեցերորդ օրն առանձնապես ակտիվ չէր: Ըստ ամենայնի՝ բոլորը՝ և՛ կազմակերպիչները, և՛ մասնակիցները, և՛ հանդիսատեսը խնայում են ուժերը փակման և հաջորդ օրը ցուցադրվելիք հաղթող ֆիլմերի համար:

Թե ինչ իրադարձություններ տեղի ունեցան վեցերորդ օրն առավոտյան, ես այդպես էլ չիմացա, նախորդ գիշերը չափազանց բուռն էր: Բայց կեսօրին նորից ընդգրկվեցի ծիրանային թոհուբոհի մեջ: Ժամը 14:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն «Եղիցի լույս» մրցանակ պետք է շնորհեր ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին: Նախքան արարողությունը սկսվելը հյուրերը շրջայց կատարեցին Էջմիածնի եկեղեցում, այցելեցին գանձարան, զմայլվեցին եկեղեցական կահ-կարասիով ու շքեղ ոսկե զարդերով: Իրանցի մահմեդական Նավիդին քիչ էր մնում համոզեի մոմ վառել եկեղեցում: Քանի դեռ Վեհափառը ճեմարանում աղոթք էր արտասանում, ապա՝ երկարաշունչ ճառեր կարդում Փելեշյանի հանճարի և կարևորության մասին, մաեստրոյի թոռնիկը զգուշությամբ ուղղում էր պապիկի վերնաշապիկը: Տեսնես՝ հանճարի թոռ լինելն ի՞նչ է նշանակում:

17:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր սրահում բացվեցին «Վրացական ֆիլմերի օրերերը»: Ծրագիրը ներկայացնող տիկինը զգուշացրեց, որ ռուսերեն է խոսելու, քանի որ դահլիճում ներկա են ռուսախոս հարգարժան հյուրեր: Ի զարմանս ինձ, դահլիճում ներկա շատ հայեր թարգմանչի կարիք ունեցան: Փաստորեն, ռուսերենն այլևս երկրորդ մայրենին չէ, ինչպես կարծում էի: Վայելեցինք ծրագրի շրջանակում ցուցադրվող հին ու բարի «Միմինոն»՝ մեկ ընդհանուր լեզվով՝ ռուսերենով:

Նախորդ ֆիլմից հետո ռեժիսորի հետ ծավալված քննարկումն արդեն անցնում էր բոլոր հնարավոր սահմանները, հարցուպատասխանը շարունակվում էր, ցուցադրության ժամը՝ ուշանում, իսկ մուտքի մոտ կուտակվող հանդիսատեսները՝ շատանում: Երբ դահլիճը վերջապես ազատվեց, առաջինը ցուցադրվեց Նիկոլայ Դավթյանի «Ստեղծագործելու բանաձև» ֆիլմը: Այն մի կողմից Առնո Բաբաջանյանի մասին էր, մյուս կողմից՝ ոչ: Ռեժիսորը միևնույն ժամանակ նպատակ էր դրել ներկայացնելու Առնոյի մեծությունը՝ դրա հետ մեկտեղ բացահայտելով նրա մասին հյուսված լեգենդների ոչ իսկությունը: Ի դեպ՝ այս առիթով ռեժիսորը կոնֆլիկտ էր ունեցել կոմպոզիտորի որդու՝ Արա Բաբաջանյանի հետ, որը իմաստ չէր տեսնում այդ առասպելները արժեզրկելու մեջ:

Ֆիլմից հետո համոզվեցի, որ հայ վավերագրական կինոն դեռևս շատ ճանապարհ ունի անցնելու: Հաջորդ ֆիլմն էլ ավելի հիասթափեցրեց. Մարատ Սարգսյանի «Հայրը» կինոնկարը պատմում էր Վիդաս Զենոնաս Անտոնովասի մասին, որը հայտնի է որպես Խորհրդային Միության ամենաուշագրավ հանցագործներից մեկը: Թեև թեման հետաքրքիր էր, բայց ձանձրույթից բացի ֆիլմն ուրիշ ոչ մի զգացողություն չէր առաջացնում, ցնցոտիներով ապրող, կեղտի ու փոշու մեջ գոյատևող բազմազավակ ընտանիքում, ցավոք, երջանկության նշույլ իսկ չկար: Առաջին 20 րոպեն դիտելուց հետո ինքզինքը ներողություն խնդրեցի ռեժիսորից ու դուրս եկա դահլիճից:

Բարեբախտաբար, տհաճ տպավորություններս հատուցելու հնարավորություն կար: 19:00-ին Կապույտ սրահում ցուցադրվեց Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» կինոնկարը, որն արդեն հասցրել է բարձր գնահատական ստանալ ռուս և միջազգային կինեմատոգրաֆիայի ներկայացուցիչների կողմից: Տեղ-տեղ շատ էսթետիզացված և այդ իսկ պատճառով շատերի համոզմամբ՝ կանացի ֆիլմի վերջում ռեժիսորը փոքրիկ հնարք է գործադրել՝ իրական ավարտը թողնելով հանդիսատեսի ընտրությանն ու անձնական ընկալմանը:

21:00-ին նույն դահլիճում վերջապես կարողացա ներկա գտնվել Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» ֆիլմի ցուցադրությանը, բայց ակնկալիքներս չարդարացան: Թեև դժվար թե ինչ-որ մեկը կարողանա Փելեշյանի լռությունն ավելի լավ մեկնաբանել, քան նրա իսկ կինոնկարները: Ինձ մնում էր միայն վայելել ֆիլմում տեղ գտած հատվածները Փելեշյանի տարբեր ֆիլմերից՝ այն ֆիլմերից, որոնք նախորդ օրվա հետահայաց ցուցադրության շրջանակում ներկայացվել էին հանդիսատեսին:

Հաջորդած արդեն ավանդական երեկույթի ժամանակ փառատոնի մի շարք հյուրեր ևս արժանացան զանազան հուշամեդալների ու մրցանակների, իսկ այդ միջոցին The Club ակումբում հերթական հանդիպումն էր օրվա հատուկ հյուրերի հետ: Մտնելուն պես հասկացա, որ նախորդ օրերին այդ հանդիպումներին չգալով՝ շատ բան եմ բաց թողել: Նախ, որովհետև ներկա էին հենց այն ֆիլմերի ռեժիսորները, որոնց աշխատանքները հասցրել էի դիտել, երկրորդ, որովհետև այստեղ հավաքվածները գլխավորապես կինոյի ոլորտից էին և կամ էլ սերտ առնչություններ ունեին կինոարտադրության հետ: Մի խոսքով՝ պատահական, անտեղյակ, անգրագետ և տափակ հարցեր տվող մարդկանց զանգվածը, ի տարբերություն ասուլիսների, վարպետության դասերի և ռեժիսորների հետ հանդիպումների, այստեղ ներկա չէր: Գուցե պատճառը հանդիպման ուշ ժամն էր՝ ճիշտ կեսգիշերը, համենայնդեպս մթնոլորտն այնպիսին էր, որ ծավալվում էին լուրջ և մասնագիտական քննարկումներ:

Հուլիսի 13-ը խոստանում է անմոռանալի ու իրադարձություններով լեցուն լինել: 14:00-ից «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ սրահում վերջին անգամ կարելի է մեծ էկրանին դիտել շուրջ մեկ տասնյակի հայ ռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերը, իսկ 15:00-ին՝ տեղափոխվել Կարմիր սրահ՝ ներկա գտնվելու կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը: 17:00-ին Սերժ Ավեդիքյանի՝ արդեն մեծ աղմուկ հանած ու երկար սպասված «Փարաջանով» ֆիլմի ցուցադրությունն է, որը որպես փառատոնի փակման ֆիլմ է ներկայացված: Կարճ ժամանակ անց արդեն տեղի կունենա «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը, որից հետո հայտնի կդառնան հաղթող ֆիլմերը: Դրանք հնարավոր կլինի դիտել հաջորդ օրը՝ հուլիսի 14-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր, Կապույտ դահլիճներում և Փոքր դահլիճ 1-ում:

Այս թեմայով