13 Հուլիս 2013, 10:30
2313 |

Կինոյի տղերքը

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերի ռեժիսորները երկար են ընտրել իրենց ֆիլմերի հերոսներին: Նրանցից մեկը հերոսացրել է սուիցիդալ հակումներ ունեցող երիտասարդին, մյուսը` չքավորության ու սահմանների դեմ պայքարող պատանուն, երրորդն էլ մեկ ֆիլմում միանգամից 13 երիտասարդի կյանք է ներկայացրել:

Կինո նկարահանելու համար կինոդպրոց ավարտելը կամ ռեժիսուրայի գծով մասնագիտանալը բնավ պարտադիր չէ: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը բազմիցս դրանում համոզվելու հնարավորություն է ընձեռել: Միջազգային խաղարկային մրցույթում ներառված «Սոսկ կյանք» ֆիլմի ռեժիսոր Սանհուն Փարկն էլ կինո նկարահանել չի սովորել, պարզապես կյանքի, ապրելու ընթացքում նրա մոտ հարցեր են ծագել, որոշել է գտնել այդ հարցերի պատասխաններն ու ներկայացնել ֆիլմի միջոցով: Նկարահանել է իր առաջին ֆիլմն ու իր իսկ խոսքով' ինքնավստահություն ձեռք բերել: Ֆիլմի հերոս Փարկ Իլ-ռեն ավելի լավ կյանք է երազում իր ընտանիքի համար, բայց վատնել է ընտանեկան ամբողջ խնայողությունները: Ծայրահեղորեն հուսահատված' նա որոշում է սպանել յուրայիններին և նրանց հետ մեկտեղ նաև իրեն: Ռեժիսորը նշում է, որ դա բավական տարածված պրակտիկա է Հվ. Կորեայում. այնտեղ գերադասում են սպանել ու ինքնասպան լինել, բայց չխոստովանել իրենց սնանկացումըն ու պարտությունը:

Հնդկաստանի ու Բանգլադեշի սահմանին էլ կյանքը հեշտ չէ, բայց այստեղ մարդիկ ավելի ուժեղ են' ինքնասպանության չեն դիմում, այլ պայքարում են: Այստեղ ամեն ինչ անհաստատ է ու խարխուլ: Մարդիկ կարող են ֆիքսել սահմանը, բայց ոչ գետը: Այն տեղաշարժվում է' ճանապարհին ավերելով ամենը' տները, դպրոցները, այգիները, անտուն է թողնում հազարավոր մարդկանց: Հնդիկ ռեժիսոր Սուրավ Սարանգին նկարահանել է վավերագրական ֆիլմ ոչ մեկի կղզի Չարի մասին, ու հենց այդպես էլ վերնագրել է' «Չար... անտերունչ կղզին»: Նա գտել է իր հերոսին' 14-ամյա Ռուբելին, ու հասկացել է, որ այդ տղայի միջոցով կկարողանա ներկայացնել մի ամբողջ հասարակության կյանքն ու խնդիրները: Ռուբելը զբաղվում է Հնդկաստանից Բանգլադեշ տարվող բրնձի մաքսանենգությամբ: Նա պետք է կտրի անցնի միջպետական սահման Գանգես գետը, որը ողողել է Հնդկաստանի խորքում գտնվող նրա հայրական տունը, երբ Ռուբելն ընդամենը 4 տարեկան է եղել: Տարիներ անց գետի վրա գոյացել է Չար կոչված փխուր կղզին: Նրանք ունեն հող, արև, ջուր և ուրիշ ոչինչ: Ու նաև' ավելի լավ ապագայի հույս. «Չարը մի օր կանհետանա, իսկ մենք՝ ոչ»:

Թինաթին Գուրչիանին իր ֆիլմի հերոսին երկար է փնտրել, բայց փնտրտուքը ֆիլմից դուրս չի մնացել: «Ամեն ինչ անհետացնող մեքենան» վավերագրական ֆիլմ է իրական մարդկանց մասին: Ռեժիսորը քասթինգ է հայտարարել, որին մասնակցելու են եկել մարդիկ, ովքեր վստահ են' իրենց կյանքն այնքան հետաքրքիր է, որ կարող է ֆիլմի թեմա դառնալ: Որոնումները ռեժիսորին բերում են տարբեր վայրեր' գյուղեր ու քաղաքներ: Շատերն են արձագանքում. ոմանք շահագրգռված են ֆիլմի մասնակցելու, մյուսները պատրաստ են հաղորդակից դարձնելու իրենց պատմությանը... Ֆիլմը պատմում է, թե ինչ բարդ և գեղեցիկ է կյանքը, երբ երազում ես հերոս դառնալ: Ռեժիսորը նկարահանել է 30 պատմություն, բայց ֆիլմի հերոսները 13-ն են:

Հերոսներ, անշուշտ, ունի նաև «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնը, որոնց անունները հայտնի կդառնան արդեն հուլիսի 13-ին, փակման պաշտոնական արարողությանը:

Այս թեմայով