12 Հուլիս 2013, 11:06
2391 |

«Ոսկե ծիրան». օր հինգերորդ

Օրակարգում ադրբեջանական «Դագաղագործի ճոճանակը» կարճամետրաժ ֆիլմն էր, որի՝ «ադրբեջանական» լինելու շուրջ բուռն քննարկումներ էին ծավալվել համացանցում: Ազգայնականներ ու կեղծ հայրենասերներ աչքովս չընկան: Խոսքերին գործ չհաջորդեց, և դա հիանալի է:

Հոբելյանական կինոփառատոնի հինգերորդ օրը աչքերս բացեցի կեսօրն անց, երեկվա հետևանքներն էին մեղավոր: Ինձ խղճալու ժամանակ բնավ չկար, լվացվեցի ու վազեցի Ժամանակակից արվեստի թանգարան՝ փառատոնի շրջանակում բացված «Արևելքից արևմուտք. մոդեռնից պոստմոդեռն» ցուցահանդեսին ներկա լինելու: Այն ներկայացնում էր «Բարձր արվեստ» կենտրոնի և հայ ժամանակակից արվեստագետների 20-21-րդ դարի ստեղծագործությունները: Սրահը մարդաշատ էր, օդը՝ քիչ, ցուցանմուշները դիտելու ցանկությունը՝ մեծ: Հայտարարվեց Հենրիկ Իգիթյանի անվան ամենամյա մրցանակի սահմանման մասին, որն այս տարի շնորհվեց կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին: Մրցանակը թեև ամենամյա է, բայց ամեն տարի տարբեր է լինելու՝ արժեքավոր արվեստի գործ. Արսինեին շնորհվեց Մինաս Ավետիսյանի մի կտավ, սենտիմենտալ դերասանուհին հուզված էր և երախտապարտ:

Ցերեկվա ամենակիզիչ արևի տակ միմյանց շնորհավորանքներ շռայլող արվեստագետների ամբոխից մի կերպ դուրս պրծա՝ շտապելով Ուլրիխ Զայդլի «Դրախտ» եռապատման երկրորդ ֆիլմին՝ «Դրախտ: Հավատ»: Բայց ցուցադրությանը ներկա գտնվելը նախորդ դեպքերի պես դյուրին չստացվեց: Սովորաբար մամուլի ներկայացուցիչներին թույլ են տալիս ներս մտնել, երբ ֆիլմն արդեն պետք է սկսվի, այնպես որ երբ ինձ խնդրեցին սպասել, խնդիր չտեսա: Բայց երբ ֆիլմը սկսվեց, իսկ մուտքի մոտ կանգնած երիտասարդը դեռ համառում էր լրագրողներին ներս թողնել, միջամտեցի: Պարզվեց՝ սկզբում պետք է տեղերը զբաղեցնի տոմս գնած հանդիսատեսը, այնուհետև՝ ստորին կաստան՝ լրագրողները: Ի գիտություն բոլորին՝ կինոփառատոնի շրջանակում դիտածս ֆիլմերից յուրաքանչյուրի ժամանակ նստել եմ հատակին կամ կանգնել դահլիճի մի անկյունում, ու բնավ ինձ վատ չեմ զգացել՝ ամբողջ աշխարհում է այդպես ընդունված միջազգային կինոփառատոնների ժամանակ: Ինչևէ, սպասեցինք, որ իրենց օրինական տեղը զբաղեցնի տոմս ունեցող, բայց ուշացած հանդիսատեսը և ի վերջո մտանք դահլիճ: Զբաղեցրի իմ համեստ անկյունն ու ընկղմվեցի Զայդլի աշխարհի մեջ: «Դրախտ: Սեր» առաջին ֆիլմը դիտելուց հետո ակնկալում էի տրամաբանական շարունակություն, բայց այս մեկը շատ ավելի լուրջ խնդիր էր բարձրացնում. Աստծո 10 պատվիրաններին հետևելը դեռ չի նշանակում ճիշտ ապրել:

Հաջորդ պրեմիերան Յոս Ստելինգի «Աղջիկը և մահն» էր: Ֆիլմի ցուցադրությունից առաջ ռեժիսորն անհամեստորեն նշեց, որ եթե այդքան մարդիկ եկել են իր ֆիլմի ցուցադրությանը, արդեն նշանակում է, որ նրանք նրբաճաշակ են: Բայց ֆիլմը դիտելուց հետո ինքս էլ հասկացա, որ Ստելինգի ֆիլմերն իսկապես նրբաճաշակ մարդկանց համար են: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մշտապես լավորակ հեղինակային ֆիլմեր դիտելու և համաշխարհային կինեմատոգրաֆիայի հիմնասյուները դարձած ռեժիսորներին ճանաչելու լավագույն հարթակն է:

Նույն ժամանակ ԱՊՀ երկրներից ժամանած կինոգործիչների համար ընդունելություն էր կազմակերպել Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը: Մինչև հյուրերը հետաքրքրությամբ զննում էին պատերին փակցված հանրահայտ մարդկանց լուսանկարները, Գևորգյանցն առիթը բաց չէր թողնում՝ նշելու, թե որքան մեծ ֆինանսավորում է ստանում միությունը և առանց խորշելու նշում, որ այդ ֆինանսավորումն ապահովում են ինչպես ազնիվ ձեռներեցները, այնպես էլ կասկածելի կենսագրությամբ մարդիկ: Տարօրինակ անկեղծացում էր, նույնիսկ քրեական գործի հոտ փչեց:

Էպատաժային Գևորգյանցից հետո զարմացած աչքերով շտապեցի 19:30-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր սրահ. Արտավազդ Փելեշյանի հետահայաց ցուցադրություններն էին: Նախքան բացումը ելույթ ունեցան վարպետի հետ երկար տարիներ աշխատած, համագործակցած մարդիկ, ռեժիսորին շնորհեցին Կինոգործիչների միության «Կինոյի ասպետ» մեդալ, իսկ Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից՝ «Անահիտ» պատվո մրցանակ: Երկար սպասումից հետո խոսեց նաև ռեժիսորը: Գովասանքի ու մեծարման խոսքերից հետո կատակեց, թե այսքան բարի խոսքերից հետո իր ֆիլմերը դիտելու կարիք, երևի թե, այլևս չկա: Քչախոս Փելեշյանն իր ամպլուայում էր, խոսեց քիչ, դիպուկ և միայն իրեն հատուկ հումորով. «Այս ֆիլմերը 30-40 տարի առաջ եմ նկարահանել, անգամ ամաչում եմ, որ այսօր դրանցով եմ ներկայանում: Այն ժամանակ երիտասարդ էի, լավ-լավ մազեր ունեի, բայց սանր չունեի: Հիմա սանր ունեմ, բայց մազ չունեմ»:

Յոս Ստելինգի «ծանրքաշային» մելոդրամայից հետո Փելեշյանի 6 ֆիլմերն իրար հետևից դիտելը պայթյունավտանգ էր, հետո աչքիս էլ ոչ մի բան արժեք չէր ունենա: Որոշեցի ռիսկի չգնալ: Մի քանի կարճամետրաժ թեթև ֆիլմեր օգնության հասան: Այդ ժամին Փոքր դահլիճում հենց այդպիսի ֆիլմեր էին ցուցադրվում՝ գերմանա-թուրքական արտադրության «Արարատ» և իսպանական «Զոմբի» ֆիլմը: Ընդհանուր առմամբ՝ ինչպես կասեր Աբովյանը՝ «պարապ վախտի խաղալիք»:

Չգիտեմ՝ որքանով էի արդեն նմանվել զոմբիի, երբ 22:00-ին, զոհաբերելով Ուլրիխ Զայդլի եռապատման վերջին՝ «Դրախտ: Հույս» ֆիլմի միակ ցուցադրությունը, գնացի «Հեմինգուեյ» փաբ: Կինոփառատոնի շրջանակում այստեղ առաջին անգամ էին ֆիլմեր ցուցադրվում, ավելին՝ օրակարգում ադրբեջանական «Դագաղագործի ճոճանակը» կարճամետրաժ ֆիլմն էր, որի «ադրբեջանական» լինելու շուրջ բուռն քննարկումներ էին ծավալվել համացանցում: Ազգայնականներ ու կեղծ հայրենասերներ աչքովս չընկան, բայց այ երկու օտարերկրացիներ միանգամից ուշադրություն գրավեցին. ոչ միայն բարձեր խնդրեցին հատակին նստելու համար, այլև հանեցին կոշիկներն ու «տնավարի» տեղավորվեցին էկրանի առջև:

Միջին որակի ֆիլմից վերջնականապես հիասթափված ու ինքս ինձ չներելով Փելեշյանի ֆիլմերը բաց թողելու համար՝ շարժվեցի Uptown ակումբ՝ մեղմելու խորացող ընկճախտս: Փառատոնի երիտասարդ հյուրերի այցելության սիրելի վայրերից մեկում հուլիսի 11-ին յուրօրինակ ծրագիր էր նախատեսված. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրի համակարգող, կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը ծիրանա-թարխունա-օղիա-սառցային «շոթ» էր մատուցում, յուրաքանչյուրը՝ խորհրդանշական 100 դրամով, իսկ արվեստաբան Վիգեն Գալստյանը դիջեյի դերում էր, նրան օգնության էր եկել Ջոզեֆ Զաքարյանը: Փառատոնի մեկ այլ մասնակից Լյուսյան բարմենություն էր անում, իսկ ծիրանցիներից մեկին պետք է վստահվեր մեկ ժամում կարճամետրաժ ֆիլմ նկարահանել Uptown-ում կատարվող խրախճանքի մասին, որը հետո պետք է միասին դիտեինք: Ծիրանցուն այդպես էլ չտեսանք, հավանաբար՝ նկարահանած կադրերը համընդհանուր օգտագործման համար թույլատրելի չէին էթիկայի տեսանկյունից: Անկախ դրանից, երեկոն իսկապես հրաշալի էր. լիցքաթափվելու եկած կամավորներն ու փառատոնի մասնակից երիտասարդ ռեժիսորները մի քանի գավաթ ալկոհոլից հետո արդեն բարձերով իրար էին ծեծում ու առանց շապիկ ինքնամոռաց պարում:

Կինոփառատոնի վեցերորդ օրը՝ հուլիսի 12-ին, պակաս հետաքրքիր իրադարձություններ չեն սպասվում: Իհարկե՝ տեղի չի ունենա Փելեշյանի՝ նախօրոք պլանավորած ասուլիսը, և ես ինձ երբեք այլևս չեմ ների տասներորդ հոբելյանական փառատոնի ընձեռած եզակի հնարավորությունից չօգտվելու և Մաեստրոյի հետ չշփվելու համար: Սփոփվենք՝ 15:00-ին «Նաիրի» կինոթատրոնում վարպետության դաս կանցկացնի Յոս Ստելինգը, 15:30-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա հանդիպում Մարիա Սահակյանի հետ և նրա «Այդ ես չեմ» ֆիլմի ցուցադրությունը, 17:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում կբացվի «Վրացական կինոյի օրեր» ծրագիրը, կցուցադրվի հին ու բարի «Միմինոն»: Իսկ 21:00-ին կմեկնարկի Պիետրո Մարչելոյի հետահայաց ցուցադրությունների ծրագիրը, հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու «Գայլի երախ» կինոնկարը:

Այս թեմայով