14 Հուլիս 2013, 18:36
2878 |

Վարսահարդարում` 150 դրամով

Աբովյան փողոցի վրա նույն վայրում հագուստի խանութ է, տասնյակ խանութներից ոչնչով չտարբերվող: Բայց Գուգոն դեռ այնտեղ է, իր «Զեփյուռում»:

Հին երևանցիները, հատկապես քաղաքի կենտրոնում հարդարվող տիկնայք, կհիշեն «Զեփյուռի» Գուգոյին: Նա Երևանի խորհրդանիշներից էր: Բացման օրից մինչև վերջինը այդտեղ է աշխատել: Հպարտանում է. «Զեփյուռը սովետի բացառիկ բրենդերից էր, ես էլ բրենդային վարսահարդար եմ»: Տան վերևի հարկում վարսահարդարման փոքրիկ սրահ է սարքել, որտեղ բարձրանալ հեշտ չէ: Պետք է ակրոբատիկ ունակություններ ունենալ ոտքիդ տակ շարժվող և դղրդացող երկաթյա սանդուղքը հաղթահարելու համար:

Վերևում ինձ դիմավորեց բրենդային վարսավիրը՝ լայն ժպիտով, նիհար ու ձիգ, կոկիկ հագնված տղամարդ: Նա այն մարդկանիցից է, որոնք հասնելով որոշակի տեսքի, դադարում եմ ծերանալ և միայն ճերմակ բեղերն են տարիքի մասին հիշեցնում: Ձեռքս սեղմեց և ներս ուղեկցեց: Պատերից ինձ բարևեցին պատվավոր տիկնայք, անցյալ դարի սանրվածքներով գեղեցկուհիներ: Նրանք միշտ Գուգոյի հետ են: Այս լուսանկարներն ու գովազդային պաստառները նա իր հետ բերել է «Զեփյուռից»: Հաճախորդի համար նախատեսված միակ աթոռը զբաղված էր: 30 տարի է՝ Ռուզաննան իր վարսերը վստահում է միայն Գուրգենին: Ասում է՝ փորձած թանն անփորձ մածունի հետ չի փոխի: Ռուզաննայի մազերը կտրելու և ֆենելու համար Գուրգենից պահանջվեց ընդամենը տասը րոպե:

«Կնոջ մազը նրա շրջանակն է», - համոզված է վարսավիրը: Յուրաքանչյուր արվեստի գործ պիտի իրեն համապատասխան շրջանակ ունենա: Որքան ավելի թանկ արժե գործը, այնքան շքեղ պետք է լինի շրջանակը: Իր ստեղծած շրջանակներն էլ հատուկ են, բնորոշ իրենց տիրուհիներին: Թեև հիմա փոխվել են մոտեցումներն ու չափանիշները, միևնույն է՝ Գուրգենն իրեն մրցակցությունից վեր է համարում: Գուցե պատճառն այն է, որ իր կողքի աշխատողներին չի տեսնում, ինչպես «Զեփյուռում»: Իր սեփական փոքրիկ սրահում Գուգոն մենակ է աշխատում. «Ես սովոր եմ գործ անելիս լինել ուշադրության կենտրոնում, հաճախորդներն ինձ նայեն ու իմ արած գործին: Հիմա ոնց որ ձեռքերս կտրած լինեն: Եթե ուզում ես վարսավիրին կործանել, նրան միայնակ փակիր սենյակում»: Իր փոքր գեղեցկության սրահում ոչ մեկին այլևս չի զարմացնում: Նույնիսկ պատերը չեն զարմանում Գուրգենի մկրատի ու սանրի խրթխրթոցից: Հիմնական հաճախորդները տարեցներն են՝ իր հասկակակիցները: «Երիտասարդները նույնիսկ չեն էլ նայում այս կողմ: Դե արի ու ասա, որ «Զեփյուռի» առաջին վարսավիրն եմ եղել»:

Գուրգենը համոզված է, որ տարիների ընթացքում վաստակել է «լավագույն կանացի վարսավիր» լինելու կոչումը: Ասում է, որ իր մոտ ոչ թե բուֆետչիկներ ու վաճառականներ էին գալիս, այլ միայն «վիշի ինտելիգենցիան»: Անուններ չի տալիս, բայց հպարտանում է, որ սովետի տարիներին իր հաճախորդների ցուցակը սկսում էր նախարարի, պատգամավորի ու ավարտվում մտավորականների անուններով: Որքան էլ տարօրինակ է, բայց Զեփյուռում ամենաքիչ հաճախորդն ինքն ուներ: «Ես ունեի իմ հիմնական հաճախորդներն ու նորերին վերցնելու հարցում քմահաճ էի: Ամեն մեկի գլխի վրա ժամանակ չէի վատնում»:

Սովետի հետ անցավ նաև Գուրգենի փառքը: Զեփյուռի Գուգոյի աստղը խամրեց: Պետք է փող վաստակեր: Դժվար տարիներն էին: Երբեմնի քմահաճ ու գոռոզ վարպետն իջեցրեց իր ծառայությունների գները: Մազ հարդարելու համար հաճախորդներից վերցնում էր ընդամենը 150 դրամ: Հետագայում, թոշակառուների համար այս գինը պահպանվեց: Որպեսզի օգնի իր ժողովրդին ու ինքն էլ անգործ չմնա, սեփական վարսավիրանոցի չորս կողմը փակցրեց «150 դրամ» ցուցանակը: Այդ շրջանում հետաքրքիր փաստ է արձանագրել. երբ 150 դրամով էր կտրում, շատացան հատկապես հարուստ հաճախորդները: Երեք տարի այդպես աշխատելուց հետո անցավ 500 դրամի: Վերջին երկու տարին էլ արդեն 1000 դրամով է կտրում: Ասում է՝ կյանքը թանկացել է, մկրատս էլ՝ ծուլացել: 500 դրամի համար նազ ու տուզով է կտրում:
Ահա այսպիսի տարօրինակ ծերունի է Գուրգենը: 74 տարեկան է, բայց ի տարբերություն հասակակիցների, շատ կենսուրախ: Չի կռացել, կյանքից չի հոգնել, չի համակերպվել փոքր մասշտաբների, Կենտրոնից Չերեմուշկա գալու և ընդամենն իր թաղի վարսավիրը լինելու բախտի հետ: Նույնիսկ որոշել է Մոսկվա գնալ: Այնտեղ իր պես լավ վարսավիրներ հաստատ չկան: Զեփյուռի Գուգոն դեռ շատերին է զարմացնելու իր վարսավիրական տաղանդով, հմտություններով ու հնարքներով:
Գուրգենը հաճույքով է խոսում է քչախոս կնոջ՝ Ջուլիկի նկատմամբ իր անսպասելի սիրո մասին: Ինչո՞ւ անսպասելի: Որովհետև իրենք հակապատկերներ են: Գուգոն՝ արտիստիկ, Ջուլիկը՝ կենցաղային, Գուգոն՝ սեթևեթ, Ջուլիկը՝ պարզ ու ուղղամիտ: Ջուլոյի գլուխը գնում է Գուգոյի շատախոսությունից, իսկ Գուգոն, երբ երեխաներն իր մոտ չեն, չգիտի, ում հետ խոսի, ում ասի, որ իր բաժին կյանքի միայն կեսն է համարում ապրած: «Դեռ երկար պիտի ապրեմ» - ասում է ծերունին: Ինքն իրենից ու մյուսներից ծածուկ երազում է անմահության մասին: Հասցրել է երկու անգամ ամուսնանալ, չորս երեխա ունենալ և չորս թոռ: Իր երկու կանանց էլ սիրել է այնքան, որ բաժանվելիս շատ սիրտը չցավի: Զգուշավոր է ամեն ինչում, նույնիսկ սիրո մեջ: Տարիներից վարպետը գոհ է: «Տասը տարեկանում չէի էլ երազի, որ մարդ կդառնամ», - ասում է և հիշում է մանկատունը, որտեղ հայտնվել էր կենդանի ծնողներ ունենալով: Հայրը քաղբանտարկյալ էր՝ Պետրոպավլոսկի բանտում էր նստած, իսկ մայրը 7 երեխաներին դժվար էր պահում, ու ստիպված Գուգոյին պետությանը տվեց, ժամանակավորապես: Մի օր նրա մոտ եկավ եղբայրն ու հայտնեց, որ գնում են պապայի մոտ՝ Պետրոպավլովսկ: Այստեղ էլ սկսվեց վարսավիրական կարիերան, և կյանքի սև ու սպիտակ կինոն գունավոր դարձավ: Հայրն ու նրա հրեա ընկերը Գուրգենից իսկական վարպետ սարքեցին, և երբ Երևան վերադարձավ, նա արդեն հմուտ վարսավիր էր, քաղաքի լավագույն վարսավիրանոցի՝ «Զեփյուռի» պատրաստի կադր: Մյուս գեղեցկության սրահների վարկանիշն իր համար ցածր էր: Այսօր Զեփյուռից ոչինչ չի մնացել: Աբովյան փողոցի վրա նույն վայրում հագուստի խանութ է, տասնյակ խանութներից ոչնչով չտարբերվող: Բայց Գուգոն դեռ այնտեղ է, «Զեփյուռում»: Պատմում է կողքի վարսավիրների մասին, նկարագրում, թե ում սեղանը որտեղ պետք էր դնել, որ ավելի լավ օգտագործվեր տարածքը: Այս ամենն անում է այնպես, կարծես առավոտյան արթնանալու է և գնա գործի՝ «Զեփյուռ», որտեղ իրեն կդիմավորեն 80-ականների իր հին գործընկերներն ու հավատարիմ, «վիշի ինտելիգենտ» հաճախորդները:

Այս թեմայով