11 Հուլիս 2013, 15:47
2181 |

Տոլմատոն

Սեդրակ Մամուլյանի գլխավորած «Հայկական խոհանոցի ավանդույթների պահպանում ու զարգացում» ՀԿ-ն արդեն երրորդ տարին է՝ Սարդարապատում անցկացնում է տոլմայի փառատոն:

Մրցույթին մասնակցում էին Հայաստանի տարբեր շրջանների՝ Տավուշ, Լոռի, Արմավիր, Գեղարքունիք, ռեստորանների խոհարարներ, խոհարարական ուսումնական կենտրոններ և Կանանց միջազգային կազմակերպությունը: 22 տաղավարում ցուցադրված էին տոլմայի 60-ից ավելի տեսակներ: Անցյալ տարվա փառատոնի հաղթողը «Ռաֆաելո» ռեստորանն էր, որն այս տարի հյուրերին զարմացրեց սերկևիլով, բազուկով, ոչխարի մսով և նարնջի սոուսով պատրաստված տոլմայով: «Ես քիչ հեղուկ եմ ավելացնում, որպեսզի տոլման եփվի սեփական հյութի մեջ: Իսկ լցոնքին անպայման ավելացնում եմ կաթ», - խոհարարական գաղտնիքները կիսեց հյուրանոցի գլխավոր խոհարար Յոհաննա Առաքելյանը:

«Մատները հետը ուտել» արտահայտությունը հիանալի բնութագրում է փառատոնի այցելուներին: Միջոցառման ավարտին բոլոր տաղավարները դատարկ էին, թեև այս տարի համտեսը վճարովի էր՝ մեկ տոլման՝ 50 դրամ: Օրերս Երևանում անցկացվող «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հյուր ուզբեկ ռեժիսոր Սաբինա Սաղաթաևան խոստովանում է. «Դեռ երկու տեսակն եմ փորձել՝ ոչխարի մսովն ու ծովախեցգետնովը: Շատ համեղ է: Ոչ մի տեղ նման բան չէի կերել»: Իսկ ռոստովաբնակ Էվելինա Խաչկինաևային հատկապես զարմացրել էր ծիրանով տոլման:

Փառատոնի մասնակիցները մրցում էին մի քանի անվանակարգերում՝ լավագույն համ, տեսք, մտահղացում սկսնակ խոհարար, տաղավար և հանդիսատեսի համակրանք: Այս տարվա նորույթը «Ամենաերկար տոլմա» անվանակարգն էր, որում հաղթեց 7 մ, 8 սմ երկարությամբ տոլմա պատրաստած «Կարին» ռեստորանի անձնակազմը:

Տոլման չափելուց հետո հերթը հասավ այն ուտելուն: Փառատոնի վեց մասնակիցներ մրցեցին՝ «Ո՞վ մեկ րոպեում ավելի շատ տոլմա կուտի»: Հաղթող Նարեկ Անտոնյանին շնորհվեց վկայական և բարձրակարգ հյուրանոցում երկու հոգով երեկոն անցկացնելու հնարավորություն: Փորձառու ժյուրին տոլմայի տարբեր տեսակների համտեսից հետո միաձայն որոշեց բացարձակ չեմպիոն ճանաչել Խաչիկ Թազյանի №3 տաղավարը. 3-րդ գյուղի «Արվասար» ռեստորանի ներկայացուցիչը հաղթեց երեք անվանակարգում՝ լավագույն տեսք, համ ու գաղափար:

Այս թեմայով