10 Հուլիս 2013, 11:04
3136 |

«Ոսկե ծիրան». օր երրորդ

Երրորդ օրը «Ռուսաստանի ֆիլմերի օրեր» ծրագրի շրջանակներում նորից ցուցադրվեց Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ» ֆիլմը, որով նախորդ օրը բացվեց Ամառային դահլիճում ցուցադրությունների շարքը: Այն այս անգամ էլ չկարողացա մինչև վերջ նայել: Պետք է մեկնեի Գյումրի, որտեղ տեղի էր ունենալու «ԱՊՀ երկրների կինո» ծրագրի բացումը: 18 հոգով շարժվեցինք ԱՊՀ մշակութային մայրաքաղաք. ճանապարհը երկար էր, տեղ-տեղ՝ անձրևոտ:

Գյումրի տանող ճանապարհից թեթևակի շեղվեցինք ու մտանք Ձիթողցանց տուն, որն այժմ գործում է որպես Գյումրու ազգային ճարտարապետության և կենցաղի թանգարան: Էքսկուրսավարը փորձեց 15 րոպեում հյուրերին արագորեն ծանոթացնել բոլոր սրահների պարունակությանը, դրանց պատմությանը, զանազան գործիքների, զարդերի ստեղծմանն ու նշանակությանը, համեմատել հասարակ գյումրեցու և բուրժուազիայի ներկայացուցչի բնակարանները:

Սրահում Հակոբ Անանիկյանի կտավներն էին՝ «Բոստնջի Փիլոսը», «Քյոսա Գևորը», «Վերջին գյումրեցին», որոնք շատ ավելին էին պատմում Գյումրու ու նրա բնակիչների մասին: Էքսկուրսիայից արագորեն անցանք ծրագրի բացմանը «Հոկտեմբեր» կինոթատրոնում, որտեղ վերջին տարիներին տեղի են ունենում Գյումրու գրեթե բոլոր կարևոր մշակութային իրադարձությունները, և որի սև ու կարմիր տուֆից կամարապատ ֆասադը անխնա փչացնում էին ցուցադրվող հոլիվուդյան ֆիլմերի պաստառները: Կինոսեր գյումրեցիներին փառատոնի շրջանակում 5 օրվա ընթացքում սպասվում է 14 ֆիլմերի ցուցադրություն, իսկ շարքը բացեց վերոհիշյալ Խլեբնիկովի մեկ այլ՝ «Երկար, երջանիկ կյանք» մրցութային կինոնկարը: Ի դեպ՝ ֆիլմի առաջին 15 րոպեից հետո շատերը չդիմացան և դուրս եկան դահլիճից. ասում են՝ ծանր ֆիլմ է, տեսնենք՝ մրցանակ կստանա՞:

Պաշտոնական արարողությունից հետո բոլորիս հյուրասիրություն էր սպասվում «Պոլոզ Մուկուչ» գարեջրատանը, թեև շատերը համոզված էին, որ ռեստորան ենք գնում: Մեզ պանիրով ու վարունգ-լոլիկով աղցանով «խաբեցին». քիչ էր մնում արդեն գնայինք, երբ բերեցին քյաբաբը, քիչ անց՝ խինկալին: Իսկ այդ ընթացքում հասցրեցի ծանոթանալ Ջիմի՝ Ֆրանսիայից ժամանած կամավորականի հետ, որը Երևանում էր ընդամենը մեկ շաբաթ, բայց հայազգի ընկերներիս հետ զրույցն իր համար թարգմանելու կարիք անգամ չկար: Նույնիսկ գլուխ գովեց, թե երկու անգամ եղել է Չարբախում և բողոքեց, թե Երևանում փողոցային գրաֆիտիներ չկան: Համոզեցի, որ պարզապես տեղերը չգիտի: Մեր կողքին էր նաև Սաբինա Սագադեևան Ուզբեկստանից, որի «Սնդուկը» կարճամետրաժը արտամրցութային ծրագրում կցուցադրվի Գյումրիում: Մինչ համեմատում էինք հայկական և ուզբեկական ավանդույթները ու փորձում գտնել ընդհանրություններ, արդեն մեկնելու ժամանակն էր:

Հետդարձի ճամփան, թվում էր, կանցնի լուռ ու հանգիստ. բոլորը որոշել էին անքուն գիշերներից հետո օգտվել 2 ժամ ննջելու հնարավորությունից: Բոլորը, բացի մի կնոջից, որը, ըստ ամենայնի, խառնել էր գարեջուրն ու օղին, այնպես որ քեֆը լավ էր, ձայնն էլ՝ զիլ:

- Հետաքրքիր է՝ գնա՞լն է երկար տևում, թե՞ գալը,- հարբած կնոջ կատակ:
- Տիկին, եթե չեմ սխալվում, Գոհար Գասպարյանի աշակերտուհին եք: Կերգե՞ք մի բան մեզ համար,- հնչեց հետևի նստարանից:
- Ո՛չ, չեմ կարող: Ինձ սովորեցրել են, որ իսկական երգչուհին չպետք է երգի երկու դեպքում՝ ավտոբուսում և երբ օղի է խմել:
Փաստորեն, կրկնակի խախտումից խուսափեց:

Արդեն Աշտարակի ճանապարհին էինք, երբ որոշվեց, որ ավտոբուսը, նախքան ելակետը վերադառնալը, երեկույթի վայր կհասցնի բոլոր ցանկացողներին: Դեռևս երեկվա ոգելից երեկույթի համը բերանումս, վճռեցի բաց չթողնել այս առիթը ևս: Ավտոբուսից իջնելուն պես ռեստորանի բացօթյա դահլիճից հնչող կլկլոցները հասցրեցին խցանել ականջներս, նախքան կմտնեինք փակ սրահը, որտեղ հանգիստ երաժշտություն էր հնչում: Ու էլի սկսվեց կերուխումը, իսկ ես արդեն նայել անգամ չէի կարողանում ուտելիքին, ստիպված նայում էի հյուրերին՝ մերթընդմերթ կրծելով սրահի մի անկյունում տեղավորված թոնիրում թարմ-թարմ թխված հացն ու լավաշը: Կողքիս կինոփառատոնի կամավորներն էին՝ երիտասարդ կինոսերներ, որոնք հասցնում էին իրենց անելիքից բացի նաև վայելել կինոդիտումները: Կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը օղիով լի գավաթով հերթով մոտենում էր բոլոր սեղաններին, շնորհավորում և շնորհավորանքներ ընդունում հոբելյանական փառատոնի կապակցությամբ, խմում բոլորի կենացն ու անցնում հաջորդ սեղանին: Սպիտակ կոստյումով ու ավանդական գլխարկով պարոնն այդ երեկո հարսանիքների ժամանակ սեղաններով շրջող հարս-փեսայի դերում էր: Մոտեցավ նաև մեր սեղանին, նայեց ինձ, նայեց կողքիս երիտասարդին.

- Ընկերուհի՞դ է,- հարցրեց նրան:
- Դեռ ոչ:
- Շատ իզուր,- եզրափակեց Խաչատրյանն ու խմեց նաև մեր կենացը:

Երկու ժամ շարունակ նստելուց հետո ձանձրույթն արդեն հաղթում էր բոլորիս, թեև ես դեռ հույս ունեի, որ ինչ-որ հետաքրքիր բան, այնուամենայնիվ, կկատարվի: Տմբլտաշը սկսեց միայն այն ժամանակ, երբ հյուրերը սկսեցին հեռանալ, երևի գիտեին, որ շատ բան չեն կորցնելու: Ավտոբուսում կուշտ ու գոհ ուղևորների տրամադրությունն էլ ավելի բարձրացրեց Հալեպից եկած մի երիտասարդ, որի ինքնությունն այդպես էլ չկարողացա պարզել: Բայց որ նա հյուրերի հետ հավասար երգեց և՛ հայերեն, և՛ թուրքերեն, և՛ արաբերեն, և՛ անգամ ֆրանսերեն, բուռն ծափերի ու ժպիտների ալիք առաջացրեց՝ նշանավորելով օրվա ամենադրական ավարտը:

Իսկ հուլիսի 10-ը խոստանում է լինել ավելի հետաքրքրիր: Ծրագիրը հետևյալն է՝ ժամը 15:00-ին «Նաիրի» կինոթատրոնում վարպետության դաս կանցկացնի Գոդֆրի Ռեջիոն: 17:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր սրահում Միրա Ֆորնեյի «Իմ մարդասպան շունը» և ապա Դոն հո-Կիմի «Ժյուրի» ֆիլմերի ցուցադրությամբ կբացվի «Քույր փառատոններ» ծրագիրը: Կես ժամ անց ԹՈՒՄՈ-ում տեղի կունենա հանդիպում Պիետրո Մարչելլոյի հետ, կցուցադրվի «Փելեշյանի լռությունը» ֆիլմը: Հայկական խոհանոցի գոհարը կներկայացվի Սարդարապատում. գուրմաններին գրկաբաց սպասում է Տոլմայի փառատոնը: 19:30-ին անպայման արժե դիտել Ուլրիխ Զայդլի «Դրախտ: Սեր» ֆիլմը, որը, թեև, ծրագրում նշված է որպես երևանյան պրեմիերա, բայց անցյալ տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին երկու անգամ ցուցադրվել է, որոնցից մեկին հասցրել էի ներկա գտնվել: Դիտելն պարտադիր է երկու պատճառով. Նախ՝ ֆիլմը բավական մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն Երևանում, այլև Կաննի կինոփառատոնում: Երկու դեպքում էլ դահլիճի մի մասը ֆիլմի կեսից պարզապես հեռացել է դիտումից: Բայց բանը նրանում է, որ հաջորդ օրերին նախատեսվում է նաև Զայդլի «Դրախտ» եռապատման մյուս երկու մասերի ցուցադրությունը, այնպես որ դատելով առաջինից ստացած տպավորություններից՝ կարելի է պարտադիր ֆիլմերի ցանկում ներառել մյուս երկուսը: Չխեիձեի հետահայաց ցուցադրությունների շրջանակում նախատեսվող «Տնկիներ», ինչպես նաև «Մոսկվա» կինոթատրոնի Ամառային դահլիճում, Պողոսյան պարտեզներում և կամ էլ «Հեմինգուեյ» փաբում ցուցադրվելիք որևէ ֆիլմով էլ կեզրափակվի օրը, առանց ուտուշ-խմուշի, հուսանք:

Այս թեմայով