09 Հուլիս 2013, 18:03
1707 |

Օնլայնի առաջացրած երկընտրանքը

Խելացի պրոդյուսերները փորձում են թվային տեխնոլոգիաների օպերատիվությունը կիրառել ինֆորմացիա հավաքելու ու եթեր տալու հարցում:

Թումո կենտրոնում հուլիսի 8-ին Հայաստանյան մեդիա ոլորտի ներկայացուցիչները մասնակցեցին կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի ու թվանշային ոլորտի մասնագետ Պատրիկ Սարգսյանի և բրենդավորման մասնագետ Դանիել Քալաբուջի տարբեր պլատֆորմներում պատմություններ պատմելու մասին քննարկմանը: Թեման մեդիա ասպարեզում այսօր ակտուալ է: Կինոռեժիսոր Էգոյանը նշեց, որ թվային տեխնոլոգիաների կիրառումն անշուշտ անխուսափելի է այսօրվա կինեմատոգրաֆում կամ տեղեկատվական այլ հարթակներում, սակայն կոնկրետ կինոյի թվային այլընտրանքի դեպքում կադրերի որոշ մասը կորցնում է իր մաքրությունն ու հոգևոր խորհուրդը:

Բոլոր ժամանակներում ամենաթանկ կապիտալը եղել և մնում է ինֆորմացիան: Տեղեկատվական տեխնոլոգիաները յուրաքանչյուր երկրի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեն: Հեռուստատեսությունն ու կինոն, որպես 20-րդ դարի ամենահաջողված տեղեկատվական պլատֆորմներ, երկար ժամանակ պահպանում էին առաջատար դիրքերը տեղեկատվական դաշտում: Գաղտնիք չէ, որ դրանք նաև բոլոր ժամանակների ամենահաջողված բիզնես ոլորտներից են: Եվ բնական է, որ նման շահութաբեր հարթակների լիկվիդացումը պիտի կանխվեր: Ու հիմա, աշխարհի մեդիա մասնագետները գլուխ են կոտրում, թե ինչպես թվային տեխնոլոգիաները սերտաճեցնեն հեռուստատեսության ու կինոյի հետ: Այն կապը, ինչ մենք այսօր տեսնում են հեռուստատեսության ու համացանցի միջև, թվային մոնոպոլիա է հիշեցնում: Խոշորագույն հեռուտաալիքները, չդիմանալով համաշխարհային սարդոստայնի կայծակնային արագությանը, համակերպվում են հեռուստատեսության ինտերնետային տարբերակի հետ: Խելացի պրոդյուսերները փորձում են կիրառել թվային տեխնոլոգիաների օպերատիվությունը: Սակայն Եգիպտոսում վերջերս տեղի ունեցած դեպքերն ապացուցեցին, որ հեռուստատեսությունն այնուամենայնիվ զիջող դիրքերում է: Տեղեկատվությունը կայծակնային արագությամբ տարածվում էր սոցիալական ցանցերում, մինչդեռ սև արկղիկը լռում էր: Դեպքի վայրից լուսանկարներն ու տեսանյութերը համապատասխան պլատֆորմներում հաշված վայրկյանների ընթացքում հավաքում էին ավելի շատ դիտումներ, քան հեռուստատեսության փրայմ թայմում հեռարձակվող ուղիղ եթերները:

Սակայն ամենածանրը կինեմատոգրաֆի վիճակն է: Կինոգործիչներն արդեն մի քանի տասնամյակ է՝ պայքարում են հանդիսատեսի համար: Համացանցի ու թվանշային զանազան գաջեթների ի հայտ գալը գլխատեց կինեմատոգրաֆի գլխավոր հարթակները՝ կինոսրահները: Կինոթատրոնի երեկվա այցելուներն այսօր նախընտրած ֆիլմերը դիտում են տանը, մեքենայում: Սարսափելին այստեղ, ըստ կինոգործիչների այն չէ, որ հանդիսատեսը կորցնում է կինոդիտման մշակույթը՝ մութ դահլիճում, կողք կողի, միևնույն էմոցիոնալ ընկալմամբ ֆիլմը դիտելը, այլ այն, որ ֆիլմը յուրաքանչյուրը կարող է ընդհատել, հետ ու առաջ տանել, նույնիսկ ֆիլմի դիտումը սկսել կեսից: Արդյունքում ի չիք է դառնում ռեժիսորի աշխատանքը: Սյուժետային սպանդից բացի, հանդիստեստը կորցնում է ֆիլմի ամբողջականության զգացումը: Հետզհետե կինոն սկսում է թվալ ձանձրալի ու մեր գերձայնային արագություններով ապրող ժամանակների համար չափազանց դանդաղ արվեստ:

Ի՞նչ տարբերություն, թե տեղեկությունն ինչպես է հասնում իր նպատակակետին: Թվանշային տեխնոլոգիաների մասնագետների առաջնային փաստարկը համացանցի օպերատիվությունն է: Սակայն ոչ միշտ է, որ օպերատիվությունն ու հավաստիությունը նույն նժարին են: Տեղեկատվական գերարագ հոսքերում անխուսափելի են կորուստներն ու բացթողումները: Ինֆորմացիան, լինելով կառավարման հիանալի գործիք, ինչու՞ չէ, նաև զենք, այս դեպքում կարող է վտանգավոր հետևանքներ թողնել:

Այդ իսկ պատճառով մեդիամասնագետները փորձում են միավորել տեղեկատվական հարթակները: Վերջերս արևմտյան բառապաշար մտած «տրանսմեդիա» և «քրոսմեդիա» տերմինները դրա վառ ապացույցն են: Տրանսմեդիան միևնույն տեղեկատվության միաժամանակյա տարածումն է զանազան ինֆորմացիոն հարթակներում՝ հեռուստատեսությամբ, համացանցում, արտաքին մեդիա հարթակներում (ցուցապաստառներ), գրքերով: Մեդիաոլորտի մասնագետների այս գրագետ քայլը ոչ միայն հնարավորություն ստեղծեց զսպել նորագույն ինֆորմացիոն փոխադրամիջոցների գերձայնային տեմպերը, այլև նոր շունչ տվեց արդեն տեղեկատվական հիթ շքերթի վերջին հորիզոնականները լքողներին:

Սրան զուգահեռ ի հայտ եկավ քրոսմեդիան՝ մեդիա հարթակների խաչաձև կիրառումը, օրինակ՝ հեռուստատեսության համացանցում հեռարձակվելը, գրականության թվայնացումը: Այս յուրօրինակ խաչաձևումը փրկարար օղակի նման վերաիմաստավորեց ինֆորմացիայի ընկալումը մեդիասպառողի կողմից:

Ինչպես կաշխատեն գործնականում այս երկու երևույթները, ցույց կտա միայն ժամանակը: Բայց կյանքի ռիթմն այլևս երբեք հաստատ չի դանդաղելու:

Այս թեմայով