09 Հուլիս 2013, 18:41
2216 |

Գյուղ կանգնի, գերան կկոտրի

«4-րդ գյուղում մի ընտանիք է ապրում, այնտեղ զույգ երեխաներ կան` աղջիկ ու տղա, մի օր ահազանգ ստացանք, որ առնետը մտել է նրանց կացարան ու կրծել երեխաներից մեկի ոտքը: Այսօր Հյուսիսային պողոտայում ենք, որ օգնենք նրանց»:

«Աջակցություն ընտանիքներին» բարեգործական հիմնադրամի տնօրեն Անահիտ Անտոնյանը ֆլեշ մոբ-հանգանակության մասին խոսելիս առաջին հերթին այս պատմությունն է հիշում: Բարեգործական համերգով, պարերով ու դրամահավաքով փորձելու են երևանցիների ուշադրությունն ու օգնությունը կենտրոնացնել բոլորի աչքից հեռու, անընդունելի ու անտանելի հոգսերով ապրող ընտանիքի վրա: Այս ընտանիքը մեկն է շատերից, որն այսօր ապրում է ծայրահեղ աղքատ պայմաններում:

Բարեգործական հիմնադրամի տնօրենը զարմացած է. ակցիայի մասնակից փոքր երեխաներն արդեն գիտակցում են' անտարբեր լինելն անթույլատրելի է: Երգերի ու պարային կատարումներին ընթացքում նրանք երևանցիներին են մոտենում, թռուցիկներ բաժանում ու հորդորում ձեռք մեկնել կարիք ունեցողներին: Հիմնադրամի տնօրենը խոստովանում է' սկզբում մտածում էին, թե մարդկանց շահագրգռելու կարիք կլինի, հենց դրա համար էլ նվերներ են պատրաստել բոլոր նրանց համար, ովքեր կմոտենան հանգանակության արկղին, ակցիայի մեկնարկից մի քանի րոպե անց պարզվեց' շահագրգռելու կարիք չկա. «Այնքան հետաքրքիր է, մարդկանց 50 տոկոսը հրաժարվում է նվերից, ասում են' օգնում ենք օգնելու համար, ոչ թե նվերի»:

Ի սկզբանե' ակցիայի նպատակն է գումար հավաքել ու կացարան կառուցել կարիքի մեջ ապրող ընտանիքի համար, բայց դեռևս պարզ չէ' կիրականանա նպատակը, թե ոչ, ամեն ինչ կախված է հավաքված վերջնական գումարի չափից: Հիմնադրամի տնօրենը համոզված է. «Նմանատիպ գործով պետք է զբաղվեն նրանք, ովքեր կարողանում են մարդ մնալ ցանկացած իրավիճակում: Եթե նույնիսկ հավաքված գումարը չբավարարի գոնե հանրակացարանում սենյակ գնելու, մենք կփորձենք լուծել այդ ընտանիքի որևէ այլ խնդիրը, որոնցից նրանք հաստատ շատ կունենան»:

Ֆլեշ մոբ-հանգանակությունը ոչ միայն բարեգործական է, այլև ճանաչողական: Աջակցություն ընտանիքներին հիմնադրամը նորաստեղծ է ու շատերին ոչ հայտնի: Ակցիան անում են, որ մարդիկ իմանան' ուր գնալ և ում դիմել, եթե օգնության կարիք կամ օգնելու ցանկություն ունեն: Գործունեության այս կարճ ժամանակը սակայն արդեն բավական էր, որ համոզվեին' Հայաստանում անտարբերություն չի տիրում: «Մերոնք ձեռք մեկնում են' անկախ նրանից՝ կարող են մեծ գումար նվիրաբերել, թե փոքրիկ: Մեր հասարակության մեջ համատարած անտարբերություն չկա: Հետագայում իհարկե կդիմենք նաև պետական մարմիններին, գրանտային ծրագրերին, որպեսզի գործը ավելի արդյունավետ դառնա»:

Հյուսիսային պողոտայում հանգանակություն է, իսկ 4-րդ գյուղում երեխաները սպասում են օգնության: Երբ իմացել են ակցիայի մասին, միայն մի նախադասություն են ասել. «Ուզում ենք տան մեջ ապրել»:

Այս թեմայով