09 Հուլիս 2013, 15:16
1283 |

«Ոսկե ծիրանի» հարցականները

«Ոսկե ծիրան» տասներորդ հոբելյանական կինոփառատոնի մասնակիցներն ու հյուրերը շարունակում են հանդիսատեսի ու լրագրողների դատին հանձնել իրենց ֆիլմերը:

Մաչեյ Ադամեկի «Լուսանկարիչը» լեհական ֆիլմը, միանշանակ, ընտանեկան մելոդրամա է' իր բոլոր հին ու բարի ավանդույթներով: Ընտանիքի պատմությունը' երեք սերունդների գաղտնիքներով ու հակասություններով: Ռեժիսոր և սցենարի հեղինակ Մաչեյ Ադամեկն ամենևին էլ պատահական չէ իր հերոսներին կնքել Ադամ (Միգել Լադոնիսկի) ու Եվա (Կարոլինա Գորսիկա) անուններով, քանի որ ամբողջ ֆիլմի ընթացքում նրանք հանդիպում են միայն դրախտ հիշեցնող վայրերում և նրանց սերն էլ մաքուր է ու կատարյալ' սաթի պես, որի մեջ ընկած բզեզն անգամ անզոր է փչացնել արևից պոկված արցունքի կաթիլը: Ադամը գտնում է իր մոր լուսանկարը, որտեղ նա հղի է ու երջանիկ մի անծանոթ տղամարդու կողքին: Նրա մեջ կասկածներ են առաջանում իրենց ընտանիքի վերաբերյալ: Այ հենց այստեղ էլ սկսվում է կինոն:

«Ո՞վ է իմ հայրը»,- հարցնում է Ադամը: «Իսկ ի՞նչ կլինի, եթե գարունը չգա»,- այս հարցն արդեն հաջորդ՝ «Հինգերորդ եղանակ» ֆիլմի ռեժիսոր Ջեսիկա Վուդուորթին է մտահոգել: Նա էլ մտածել, բայց պատասխան չի գտել, փոխարենը ֆիլմ է նկարահանել: «Հինգերորդ եղանակ» ֆիլմը երկխոսություն է մարդու և բնության միջև: Բնության դեմ մղվող անվերջ պայքարում մարդը մոռացել է, որ ինքն էլ է նույն բնության մասնիկը: Ռեժիսորը մի ամբողջ ֆիլմ է նկարահանել, բայց հարցի պատասխանն այդպես էլ չի կարողացել գտնել: Նա վստահ է, որ իրենց աշխատանքը զգուշացնելն է, կոչ անելը, հանդիսատեսի մեջ հարցեր առաջացնելը, որ յուրաքանչյուր մարդ փորձի ինքն իր համար պատասխան գտնել ու վերանայել ապրելակերպը: Սա ընտանեկան ֆիլմ է՝ բառիս բուն իմաստով: Ջեսիկա Վուդուորթին ֆիլմ նկարահանելու հարցում օգնել է սցենարիստ ու ռեժիսոր ամուսինը՝ Պետեր Բրոզանսը, իսկ գլխավոր դերակատարներից մեկը նրանց տասնամյա դուստրն է:

«Ոսկե ծիրանին» արդեն ոչ թե որպես մասնակից, այլ՝ հատուկ հյուր ներկա Մարգարեթե ֆոն Թրոթան էլ է ժամանակին իր առաջին ֆիլմերը նկարահանել ռեժիսոր-ամուսնու օգնությամբ, սակայն հենց սկսել է առաջին քայլերն անել՝ որպես անկախ ռեժիսոր, ամուսնալուծվել է: Նա վստահ է՝ ֆիլմը սկսվում է առաջին իսկ կադրից: Երկար է մտածել՝ ինչպես սկսել իր վերջին՝ «Հաննա Արդենդտ» ֆիլմը՝ հերոսուհու մանկությունից, թե այն պահից, երբ ընդունվում է միաբանություն՝ որպես ուսանողուհի: Ի վերջո, ընտրությունը կանգ է առել 1961-ի ապրիլի վրա, երբ հրեական ծագումով քաղաքական փիլիսոփա Հաննա Արդենթն իր նյույորքյան տպագրատնից մեկնում է Երուսաղեմ, որպեսզի «Նյու Յորքի» համար լուսաբանի Ադոլֆ Այխմանի դատավորությունը: Նա մտադիր էր հանդիպել այն մարդկանց, որոնց վարքագիծը նացիստական իշխանության օրոք ջանում էր հասկանալ: Արենդտի հոդվածները, լույս տեսնելով, զայրույթի ալիք են բարձրացնում աշխարհում: Նա Այխմանին ներկայացնում է ոչ թե որպես հրեշ, ինչպես աշխարհն էր այդ կարծիքին, այլ գրագիր մարդասպան, միջին քաղծառայող, որը ձգտել է հնարավորինս լավ կատարել իր առաջադրանքը, և մեղքի զգացում չունի, որովհետև պարզապես հրամաններ է կատարել: Արդենտի համարձակ ընկալումը միջազգային հետևանքների է հանգեցնում: Նա արժանանում է արհամարհանքի, զրպարտության, կորցնում վաղեմի բարեկամներին: Ինչևէ, Արդենտը մնում է իր հաստատուն կարծիքին՝ փորձելով ամեն դեպքում հասկանալ մարդասպաններին: Իսկ կհասկանա, արդյոք, Արենդտին հայ հանդիսատեսը, պարզ կլինի ֆիլմի՝ այսօր երեկոյան սպասվող երևանյան պրեմիերայից հետո:

Այս թեմայով