09 Հուլիս 2013, 14:00
3257 |

«Ոսկե ծիրան». օր երկրորդ

Տոնական էր ամառային դահլիճ բարձրացող յուրաքանչյուր հանդիսատեսի տրամադրությունը. շատերը, այդ թվում և ես, առաջին անգամ էինք ֆիլմ դիտելու եկել այդտեղ: Անգամ մերթընդմերթ լսվող աղմուկը, վերևում սավառնող ծիծեռնակներն ու նույնիսկ կռկռացող ագռավները չէին կարող խանգարել՝ վայելելու բացօթյա կինոդիտումը:

Փառատոնային երկրորդ օրը սկսվեց Թեքեյան կենտրոնում Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի բացումով: Կինոպլատֆորմի նախագծերի զարգացման աշխատաժողովին կմասնակցեն 10 կինոնախագիծ՝ 5-ական Թուրքիայից և Հայաստանից: Նրանք մրցելու են 10 000 և 5 000 ԱՄՆ դոլարի դրամական մրցանակների համար: Կինոպլատֆորմի բացումից հետո շտապեցի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոց. ինչպե՞ս կարելի էր բաց թողնել կոկտեյլը մամուլի ներկայացուցիչների համար: Խոստովանեմ՝ առաջին անգամ էի մասնակցում: Անփորձ չերևալու համար փորձեցի կոլեգաներիցս ճշտել՝ կոկտեյլ խմելուց բացի էլ ինչ առաքելություն ունենք: Պարզվեց, որ կինոփառատոնի հյուրերի մի մասը նույնպես միանում է միջոցառմանը՝ հնարավորություն տալով ԶԼՄ-ներին օգտվել առիթից և հարցեր ուղղել կամ էլ պայմանավորվել հարցազրույցի համար: Ինքս նման նպատակ չէի հետապնդում, ուստի ինձ մնաց համտեսել բոլոր հնարավոր աղի ու քաղցր ուտեստները, վայելել խորհրդանշական ծիրանի հյութով և օղիով պատրաստված կոկտեյլը և հետևել լրագրող-կինոգործիչ համագործակցությանը: Ի դեպ, հյուրանոցի ձմեռային այգում էին նաև մի քանի տարեց լրագրողներ, որոնց այստեղ էր բերել ֆուրշետը, ոչ թե լրագրողական հետաքրքրությունը. նրանց սեղանին իսկական խնջույք էր: Մի պահ սրահը լռեց, լուսանկարիչները շտապեցին մուտքի մոտ՝ արձանագրելու, թե ինչպես Ազնավուրը ապակեպատ վերելակով բարձրացավ վեր:

Նույն այդ ժամին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր սրահում տեղի ունեցավ «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրի բացումը՝ Դարյա Օնիշչենկոյի «Արևելաբաղձություն» ֆիլմի ցուցադրությամբ: Զուգահեռաբար «Նաիրի» կինոթատրոնում վարպետության դաս էր անցկացնում կինոսցենարիստ և դրամատուրգ Պավել Ֆինը: Չաշխատող բարձրախոսը չխանգարեց, որպեսզի նրա մտքերն ու խորհուրդները կինոյի լեզվի և ռեժիսորի կարևորության մասին հասնեն հանդիսատեսին:

17:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում Լեհական ֆիլմերի ծրագիրը բացվեց պաշտոնական հյուր Քշիշտոֆ Զանուսսիի աշակերտ Անտոնի Կրաուզեի «Սև հինգշաբթի» ֆիլմի ցուցադրությամբ: Ուշացումով կողքս տեղավորված տիկինը հարցուփորձ արեց՝ արդյոք վաղուց է սկսվել ֆիլմը: Չհասցրեցի ձայն հանել, երբ տեսավ այլ ուշացողների ու սիրտը տեղն ընկավ: 1970-ականներին Լեհաստանի հյուսիսային հատվածում գնաճի պատճառով տեղի ունեցած գործադուլների և զանգվածային անկարգությունների մասին պատմող ֆիլմը երկար նայել չստացվեց. մի կողմից պատմական իրադարձությունների մասին բավականաչափ տեղեկացված չլինելու, մյուս կողմից՝ կես ժամ անց Կապույտ սրահում ցուցադրվելիք ֆիլմը դիտելու ցանկության պատճառով:

«Սև հինգշաբթի»-ն հեշտությամբ փոխարինվեց Մարկ դի Դոմենիկոյի «Գարուն է» կինոնկարով՝ գլխավոր դերերից մեկում՝ Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը: Ֆիլմի մեկնարկից առաջ նրան անակնկալ կերպով շնորհվեց հոբելյանական հուշամեդալ: Նա բոլորովին չի խոսում հայերեն, գիտեր անգլերեն, բայց գերադասեց խոսել ֆրանսերեն, Հայաստանում երրորդ անգամ էր և օրեր առաջ կնքվել էր Էջմիածնում. ասում է՝ իր համար շատ կարևոր իրադարձություն է: «Գարուն է» ֆիլմը բավականին էքսպերիմենտալ ժանրով էր մատուցված, և ինչպես հեղինակն ինքն էր անուղղակիորեն խոստովանում ֆիլմի վերջում, ինքը գերադասում է խառնել ժանրերն ու ոճերը. քանզի «դա է ժամանակակից կինոն»:

19:30-ին Կարմիր սրահում մեկնարկեց Իշտվան Սաբոյի հետահայաց ֆիլմերի ցուցադրությունը: Մինչև ռեժիսորը կկոցում էր աչքերն ու խուսափում չդադարող լուսանկարչական չխկոցներից, կինոգետ Սիրանույշ Գալստյանն ամենայն մանրամասնությամբ ներկայացնում էր նրա ներդրած ավանդը կինեմատոգրաֆիայի մեջ: Նա դեռ երկար կարող էր խոսել, բայց հանդիսատեսն արդեն անհամբեր էր՝ տեսնելու ռեժիսորի աշխատանքը: Երբ խոսքը տրվեց Սաբոյին, նա միայն ասաց, որ հանդիսատեսի փոխարեն կգերադասեր ո՛չ տեսնել ռեժիսորին, ո՛չ լսել նրա խորհուրդները, թե ինչպես ընկալել ֆիլմը, այլ միանգամից անցներ ֆիլմի դիտմանը: Ցուցադրվելու էր նրա «Մեֆիստո» ֆիլմը՝ 1982-ին «Օսկարի» արժանացած «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Կողքիս դարձյալ հայտնվեց այն տիկինը, որը նույն հապշտապությամբ հարցուփորձ արեց՝ վաղո՞ւց է սկսվել ֆիլմը: Հավանաբար, ուշանալը նրա մոտ քրոնիկ բնույթ էր կրում: Սաբոյի ֆիլմի առաջին կես ժամը բավական էր ռեժիսորի նրբանկատությունը ու դերասանի վարպետությունը գնահատելու:

Շտապեցի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ, այն նույն դահլիճ, որը մի քանի տարի առաջ կարողացանք փրկել, և որտեղ այս տարի վերջապես ֆիլմեր են ցուցադրվելու կինոփառատոնի շրջանակներում, ով գիտե՝ գուցե նաև փառատոնի փակումից հետո: Ոգևորված բարձրացա դահլիճ. քրքրված պլաստմասե նստարանները փոխարինելու համար ամրացված վարդակարմիր կտորները տոնական տրամադրություն էին հաղորդում ու իսկապես շատ գեղեցիկ էին սպիտակ դահլիճի ֆոնին: Տոնական էր նաև դահլիճ բարձրացող յուրաքանչյուր հանդիսատեսի տրամադրությունը. շատերը, այդ թվում և ես, առաջին անգամ էինք ֆիլմ դիտելու եկել այդտեղ: Անգամ մերթընդմերթ լսվող աղմուկը, վերևում սավառնող ծիծեռնակներն ու նույնիսկ կռկռացող ագռավները չէին կարող խանգարել՝ վայելելու բացօթյա կինոդիտումը: Ամառային դահլիճի մեծ էկրանին ցուցադրությունների շարքը բացեց Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ» կատակերգությունը՝ լավագույն ռուսական դերասանների մասնակցությամբ: Ստիպված էի կիսատ թողնել ֆիլմը. առջևում հյուրերի մասնակցությամբ երեկույթն էր. բոլորը հրավիրված էին ընդունելության Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանի մոտ: Ինչպե՞ս կարող էի բաց թողնել այդ միջոցառումը: Հանուն դրա զոհաբերեցի նաև մի երևանյան պրեմիերա՝ Փոլ Քուրթիի «Սիրելու իրավունք» ֆիլմը:

Ընդունելության ընթացքում «Ոսկե ծիրանն» ու նրա հյուրերը այլ անկյունից երևացին ինձ: Ֆիլմերի ցուցադրությունների, ասուլիսների, երբեմն նաև վարպետության դասերի ժամանակ լուրջ դեմքերով շրջող, խոսող և հարցազրույց տվող ռեժիսորները, սցենարիստներն ու կինոգետները՝ մի քանի գավաթ խմիչքից հետո վերածվում էին քեֆ անող ընկերների: Ծանոթանալու և միասին կենաց խմելու իդեալական վայրը սա էր, այլ ոչ թե պրեսս-կոկտեյլը: Լավ երեկոյի կենացը արդեն ոչ ամենազգոն վիճակում գտնվող փառատոնի նախագահի հետ խմելուց հետո փռվեցինք խոտերին: Աչքիս առաջ սկզբում կոնծեցին գինին, հետո՝ օղին, հետո՝ գարեջուրը, հետո՝ արդեն չեմ հիշում: Հիշում եմ միայն, որ երբ ուտելիքն ու խմիչքը վերջացան, սկսեցին պարել: Կինոգետ Արծվի Բախչինյանը խնդրեց անպայման հիշատակել, որ մինչև ինքն ու Սիրանուշ Գալստյանը չպարեցին, ոչ մեկ իր հետույքը տեղից չշարժեց: Ինչպես տեսնում եք՝ նշեցի այդ մասին: Տանջալից ու տպավորություններով լի յուրաքանչյուր օրն այս կերպ ավարտվելու դեպքում պատրաստ եմ տարին տասներկու ամիս կինոփառատոն լուսաբանել:

Հուլիսի 9-ի ծրագիրն առայժմ այսքանն է. Ամառային դահլիճում Խլեբնիկովի ֆիլմով կբացվի «Ռուսաստանի ֆիլմերի օրեր» ծրագիրը: Մեկ ժամ անց՝ 15:00-ին, «Նաիրի» կինոթատրոնում սպասվում է Մարգարեթե ֆոն Թրոթայի վարպետության դասը, իսկ 17:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր սրահում հարգանքի տուրք կմատուցվի Ներսես Հովհաննիսյանին, կցուցադրվի նրա «Երջանկության մեխանիկա» սիրված ֆիլմը: Երկու ժամ անց հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին հարգանքի տուրք կմատուցվի նրա տուն-թանգարանում: Այդ միջոցին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր սրահում կբացվի նաև «Գերմանական կինոյի օրը»՝ Մարգարեթե ֆոն Թրոթայի «Հաննա Արենդտ» ֆիլմի ցուցադրությամբ: 21:30-ին նույն Կարմիր սրահում կմեկնարկի Ռեզո Չխեիձեի հետահայաց ցուցադրությունների ծրագիրը՝ «Տիրոջ տապանի մոմը» ֆիլմի ցուցադրությամբ:

Այս թեմայով