08 Հուլիս 2013, 20:05
2089 |

Մեր մեծերն ու ոչ միայն

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի Հայկական համայնապատկեր անվանակարգում մրցող ֆիլմերից 5-ի ռեժիսորներն այսօր հանդիպեցին լրագրողներին` ներկայացնելով իրենց ֆիլմերն ու պատասխանելով հարցերին:

Յուրաքանչյուր մարդ ստեղծագործելու իր բանաձևն ունի: Եվ էական չէ` ինչ. սոնետ, վեպ, աղանդեր, օծանելիք: Կարևորը ոգեշնչում գտնելն է կամ լսելը` ինչ են ասում վերևից: Այդպիսին էր Առնո Բաբաջանյանի ստեղծագործելու բանաձևը` նա նստում էր դաշնամուրի առջև, լսում ` ինչպես է ինչ-որ մեկն ինչ-որ տեղից` վերևից, նվագում իր համար, ու կրկնում էր նույնը` ստեղծելով իր անմահ մեղեդիները: Նիկոլայ Դավթյանի «Ստեղծագործելու բանաձև» ֆիլմը զուգահեռներ է տանում մի տաղանդավոր երիտասարդի ու Առնո Բաբաջանյանի միջև: Ռեժիսորը վստահ է` շնորհալի պատանիներ շատ կան, պարզապես նրանց պետք է հովանավոր ձեռք, ինչպիսին, օրինակ, Բաբաջանյանի դեպքում Արամ Խաչատրյանն էր:

Մեծեր ու մեծություններ կան բոլոր բնագավառներում: Եթե Առնո Բաբաջանյանը յուրատեսակ նշաձող է սահմանել երաժշտության մեջ, ապա հանցագործ աշխարհում նույնն արել է Վիդաս Զենոնաս Անտոնովասը: Նա ԽՍՀՄ պետական հաստատություններից գողացել է 1 մլն ռուբլի, հանցակիցների հետ առևանգել է ուղևորներով լի ինքնաթիռ` Աֆրիկա փախչելու համար: Նրան կնքել են Մաֆիայի հայր: Շատ տարիներ են անցել, Վիդասին հիմա էլ հայր են ասում, բայց արդեն ոչ թե հանցագործ աշխարհի ներկայացուցիչները, այլ նրա տասը երեխաները: Մարատ Սարգսյանի «Հայրը» ֆիլմը 20 տարի բանտերում անցկացրած 74-ամյա նախկին հանցագործի մասին է, որն այսօր իր բազմանդամ ընտանիքի հետ ապրում է մի փոքրիկ բնակարանում: Ֆիլմը ներկայացնում է ժամանակին ու ճակատագրին մարտահրավեր նետած մարդուն ընտանիքի հոր դերում: Ռեժիսորի խոսքով` սա մի ընտանիքի սիրո պատմություն է, որտեղ չկան ռոմանտիկ պահեր կամ հրաշքով տեղի ունեցող փոփոխություններ: Բայց կա երջանկություն, թեկուզ` ոչ մեր պատկերացրածով:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի Հայկական համայնապատկեր անվանակարգում ներկայացված է միանգամից 3 ճամփորդական ֆիլմ: Լիբանանում ծնված ու վերջին 16 տարիները Մոնրեալում անցկացրած Մառլեն Էդոյանին Հայաստան է բերել «Հողի կանչը»: Նա շրջագայել է գյուղերում, եղել է Արցախում ու Ջավախքում, նկարահանել է տեսածն ու ներկայացրել փառատոնին: Յուրաքանչյուր համայնքն իր կռիվն ունի, իսկ ընթացիկ թեման ամբողջ ֆիլմում մնում է նույնը` իր հողում ապրելու ու բնակվելու մարտահրավերը: Մինչև ոմանք լիահույս են ու հպարտ, մյուսները թևաթափ են ու անհույս ավելի լավ ապագայի հարցում: Ամբողջ կյանքը հայրենիքից հեռու ապրած ռեժիսորը խորը ցավ է ապրում, երբ տեսնում է` ինչպես են հայերը լքում իրենց հողը: Ինքը` Մառլենը, պատրաստվում է հետո էլի վերադառնալ ու ապրել Հայաստանում, բայց մի քանի ամիս միայն:

Կինոփառատոնի մասնակից մյուս ֆիլմի ռեժիսորն էլ էր սփյուռքից ու նրան էլ Հայաստան բերողը կարոտն էր: Ֆրանսիաբնակ Թամարա Ստեփանյանն իր «Անթեղ» ֆիլմում ներկայացրել է երկու` իր և իր տատիկի սերունդների երկխոսությունը, պատկերել մի ժամանակաշրջանի կարոտ, որն այլևս չկա, թեև նրա որոշ ներկայացուցիչներ դեռևս ապրում են: «Ֆիլմի աշխատանքները սկսել եմ տատիկիս մահից 2 տարի անց: Այն կարոտի արդյունք է, փնտրտուք` ինչ է եղել, ինչին են հավատացել ու ինչին ենք մենք հավատում այսօր»,- ասում է ռեժիսորը: «Անթեղի» նյութը զգացումն է՝ այն ժամանակի կորստի և անհետացման. ժամանակ, երբ հավատում էին կոմունիզմին ու մարտի գնում հանուն Ստալինի, իսկ հիմա կան դրա գրեթե անտեսանելի մնացորդները: Հեղինակը միայնակ եկել է Հայաստան ու միայնակ նկարահանել ֆիլմը, ճանապարհորդել է, գտել իր տատիկի ընկերուհիներին ու հասակակիցներին, զրուցել նրանց հետ` ժամանակի պատկերը ստանալու համար:

Հրանտ Դինքի եղբոր դուստրը` Լուսին Դինքն էլ է ֆիլմ նկարահանել ճամփորդության մասին, բայց այս դեպքում ճամփորդությունը տեղի է ունեցել հեռավոր 1964-ին, իսկ ճամփորդն էլ Վիլյամ Սարոյանն է: Դինքն օգտագործել է Սարոյանի հուշերը Տրապիզոնից Բիթլիս կատարած ուղևորության մասին, անցել է նույն ճանապարհն ու նկարահանել: «Սարոյանլենդ» ֆիլմի սցենարն ամբողջությամբ կազմված է ամերիկահայ գրողի նոթերից: Նույն ճանապարհը կտրելով` հեղինակը փորձել է հասկանալ Սարոյանի առանձնահատուկ վերաբերմունքն իր արմատների հանդեպ` ականատես դարձնելով մի մարդու ինքնաբացահայտմանը, որը գնացել է իր հայ նախնիների հետքերով:

Մտերիմներն ու հարազատները նրան քնքշանքով Լյալիկ են ասում: Սարոյանին չէ, և ոչ էլ Լուսին Դինքնին. «Լյալիկը» փառատոնի մյուս մասնակից` Արա Ճաղարյանի ֆիլմի հերոսուհին է, որը մի օր` 40-ամյակի նախօրեին, հոգնում է պարզապես ճարտարապետ լինելուց և որոշում է տիկնիկներ պատրաստել` հենց այնպես, ինքն իր համար: Հայկուհու տունը դարձել է յուրօրինակ թանգարան: Ցուցանմուշները` ըմբոստ թե խոնարհ, ավանդապահ թե ազատամիտ, եսասեր թե անձնազոհ տիկնիկները Լյալիկի ընտանիքի անդամներն են: Նրա տան դռները բաց են բոլորի առջև, ինչպես և «Ոսկե ծիրանինը»: 

Այս թեմայով