08 Հուլիս 2013, 04:06
3747 |

«Ոսկե ծիրան». օր առաջին (վիդեո)

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը պաշտոնապես պետք է տրվեր երեկոյան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Չնայած դրան, ֆիլմերի ցուցադրություններն արդեն մեկնարկել էին առավոտյան 11:00-ից, բայց ծիրանը չբացած՝ կորիզն ուտել չի ստացվում:

14:00-ին սբ Զորավոր եկեղեցում ավանդաբար պետք է տեղի ունենար ծիրանօրհնեքի արարողությունը: Վարդավառի տոնին որևէ տեղ չոր հասնելն անհնար էր. եկեղեցու մանկաշատ ճանապարհն ամենից դժվարանցանելին էր: Մեծ ու փոքր երեխաները զինված սպասում էին հյուրերին, ու թեև նրանց ջրել չհաջողվեց, բայց ինձ՝ փոքր-ինչ ուշացած լրագրողիս, դիմավորեցին սիրով ու ջրով: Ծիրանօրհնեքից հետո բաժանված հյութեղ հայկական միրգը համտեսելու առիթը բաց չթողնելով՝ երջանիկ դեմքով շարժվեցի «Մոսկվա կինոթատրոն»:

Ծիրանօրհնեքին հաջորդող միջոցառումը երեկոյան 18:00-ին էր նախատեսված, ուստի որոշեցի անցնել բուն փառատոնային զբաղմունքին՝ ֆիլմերի դիտմանը: Բայց հնարամիտ պլանս չկարողացա իրագործել. ժամը 13:00-ին հաջորդող ցուցադրությունը դարձյալ 18:00-ին էր: Ժամանակ չսպանելու համար որոշեցի մի քիչ էլ ընկղմվել վարդավառային տրամադրության մեջ, այս անգամ՝ Սիրահարների այգում: Փառատոնին վերադարձա թաց, բաց երջանիկ: Պարզվեց՝ միակը չէի:

18:00-ին մետաղական պատնեշներով շրջապատված Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հավաքվել էր քաղաքի վերնախավը, բազմաթիվ կինոսերներ, պատահական մարդիկ և «Շառլին տեսնելու» եկած ամբոխ, որը պարբերաբար վերուվար էր հոսում Աբովյան փողոցով՝ փորձելով կռահել, թե որտեղից կհայտնվի շանսոնյեն: Հրապարակում բացվելու էր նրա աստղը՝ կինոյում ունեցած մեծ ներդրման համար: Այն պատվավոր տեղ էր զբաղեցնելու Համո Բեկնազարյանի, Անրի Վերնոյի, Սերգեյ Փարաջանովի և Ռուբեն Մամուլյանի աստղերի կողքին:

Դեպի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի մուտքը հորդած ամբոխն ազդարարեց Ազնավուրի գալու մասին: «Ազնավո՜ւր, Ազնավո՜ւր» վանկարկումների ներքո փուչիկներին ամրացված ծածկը թռչեց օդ, աստղը համարվեց բացված: Ի դեպ՝ շանսոնյեն մի առիթով կատակել է, թե իրեն այդքան մեծարել ու մեծացրել են, բայց հասակը նույնն է մնացել:

Մինչև կազմակերպիչները պատրաստվում էին փառատոնի բացմանը, Ազնավուրի հրապարակում կուտակված ամբոխը բաժանվեց փոքրիկ խմբերի: Փառատոները, հատկապես՝ միջազգային, միշտ էլ հին ու նոր ծանոթների, ընկերների ու գործընկերների հանդիպման վայր են: Ցուցամոլները լուսանկարվում էին աստղի բացումից հետո դեռ չհավաքած կարմիր գորգին, ժյուրիի անդամները քննարկում ֆիլմերը, իսկ ռեժիսորներն ու դերասանները՝ հաճույքով ինքնագրեր բաժանում ու հարցազրույցներ տալիս լրագրողներին: Երբ հերթը հասավ մեքենաներում տեղավորվելուն և Օպերային թատրոն շարժվելուն, գրեթե միաժամանակ դեպի ավտոմեքենան շարժվեցին Սերժ Ավեդիքյանն ու Ատոմ Էգոյանը՝ իր գանգրահեր տիկին Արսինե Խանջյանի հետ: Ըստ ամենայնի՝ նրանց տրամադրությունն ամենաբարձր կետում էր. ոչ միայն չէին հրաժարվում դիրքեր ընդունել լուսանկարիչների համար, այլև ծամածռություններ էին անում՝ հրավիրելով անմիջապես մեքենայի սրահում իրենց լուսանկարելու:

Բարձր տրամադրությունը տեղափոխվեց Ազատության հրապարակ: Այստեղ պատվավոր այրերի և նրանց տիկնանց, գուցե նաև՝ սիրուհիների, երեկոյան զգեստների, անհավանական շպարերի ու սանրվածքների շքերթ էր: Կարմիր գորգով անցնողներից շատերը, թվում էր, ոչ թե փառատոնի բացման են եկել, այլ դիմակահանդեսի կամ առնվազն 5 րոպեից միջնադարյան ինչ-որ թատերական ներկայացման գլխավոր դերում են հանդես գալու: Լուսանկարիչների համար միանշանակ հետաքրքիր կադրեր որսալու առիթ էր: Ի դեպ՝ դահլիճ էր շտապում նաև հայկական տարազ հագած մի զույգ: Չդիմացա, հետաքրքրվեցի՝ ի՞նչ ելույթ են ունենալու երեկոյին: Պարզվեց՝ հանդիսատես են: Արտյուշան ու Պայծառը սովորություն ունեն նման միջոցառումներին ազգային տարազով գնալ: Նրանց երջանիկ ժպիտներից ես էլ պայծառացա:

Դահլիճը լեփ-լեցուն էր, բոլորն իրենց տեղերն էին զբաղեցնում: Կինոփառատոնի բացումը սկսվեց նախորդ 9 տարիների համառոտ կադրերով: Որքան էլ փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի երախտագիտության ու հպարտության խոսքերը համեստ էին, քչերին է հայտնի, թե ինչ ջանքերով է կազմակերպվում ցանկացած միջազգային փառատոն: Երաժշտական կատարումներն ընդմիջվում էին պատվավոր հյուրերի ու հովանավորների ելույթներով: Երեկոյի մեխը, միանշանակ, բարձրախոս տանող-բերող սև ֆրակերով տղամարդկանց եռյակն էր:

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը ազդարարվեց բացված, էկրանին ցուցադրվեց փոքրիկ վավերագրական ֆիլմ՝ «Շառլ Ազնավուրը Հայաստանում» խորագրով: Դրան հաջորդեց փառատոնի պատվավոր նախագահ, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի ելույթը: Ի դեպ, նա ոչ մի կերպ չէր կարողանում գտնել պարտերում իր տեղը: Գուցե այդ շփոթմունքն էր պատճառը, գուցե մեծ շանսոնյեին հղված սիրո, երախտագիտության, մեծարման խոսքերն ու նրա ներկայությունը, որ ռեժիսորը բոլորովին մոռացավ ասել, թե ինչ մրցանակ է շնորհելու Ազնավուրին: Իսկ շնորհվեց նրան «Փարաջանովյան թալեր»: Այդպես էր Սերգեյ Փարաջանովն անվանել բանտախցում շշերի կափարիչների վրա եղունգով փորագրած իր դրամները, որոնցից մեկի արծաթյա պատճենով «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ամեն տարի հատուկ մրցանակներ է շնորհում կինոյի պատմության մեջ մեծ վաստակ ունեցող կինոգործիչներին: Դահլիճի հոտնկայս ծափահարություններով Ազնավուրի մեծարումը կարող էր դեռ տասն անգամ էլ կրկնվել, բայց առջևում ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակե´ք դաշնակահարի վրա» ֆիլմի ցուցադրությունն էր՝ նույն Շառլ Ազնավուրի գլխավոր դերակատարմամբ:

Հուլիսի 7-ի փառատոնային իրադարձությունները ավարտվեցին, առջևում դեռ 6 օր առավոտից երեկո ֆիլմեր, վարպետության դասեր ու զանազան երկրների կինոարտադրության գոհարների ցուցադրություններ են սպասվում:

Հուլիսի 8-ին, բացի կինոցուցադրություններից, ժամը 14:00-ին Թեքեյան կենտրոնում կբացվի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը, մեկ ժամ անց «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր սրահում «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրի բացումը կլինի՝ Eastalgia ֆիլմի ցուցադրությամբ: Կարելի է նաև այցելել Տիկնիկային թատրոն՝ ներկա գտնվելու սցենարիստ Պավել Ֆինի վարպետության դասին, իսկ ահա 16:00-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա «Ինչպես պատմել պատմություններ տարբեր պլատֆորմներում. տրանսմեդիա պատմություններ և քրոսմեդիա արտադրություն» խորագրով քննարկում, որը կվարի Ատոմ Էգոյանը: 17:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր սրահում կբացվի նաև լեհական ֆիլմերի ծրագիրը, իսկ 19:30-ին՝ Իշտվան Սաբոյի հետահայաց ցուցադրությունների ծրագիրը՝ օսկարակիր «Մեֆիստո» ֆիլմի ցուցադրմամբ: 21:30-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ սրահում երևանյան պրեմիերա է՝ Փոլ Քուրթիի «Սիրելու իրավունք» ֆիլմը: Այս ամենին հավելյալ կմեկնարկի «Երևանյան գիշերները» Սիրահարների այգում: Երեկոյան դիտումների բացումը կանի Օ Մուելի «Կարտոֆիլ» ֆիլմը:

 

Այս թեմայով