07 Հուլիս 2013, 09:53
1568 |

Բարդույթազերծ Արամ MP3-ն

Երգը կոչ է բոլորին՝ սեփական կյանքն ապրել սեփական որոշումներով ու շատ կարևոր հարցերում նախաձեռնություն ցուցաբերել։

Շոուբիզնեսում Արամ MP3-ին ճանաչում բերեցին առաջին հերթին նրա երաժշտական ընդունակություններն ու ուրույն ոճը։ Երգը հումորային ժանրում նրա կատարմամբ սովոր էինք տեսնել ավելի շատ նմանակումների կարգավիճակում։ Ակումբային հումորի համատեքստում այս համարները հանդիսատեսը լավ ընդունեց՝ համոզված, որ Արամ MP3-ը ժամանակակից փոփ երաժշտության գիտակ է ու ձայնային գերազանց տվյալներ ունի։ «Երկար ժամանակ շատերն ինձ հարցնում էին՝ ինչու չեմ երգում։ Ու ես բախվեցի մի խնդրի. ո՞րն է իմ ձայնը: Ախր հանդիսատեսից ու իմ ընկերներից բացի ես ինքս էլ էի ինձ ճանաչում ուրիշի ձայնով։ Նմանակումները թույլ չէին տվել պարզել՝ ինչպիսի՞ն է իմ սեփական ձայնը։ Երգեցի. ձայնս ինձ բոլորովին դուր չեկավ, մեծ սթրես էր՝ լսել ու այդաստիճան չհավանել»։ Խոստովանում է՝ այդ բարդույթն իրեն երկար ժամանակ հետապնդեց, ինչի պատճառով չէր համարձակվում սեփական ձայնով հանդես գալ։

Ժամանակ էր հարկավոր. ընկերները օգնեցին, սկսեց երգել։ Հիմա էլ՝ այլ մտավախություն. իսկ եթե լավ չստացվի՞, ու հանդիսատեսին դուր չգա, չընդունվի՞։ Այնուամենայնիվ, մի կերպ հաղթահարեց անհանգստությունները։ Սեփական ձայնով երգելու, հեղինակային երգերով հանդես գալու որոշումը, միևնույն է, երկար ժամանակ պահանջեց։ Առաջին երգն իր ձայնով երգել է Շպրոտի հետ։ Հանդիսատեսի արձագանքը սրտապնդել է, ինքնավստահությունն էլ չի ուշացել։ Հաջորդ երգը Shin-ն էր։ Արամ MP3-ն այն հաջողված է համարում՝ դատելով հեռուստադիտողի գնահատականներից։

Իսկ հիմա Արամը նոր երգ է գրել. տեսահոլովակն էլ արդեն պատրաստ է ու հենց հուլիսի 7-ին կհանձնվի համացանցին ու հեռուստաալիքներին։ If I Tried երգի խոսքերը գրել է Vitamin clube-ի Գարիկ Պապոյանը, երաժշտությունը՝ Արամ MP3-ը, գործիքավորումը DJ Սերժոյինն է, տեսահոլովակի ռեժիսորն է Սերժ Գաբյանը։ 3 ամիս է պահանջվել տեսահոլովակը նկարահանելու համար. գրաֆիկական աշխատանքը բարդ է եղել։ «Փորձել ենք չնմանակել, չկրկնօրինակել որևէ մեկին՝ սկսած իմ դեմքի անիմացիայից մինչև գրաֆիկական հնարքներ։ Երգն իր ոճով միքս է, ասելիքը՝ խորն ու փիլիսոփայական։ If I Tried. եթե ես փորձեի... անգամ անգլերեն չիմացողը երգից շատ բան կհասկանա, կմտորի, եզրակացություններ կանի։ Ես պատմում եմ մարդկային արժեքների մասին: Եթե մարդն ապրի իր սրտի ու մտքի, և ոչ թե հասարակության կարծիքի թելադրանքով, կլինի ինքնաբավ ու կտնօրինի իր կյանքը», - մեկնաբանում է երգիչը։

If I Tried-ը գրվել է զգացումների կուտակման արդյունքում՝ քաղաքի թոհուբոհից հեռու, մի դատարկ սենյակում: Ինչո՞ւ անգլերեն՝ Արամի կարծիքով իր հորինած երաժշտությանը հայերեն խոսքեր չէին սազի։ Երաժշտության ոճն ինքնին թելադրել է անգլերեն խոսքեր։ Հայերեն էլ է փորձել, բայց չի հավանել.այն էմոցիաները, որ արտահայտել է անգլերեն, հայերենով դրսևորել չի կարողացել։ If I Tried-ը ներգրավվելու է Արամի երգացանկում, հուլիսյան մենահամերգին նույնպես հնչելու է։ «Այս երգը պետք է լիներ իմ առաջին սինգլը, բայց ինչ-ինչ պատճառներով Shin-ն առաջ ընկավ, ու If I Tried-ը, որի վրա՝ որպես հեղինակային երգ, ավելի շատ եմ աշխատել, դարձավ երկրորդը», - ափսոսում է երգիչը։

Արամ MP3-ը նոր երգերի վրա է աշխատում, պատրաստվում է ձայնասկավառակ թողարկել՝ լի հեղինակային երգերով։ Հումորային ակումբի ելույթներում վերջերս հազվադեպ է հանդես գալիս, ավելի շատ է ժամանակ տրամադրում երգեր գրելուն ու ձայնագրություններին։

Այս թեմայով