07 Հուլիս 2013, 00:19
947 |

Կիսամերկ, երկարամազ խաղաղություն

Ռոք, ջազ, ֆոլք. համերգային կաթսայում եռում ու հանդիսատեսից յուրաքանչյուրին իր ճաշակին համապատասխան երաժշտական ապուր էին բաժանում խաղաղության սիմվոլը կրող երիտասարդները:

Սիրահարների այգում, որպես կանոն երեկոյան ժամերին ասեղ գցելու տեղ չի լինում, ազատ նստարան գտնելը եզակի հաջողություն է Սակայն հուլիսի 6-ի երեկոյան այգում նստարանները թափուր էին, իսկ տրամադրությունը՝ առավել, քան թեժ: Այցելուները լքել էին իրենց ստվերները՝ այգու ամֆիթատրոնում վայելելու «Քաղաքացիական ֆորում» ՀԿ-ի կազմակերպած «Խաղաղության ձայներ» էքսպերիմենտալ երաժշտության փառատոնը:

Հայաստանի, Լեհաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Հյուսիսային Իռլանդիայի երիտասարդ երաժիշտներն արդեն մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում են: Հինգ երկրներից յուրաքանչյուրը ներկայացել էր իր երաժշտական խմբով, բայց փառատոնն էքսպերիմենտալ չէր կոչվի, եթե երիտասարդները չարդարացնեին անվանումը: Դիլիջանում անցած վեցօրյա փորձերի արդյունքում խմբերը ցրվել և վերաձևավորվել էին նորովի՝ վերածվելով յուրօրինակ միջազգային երաժշտական բենդեր:

Սիրահարներում հնրող երաժշտությունը բազմաժանր էր: Հենց Հայաստանում նորաստեղծ միջազգային խմբերը հատուկ այս երեկոյի համար գրել էին երգեր, որոնց ոճային բազմազանությունը կգոհանցեր անգամ քմահաճ երաժշտասերներին: Ռոք, ջազ, ֆոլք. համերգային կաթսայում եռում ու հանդիսատեսից յուրաքանչյուրին իր ճաշակին համապատասխան երաժշտական ապուր էին բաժանում երկարամազ ու խաղաղության սիմվոլներ կրող երիտասարդները:

Բեմում վազվզող կիսամերկ, երկարամազ ու բեղավոր երիտասարդներն առաջին հայացքից 60-ականների եվրոպացի հիպպիներին էին հիշեցնում: Իրականում նրանք հարևան Վրաստանի «Ակրդալուլի Խիլի» կամ «Մոռացված միրգ» ռոք խմբի տղաներն էին: Խմբի չորս անդամներից մեկը Լաշան է, մյուս երեքի էլ անվանակիցներ են. Երեքն էլ կրում են Թոռնիկե անունը: Լաշան նշեց, որ ուրախ է ներկա գտնվել մի փառատոնի, որի նպատակն է երաժշտության միջոցով աջակցել խաղաղությանը: «Մեր երկրները տարբեր ժամանակներում եղել են հակամարտությունների մասնակիցներ ու մենք լիովին գիտակցում ենք, թե որքան կարևոր է խաղաղությունը, հատկապես, երբ այն քարոզվում է մշակույթի միջոցով:»

Մասնակից 5 երկրներն էլ երբեմն ունեցել են տարբեր հակամարտություններ: Նրանցից ոմանք հաղթահարել են դրանք, ոմանք դեռ հաղթահարման փուլում է: Սիրահարների այգու բեմից թուրք, հայ, իսլանդացի ու լեհ երաժիշտները տարբեր երաժշտական ոճերում կողք-կողքի երգում էին բոլոր լեզուներով հասկանալի Խաղաղության մասին: 

Այս թեմայով